ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր լիազորությունները կփոխանցի փոխնախագահ Կամալա Հարիսին, երբ նա հիվանդանոցում անզգայացման կենթարկվի՝ սովորական բժշկական զննության շրջանակներում։ Այս մասին, ըստ Bloomberg-ի, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Ինչպես եղավ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ, երբ նա անցավ նույն ընթացակարգը 2002 և 2007 թվականներին, և Սահմանադրության համաձայն, նախագահ Բայդենը կարճ ժամանակով իշխանությունը կփոխանցի փոխնախագահին, երբ կգտնվի անզգայացման մեջ»,- ասել է նա։
Բայդենը ընթացակարգը կանցնի ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին՝ իր 79-ամյակին նախորդող օրը։ Այս դեպքը լիազորությունների առաջին ժամանակավոր փոխանցումն է փոխնախագահին ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո:
Փսակին նաև հավելել է, որ ուրբաթ կեսօրին Սպիտակ տունը կներկայացնի գրավոր զեկույց երկրի նախագահի առողջական վիճակի մասին՝ հիմնվելով բժշկական զննումների արդյունքների վրա։ Մինչ Բայդենը հիվանդանոցում կլինի, ԱՄՆ փոխնախագահը կաշխատի Սպիտակ տան արևմտյան թևում գտնվող իր գրասենյակից։
Մարտին Բայդենը Ատլանտայում ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսն իրենից խելացի է։