Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, շուրջ 30-ը, այդ թվում՝ 15 հրշեջ, վիրավորվել են:
Հրդեհը բռնկվել է հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով մոտ ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00), Ֆոնտենե-սու-Բուայի Լարիս թաղամասի Մարտին Լյութեր Քինգի փողոցի 1 հասցեում։ Փարիզի ոստիկանության պրեֆեկտը հայտնել է, որ կրակը մարելու և բնակիչներին օգնելու համար դեպքի վայր է մեկնել ավելի քան 130 հրշեջ։
Ինչպես հաղորդում է La Libre-ը՝ հղում անելով Փարիզի հրշեջ ծառայությանը, հրդեհը տարածվել է 18-հարկանի շենքի 11-րդ հարկի երկու բնակարանում։
Հրշեջները նշել են, որ բնակարաններից մեկում կուտակված կահույքն ու աղբը նպաստել են կրակի տարածմանը։
Քաղաքային իշխանությունները հայտնում են, որ հրդեհը մեկուսացված է, իսկ գազի արտահոսքի վտանգը՝ բացառված։ Հրշեջները շարունակում են մնալ դեպքի վայրում, իսկ տեղի դպրոցում բացվել է ընդունելության կենտրոն տուժած բնակիչների համար։ Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ։