Դեկտեմբերի 27-ին Գարեգին Երկրորդ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ղազար քահանա Պետրոսյանը: Այդ մասին հայտներ էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Տնօրինության համար հիմք է ծառայել Ղազար քահանայի կողմից հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ դրսևորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելը: Տեր Ղազարն էլ սակայն իր հերթին գահընկեց է արել կաթողիկոսին նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջի գրառմամբ, Տեր Ղազարը այդ եկեղեցու հոգևոր հովիվն էր. «Գահընկեց է հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին բ Ներսիսյանը: Կուսակրոնության ուխտը խախտելու, Հավատացյալ Հայ Քրիստոնեաներին հալածելու և Քրիստոնեա Հայաստանին թշնամաբար վնասելու համար գահընկեց է հռչակվել Գարեգին բ Ներսիսյան Ամենայն Հայոց կաթողիկոսը և հետայսու կդասվի աշխարհականների շարքը` Կտրիճ Ներսիսյան անունով»,- ասված է գրառման մեջ:
Այնուհետ Տեր Ղազարն է գրառում արել. «Մայր Աթոռի մամլո դիվանից, հրապարակել են իրենց քմհաճույքը, չենք ընդունում, հրաժարվելով հրաժարվում ենք քմահաճ և հակականոնական բոլոր գրություններից»: