ԱՄՆ-ի հայկական սփյուռքի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկը՝ Ամերիկայի հայկական թանգարանը (Armenian Museum of America), սկսել է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում գտնվող իր պատմական շենքի արտաքին տեսքի լայնածավալ վերանորոգման աշխատանքները։
Նախագծի նպատակն է արդիականացնել շենքի արտաքին տեսքը, այն ավելի գրավիչ և այցելուների համար հասանելի դարձնել՝ միաժամանակ պահպանելով բրուտալիզմի ճարտարապետական ոճին բնորոշ առանձնահատկությունները։ Այս մասին հայտնում է Dialogorg.ru-ն։
Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են այս աշնանը։ Առաջին փուլի պայմանագրերը կնքվել են հոկտեմբերին։ Նախատեսվում է, որ շենքի ճակատի և ցուցանակների նորացման աշխատանքները կավարտվեն մինչև 2026 թվականի վերջը։ Վերանորոգման ընթացքում թանգարանը շարունակելու է գործել՝ պահպանելով ցուցասրահների հասանելիությունը այցելուների համար։
Նախագիծն իրականացվում է Քեմբրիջում գործող ճարտարապետական և դիզայներական հեղինակավոր SMMA (Symmes Maini & McKee Associates) ընկերության համագործակցությամբ։ Նախաձեռնության անվճար խորհրդատուն SMMA-ի նախկին ղեկավար, թանգարանի ցմահ անդամ Արա Կրաֆյանն է։
Թանգարանի նախագահ Միշել Մ. Քոլիգյանի խոսքով՝ նախագծի հիմնական մարտահրավերը շենքի պատմական դիմագծի և բրուտալիզմի ճարտարապետական ոճի պահպանումն է՝ միաժամանակ այն առավել գրավիչ դարձնելով Մեյն սթրիթով անցնող այցելուների և զբոսաշրջիկների համար։ Նրա խոսքով՝ շենքի ճարտարապետական առանձնահատկություններն ինքնին թանգարանի մշակութային ժառանգության կարևոր մասն են։ Հատկանշական է, որ Մեյն սթրիթը Մասաչուսեթս նահանգի պաշտոնապես ճանաչված մշակութային շրջաններից է։
Ամերիկայի հայկական թանգարանը հիմնադրվել է 1971 թվականին՝ Մեծ Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Սկզբնապես այն գործել է Ամերիկայի հայկական գրադարան և թանգարան (ALMA) անվամբ։
Հիմնադիրների գլխավոր նպատակն էր պահպանել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի՝ ԱՄՆ տեղափոխած ընտանեկան մասունքները, ձեռագրերը, գրքերը և կենցաղային իրերը՝ դրանք փոխանցելով գալիք սերունդներին։
Հիմնադրումից 17 տարի անց՝ 1988 թվականին, թանգարանը մշտական հաստատություն է ձեռք բերել Ուոթերթաունի հրապարակում։ Սթիվեն Փափքենի և Մարի Գրեյվս Մուգարի անունը կրող շենքը կառուցվել է 1971 թվականին՝ ճարտարապետական հայտնի Ben Thompson Associates ընկերության նախագծով։
Ձուլված բետոնից կառուցված շինությունն այսօր համարվում է բրուտալիզմի ճարտարապետական ոճի ուշագրավ նմուշներից մեկը։ Նորոգման ծրագրի նպատակն է պահպանել այս ճարտարապետական ժառանգությունը՝ այն միաժամանակ հարմարեցնելով ժամանակակից այցելուների պահանջներին։