Ուղիղ եթեր
Ավելին 4 րոպե առաջ - 14:51 17-11-2026

«Վերածնվածը» գալիս է Հայաստան․ ֆիլմի ցուցադրությանը ներկա կլինեն միջազգային աստղերը

Կինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» (Revival) լիամետրաժ խաղարկային ֆիլմը Լոս Անջելեսում հաջողված ցուցադրություններից հետո «կգա» Հայաստան։

2027 թվականի մարտի 4-ին ֆիլմը մեծ էկրան կբարձրանա Հայաստանի բոլոր կինոթատրոններում։

Հայաստանյան ցուցադրությանը ներկա կլինեն ֆիլմի միջազգային աստղերը՝ հոլիվուդյան հայտնի դերասան Արմանդ Ասանտեն, գերմանացի դերասան Հայնո Ֆերխը, ռումինացի աշխարհահռչակ դերասանուհի Մայա Մորգենշտերնը, ինչպես նաև ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմի այլ անդամներ ու հատուկ հյուրեր։

Նոյեմբերի 9-ին «Վերածնվածը» ցուցադրվել է Լոս Անջելեսի Alex Theatr»-ում` համախմբելով բազմաթիվ հանդիսատեսների, կինոյի և արվեստի ներկայացուցիչների։ Warner Bros. Studios.-ի Steven J. Ross կինոթատրոնում հոկտեմբերի 3-ին կայացած հանդիսավոր առաջնախաղից հետո դա ֆիլմի հերթական կարևոր հանդիպումն է եղել ամերիկյան հանդիսատեսի հետ։

Երկու ցուցադրություններն էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել ֆիլմի նկատմամբ՝ ամրապնդելով դրա միջազգային ներկայությունը։

«Վերածնվածը» Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմն է՝ Հայաստանի, Կիպրոսի և Լիտվայի հետ համատեղ արտադրությամբ։ Գիտաֆանտաստիկ արտհաուս դրաման՝ ստեղծված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, անդրադառնում է 2020 թվականի պատերազմի իրադարձություններին, մարդկային հիշողությանը, արհեստական բանականությանը և մարդկային հոգու վերածննդին։