Ներքին 58 րոպե առաջ - 19:43 20-10-2026

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ԱԺ ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի օգտին քվեարկելու պայմանով 3 անձի առավելություն տրամադրելու մեջ

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ԱԺ ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի օգտին քվեարկելու պայմանով 3 անձի առավելություն տրամադրելու մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման հաղորդման հիման վրա 2026 թվականի օգոստոսի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը 2026 թվականի հունիսի 07-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ընտրելու իրավունք ունեցող երեք անձանց տրամադրել է առավելություն:

Վերջինս, մասնավորապես, կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման ամսական 500կՎտ ժամ ծախսի սուբսիդավորման արտոնությունից օգտվելու նպատակով, իսկ մյուս դեպքում՝ տրամադրել է բովանդակությամբ կեղծ՝ անասնապահությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով բանկում գյուղատնտեսական վարկ ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, երկու քաղաքացիներին տրամադրել է գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով ՀՀ առևտրային բանկերում գյուղատնտեսական վարկեր ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար՝ այդ կերպ վերջիններիս օժանդակելով պետությունից՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից խարդախության եղանակով հափշտակությանը։

Համայնքապետարանի պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով), 445-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) և 46-255-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը մասնակի բավարարվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Քրեական գործը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է