Ուղիղ եթեր
Ներքին Ուղիղ խոսք 15 րոպե առաջ - 14:30 17-11-2026

Արցախցիների շրջանում քաղցկեղի դեպքերի աճ կա, զոհվածների ընտանիքներում՝ նույնիսկ ինքնասպանություններ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Նախնյաց հետքերով» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, իրավաբան Սայիդա Պողոսյանը Oragir.News-ի տաղավարում ներկայացրել է արցախցիների սոցիալական վիճակը, պետական ծրագրերի խոչընդոտներն ու վերջիններիս շրջանում խորացող հոգեբանական խնդիրները։

Սայիդա Պողոսյանի խոսքով՝ աջակցության ծրագրի կրճատումը ծանր հարված է հասցրել հատկապես բազմազավակ և խոցելի ընտանիքներին՝ նրանց կանգնեցնելով բնակվարձը վճարելու անկարողության և դրսում հայտնվելու իրական վտանգի առաջ։

«Երբ աջակցությունը նվազեցվում է մինչև 15 000 դրամ, մարդիկ հայտնվում են անելանելի դրության մեջ։ Ունենք 6 երեխա ունեցող ընտանիք, որտեղ հայրը պատերազմի մասնակից է և ունի հաշմանդամություն, մայրը նույնպես հաշմանդամություն ունի։

Անգամ աշխատանք գտնելու դեպքում այդ գումարներն ու կենսաթոշակը հազիվ բավարարում են բնակվարձին, իսկ կոմունալ, դեղորայքային և սննդի ծախսերը մնում են չհոգացված»,- նշում է Պողոսյանը։ Նրա դիտարկմամբ՝ մեկ ընդհանուր որոշումը չի կարող լուծել բոլորի խնդիրները, ուստի անհրաժեշտ է ներդնել ճկուն համակարգ՝ անհատական դեպքերը վերանայելու համար։

Ամենօրյա ռեժիմով շփվելով հարյուրավոր ընտանիքների հետ՝ ՀԿ-ի ղեկավարն առանձնացնում է մի շարք տեխնիկական ու իրավական խոչընդոտներ, որոնց պատճառով մարդիկ զրկվում են անգամ խոցելի խմբերին հասանելիք աջակցությունից կամ աշխատանքի իրավունքից։

Ամենախոցելի խումբը տղամարդիկ են, հատկապես՝ նախկին զինվորականները։ Նրանք բախվում են զինգրքույկների, անձնական փաստաթղթերի և ՀՀ քաղաքացիության հետ կապված բյուրոկրատական արգելքների։

Առանց ՀՀ քաղաքացիության բանակում աշխատելն անհնար է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության թափուր հաստիքների համար դիմած արցախցի զինվորականները հաճախ մերժվում են անհիմն պատճառաբանություններով։ Տեխնիկական և փաստաթղթային անճշտությունների պատճառով բազմաթիվ ընտանիքներ դուրս են մնում սոցիալական ծրագրերի շահառուների ցանկից՝ հայտնվելով համակարգային փակուղում։

Արցախցի բժիշկների մոտ 60-70 տոկոսին հաջողվել է աշխատանք գտնել բժշկական հաստատություններում։ Ուսուցիչները նույնպես, անցնելով համապատասխան ատեստավորում, լրացնում են դպրոցներում առկա մանկավարժների բացը։ Կանանց մի մասն էլ դրամաշնորհային ծրագրերի միջոցով հիմնում է փոքր բիզնեսներ։

Բացի նախկին զինվորականներից, լուրջ խնդիրների առաջ են կանգնած գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվողները, որոնք չեն կարողանում շարունակել իրենց գործունեությունը՝ արոտավայրերի բացակայության և պայմանների անհամապատասխանության պատճառով։

Առանձնահատուկ բարդ է 65 տարեկանից բարձր անձանց և զինհաշմանդամների վիճակը, որոնց համար նոր մասնագիտություն ձեռք բերելը գրեթե անհնար է, իսկ զինհաշմանդամների մոտ առաջանում է հասարակությանն անպետք լինելու ծանր զգացողություն։

Սոցիալական անորոշությունը հանգեցրել է ծանր հոգեբանական հետևանքների և հիվանդությունների (մասնավորապես՝ քաղցկեղի) աճի։

Պողոսյանը մտահոգությամբ փաստում է, որ զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներում գրանցվել են անգամ ինքնասպանության դեպքեր, երբ տղամարդիկ աշխատանք չգտնելու և ընտանիքը պահել չկարողանալու բեռի տակ դիմել են ծայրահեղ քայլերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան