Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:59 03-08-2021

Սյունիքի Տեղ համայնքի Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր հատվածներում, բացի հայկական բանակից, մարտական հերթապահություն են իրականացնում կամավորները․ «Փաստինֆո»

Սյունիքի Տեղ համայնքի Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր հատվածներում, բացի հայկական բանակից, մարտական հերթապահություն են իրականացնում կամավորները։ «Փաստինֆո»-ին հայտնեց ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը։

Ադրբեջանական կողմում ԶՈՒ-երի կուտակումներ կան, սահմանամերձ գյուղի տղամարդիկ՝ կամավորագրվելով որոշել են լինել զինվորի կողքին, ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը։

Համայնքի ղեկավարներից մինչև հասարակ գյուղացի՝ զենք են ստանում ու ծառայության անցնում։ Կամավորները զինված են, ստացել են պետական զենքեր, կարգով՝ ստորագրությամբ։ Շարժական հերթապահություն են անում գյուղի ծայրամասերում, զինվորից ոչ շատ հեռու։

«Իրենք երեկոյան զենք են վերցնում ու գնում կանգնում են զինվորի կողքին։ Անում են շրջիկ ծառայություններ, որովհետև թուրքը համարյա քթների տակ է։ Կամավորները նաև պարեկային ծառայություն են իրականացնում»։

Սյունիքում լարվածություն այս օրերին շատ չի նկատվում։ Ադրբեջանական կողմը օրեր առաջ ոչ նպատակային կրակոցներ է արձակել Արավուսում՝ բնակիչների մոտ տագնապ առաջացնելու մտադրությամբ։ Հայկական կողմը թշնամու՝ օդ կրակոցներին պատասխանելու իմաստ չէր տեսնում՝ ափսոս էին փամփուշտները։

«Արավուսի ուղղությամբ կրակոցներ եղան, բայց ոչ թե դիպուկ կրակոցներ էին, այլ կրակային իմիտացիա։ Օդ էին կրակում վառվող փամփուշտներով՝ լուսացրողներով։ Հետո ռուսները շատ մոտ են այդ հատվածում՝ 13 մետր հեռավորության վրա, բարձրացել են այնտեղ ու բանակցություններ վարել։ Մեր հերթապահության ժամանակ ուրիշ ոչինչ չենք տեսել»։

Ազատամարտիկը պնդում է՝ ինժեներական աշխատանքները ադրբեջանցիները գերազանց են իրականացրել։ Հայկական կողմը դեռ աշխատանքներ է անում, բայց այն չէ, ինչ պետք է։ Ադրբեջանական կողմը գերազանց հարձակողական դիրքեր է կառուցել՝ պաշտպանական շրջանում գերիշխող են։ Դիտարկմանը, որ ռուս սահմանապահների տեղակայման հարցը կարող է սպասվածից երկար տևել ու թշնամին կարող է նաև կտրուկ քայլերի դիմել, Մարգարյանը նշեց՝ կարևոր է պատրաստ լինել։

«Թող մեզ միայն զինեն ու վերջ, մենք կպահենք ու կապ չունի որտեղից ենք։ Երևանը 57 կմ է հեռու, գիտեն գերծայրահեղ ապահո՞վ են՝ թող մեզ զինեն։ Պատերազմը մութ կետեր ուներ, բայց մարդկանց միտքը պայծառացել է՝ պատրաստակամությունը և միասնությունը կհաղթի։ Հիմնական հարվածային ուղղությունը լինելու է Սյունիքը։ Թուրքական և Ադրբեջանական շահերը համընկնում են ոչ թե Գեղարքունիք կամ այլ մարզում, այլ Սյունիքում»։

Ազատամարտիկը նշում է՝ թշնամին նույնն է, ձեռագիրը չի փոխվել ու սիրում են հանկարծակի հարձակվել։

«Նա հասկանում է, որ եթե դու դիմադրության պատրաստ ես, քչերը հարձակման կգան։ Հարձակումները կարող են հանկարծակի լինեն, պետք է պատրաստ լինել»։