Վեհարանի վրա գրոհից հետո ժողովրդի մի մասի մոտ նկատելի է հուսահատություն։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մեկը մյուսից սադրիչ գրառումները խուճապ, զայրույթ և ատելություն են սփռում հանրության շրջանում։ Արդյոք օրենքի սահմաններո՞ւմ է գործում նա, վերջինիս կողմից ուժայիններին ուղիղ հանձնարարականներ տալը, ԱԱԾ գործողությունները հրապարակելը օրինակա՞ն են։
Oragir․News-ը զրուցել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ՝ փորձելով ստանալ վերը նշված հարցերի պատասխանները։
«Թեկուզև ուժային կառույցները՝ ԱԱԾ, Ոստիկանություն, քննչական մարմիններ, փաստացի գործում են վարչապետի ենթակայության ներքո, այդ մարմինների ղեկավարները նշանակվում են նրա կողմից, հետևաբար՝ առկա է վարչապետի ուղիղ վերադասություն։ Ես դեռ վաղուց եմ ասել՝ պետք է օրնեսդրորեն հստակեցնել, թե օրինակ՝ ԱԱԾ մասով, լիազորությունների ի՞նչ շրջանակ ունի վարչապետը։ Ասենք՝ կարո՞ղ է ծանոթանալ գործակալների անձնական գործերին կամ տեղեկանալ ընթացիկ օպերատիվ աշխատանքներին: Բացի այդ՝ պետք է բարձրացնել տնօրենի ստատուսը, տալ անկախության երաշխիքներ, թեկուզ դատավորների օրինակով, այլապես վարչապետը ցանկացած պահի, կամայական, առանց հաշվետու լինելու կարող է ազատել նրան ծառայությունից»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հարցին՝ արդյոք վարչապետն իրավունք ունի՞ իրեն հասու տեղեկությունը հանրայնացնելու, քննարկման առարկա դարձնելու, առհասարակ, գաղտնիություն պարունակող նյութերին ունի՞ հասանելիություն, Համբարձումյանը նշեց․
«Այսօր գործող օրենսդրությամբ՝ վարչապետն իրավասու չէ ինքնուրույն ծանոթանալ օպերատիվ կամ քրեական գործերի նյութերին, սակայն նա կարող է ստանալ ամփոփ զեկույցներ, վերլուծություններ իրավապահ մարմինների ղեկավարներից պետական մակարդակով որոշումներ կայացնելու համար: Ահա այս մակերեսային կարգավորման արդյունքում է, որ վարչապետը մանրակրկիտ տեղեկություններ է ստանում իրեն հետաքրքրող շրջանակների վերաբերյալ: Սակայն դա չի նշանակում, որ վարչապետը կարող է հրապարակել այդ զեկույցների արդյունքում իրեն հասու դարձած այս կամ այն բնույթի տեղեկությունները՝ դիվիդենտներ շահելու կամ այլ նպատակներով»:
Մեր զրուցակցի խոսքով՝ օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն ունեն պետական գաղտնիքի ստատուս, ուստի՝ ինչպես դրանց, այնպես էլ նախաքննական տվյալների հրապարակումը, որպես կանոն, առաջացնում է քրեական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է Եկեղեցուն առնչվող Փաշինյանի «բացահայտող» գրառումներին, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց․
«Տվյալ դեպքում, եկեղեցուն առնչվող տեղեկությունների ստացման աղբյուրը կարող է զանազան լինել, այդ թվում՝ ԱԱԾ-ն, պարզապես պետք է հասկանալ, թե արդյոք օրինակա՞ն է գործել ԱԱԾ-ն դրանք ստանալիս, թե՞ խախտվել են մարդու հիմնարար իրավունքները. միևնույնն է՝ դա վաղ թե ուշ պարզվելու է:
Եթե պայմանականորեն ընդունենք, որ ԱԱԾ-ն է ստացել ու տրամադրել վարչապետին, ապա վերջինս որևէ պարագայում, որևէ պատճառաբանությամբ իրավունք չունի դրանք անձամբ կամ այլ եղանակով հրապարակել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր, եթե բոլորս, այդ թվում և ես, սկսեինք հրապարակել կամ այլ կերպ օգտագործել ծառայության ընթացքում մեզ հասու դարձած ինֆորմացիան... Դա անթույլատրելի է, ավելին՝ հանցագործություն...»։
Իսկ թե ԱԱԾ նախկին տնօրենն ինչպես է վերաբերվում Մայր Աթոռի վրա ԱԱԾ դիմակավորված անձանց ներխուժման փաստին, և թե արդյոք նախկինում՝ իր իշխանության ժամանակ, նման սցենար հնարավո՞ր էր, մեր զրուցակիցը պարզաբանեց․ «ԱԱԾ աշխատակիցների ներխուժումը Մայր Աթոռ համարում եմ անհիմն և չարդարացված. այն նման էր ուժի ցուցադրության՝ չապահովված որևէ օբյեկտիվ անհրաժեշտությամբ: Նման բան պարզապես չէր կարելի անել:
Սրբազան Միքայել Աջապահյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, հետևաբար՝ նրան ձերբակալելու, կալանավորելու անհրաժեշտություն չկար. քրեական գործերով, որպես կանոն, նման մեղադրանքներով կիրառվում են անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցներ: Նույնիսկ, եթե որոշել էին ձերբակալել ու կալանավորել, անթույլատրելի էր ընտրված տեղը, ցուցադրական եղանակը: Նրանք կարող էին, ավելին՝ պարտավոր էին դա անել շատ ավելի կոռեկտ, հանգիստ տեղում, պայմաններում՝ զերծ պահելով Մայր Աթոռը ցնցումից: Այլ իրավիճակ կլիներ, եթե հավաստի տեղեկություններ, փաստեր լինեին, որ օրինակ՝ Մայր Աթոռի տարածքում նախապատրաստվում է ծանր կամ առանձնապես ծանր որևէ հանցագործություն և կա հրատապ ու անակնկալ ուժային գործողություններ իրականացնելու խիստ օպերատիվ անհրաժեշտություն: Նույնիսկ այս պարագայում ԱԱԾ-ն պետք է ձգտեր նվազագույնի հասցնել միջոցառման հանրայնացումը՝ Եկեղեցու հեղինակությանը հասցվող վնասը հնարավորինս նվազեցնելու համար: Այս տարիների փորձը վկայում է, որ զգուշավորություն պետք է դրսևորել՝ ուժային գործողությունների լուսաբանման, հանրայնացման հետ կապված, քանի որ դրանք կարող են օգտագործվել քաղաքական և այլ նպատակներով»։
Հասմիկ Մովսիսյան