Ներքին 4 տարի առաջ - 19:17 01-10-2021

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Չեխիայի ԱԳ նախարարն իր երկրի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ առկա է համագործակցության ընդլայնման չօգտագործված մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Կուհանեկի այցի արդյունքում այդ չօգտագործված ներուժից ևս մեկ բաժին կիրացվի: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Չեխիայի գործադիր մարմնին՝ Եվրոպական միության շրջանակում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու համար:

Յակուբ Կուհանեկը նշել է, որ Չեխիան ևս առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Չեխիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ինչը կնպաստի երկկողմ բիզնես կապերի խորացմանն ու համատեղ ներդրումային ծրագրերի քննարկմանը և իրականացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Եվրոպական միության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ դրամի ներդրումային փաթեթի կարևորությունը և վստահություն հայտնել, որ դրա շրջանակում նախատեսվող ծրագրերում ևս Հայաստանի ու Չեխիայի կառավարությունները կարող են սերտորեն համագործակցել:

Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին ու դրանց կետերի իրականացմանը՝ նկատելով, որ ադրբեջանական կողմն ի հեճուկս ստանձնած պարտավորությունների՝ մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման անհրաժեշտությւնը և հիշեցրել, որ հայկական կողմն այս խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ: Վարչապետը հավելել է, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը և ողջունել Նյու Յորքում ՄԽ համանախագահության շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Վարչապետը կարևորել է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն ու Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ:

Յակուբ Կուհանեկը Չեխիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և նշել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին Չեխիայի ԱԳ նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի՝ Չեխիա այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը սիրով ընդունել է հրավերը և իր ջերմ ողջյունները փոխանցել Անդրեյ Բաբիշին:


© factor.am

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի