Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սալամ ալ-Ջանաբին հայտարարել է, որ երկիրը վերապրում է աշխարհի ամենածանր ճգնաժամերից մեկը: Նրա կարծիքով՝ հանրապետության առողջապահական համակարգն ու սոցիալական ծառայությունները գտնվում են կոլապսի շեմին։ Բացի դրանից, երկրում աճում են պարենի հետ կապված խնդիրները։ Աֆղանստանցիների մեծ մասը թերսնված է:
Պաշտոնյայի կարծիքով՝ իրավիճակը ծանր էր արդեն այս տարվա սկզբին: Հանրապետության բնակչության կեսը մարդասիրական օգնության կարիք ուներ, այդ թվում՝ 10 միլիոն երեխա։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչների իշխանության գալու պատճառով ավելի ու ավելի շատ ընտանիքներ հայտնվում են հումանիտար ճգնաժամի շեմին։ Ըստ կանխատեսումների՝ մոտ ժամանակներում բնակչության ավելի քան կեսին կսպառնա սուր սով։ Մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում կաճեն սուր թերսնման դեպքերը:
Ալ-Ջանաբին Աֆղանստանի ընթացիկ հումանիտար կարիքների համար անհրաժեշտ ծախսերը գնահատել է 192 միլիոն դոլար: ՅՈՒՆԻՍԵՖ-ի դոնորներն արդեն հատկացրել են անհրաժեշտ գումարի մոտ 70%-ը։