Ուղիղ եթեր
Ներքին 10 րոպե առաջ - 16:32 16-11-2026

60 հարց՝ 3 ժամում և բուհական մակարդակի պահանջներ․ դասվարներին ենթարկում են բուլինգի․ ահազանգ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Նոյեմբերի 15-ին կայացած դասվարների կամավոր ատեստավորումը լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել տարրական դասարանների ուսուցիչների շրջանում։ Ըստ մասնակիցների նախնական հաշվարկների՝ ատեստավորմանը մասնակցած դասվարների ավելի քան 80 տոկոսը չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Պատճառը, ինչպես Oragir.News-ի հետ զրույցում պնդում են մանկավարժները, ոչ թե իրենց մասնագիտական անպատրաստվածությունն է, այլ կազմված թեստերի անհամապատասխան բարդությունը, ժամանակի սղությունը և տարրական կրթության ծրագրերից կտրված առաջադրանքները։

Հանրապետության տարբեր մարզերի դասվարներից Oragir.News-ն ահազանգ է ստացել։ Նրանց խոսքով՝ այս տարվա թեստավորման գործընթացում արձանագրվել է պահանջների կտրուկ ու անհիմն խստացում՝ նախորդ տարվա համեմատ։
«Նախապես նշված էր, որ մաթեմատիկայի հարցերը լինելու են շրջանառության մեջ գտնվող, գործածվող դասագրքերից, սակայն դրանից ոչինչ չկար։ Անցյալ տարի 40 հարցի համար տրամադրվել էր 3 ժամ, իսկ այս տարի հարցերի քանակը դարձրին 60՝ դարձյալ թողնելով 3 ժամ, ինչի մեջ իրոք հնարավոր չէ տեղավորվել»,- նշում է մանկավարժներից մեկը։
Նա ընդգծում է, որ ժամանակի սղությունը պայմանավորված է ոչ միայն հարցերի թվի ավելացմամբ, այլև առաջադրանքների կառուցվածքով. «Բացի խնդիրները լուծելուց, դրանց տակ պետք է նաև տեսական հիմունքներ դուրս գրեինք։ Ամեն մի հարցին պատասխանելու համար տրվում է մոտ 3 րոպե, ինչն անհնար է. ես ինքս՝ 23 տարվա դասվար լինելով, չեմ կարողանում տեղավորվել»։
Թեստերը ներառել են մայրենի, մայրենիի մեթոդիկա, մաթեմատիկա, մաթեմատիկայի մեթոդիկա և «Ես և շրջակա աշխարհը» առարկաները։ Սակայն, ըստ ուսուցչուհու, առաջադրանքների բովանդակությունը կտրված է եղել 1-4-րդ դասարանների ուսումնական ծրագրերից։

«Լեզուն բարձրագույն լեզվաբանական մակարդակի էր, որով տարրական դպրոցի ոչ մի ուսուցիչ իր դասարանում չի առաջնորդվում։ Այդ թեմաները մինչև 4-րդ դասարան չեն քննարկվում. ես դպրոցն ավարտել եմ 34 տարի առաջ և տարրական դասարանում բարձրագույն լեզվաբանության կարիք չունեմ»,- ընդգծում է ուսուցիչներից մեկը։

Երկարամյա ուսուցչուհին մտահոգիչ է համարում նաև այն, որ սկզբնապես կամավոր հայտարարված գործընթացը փաստացի վերածվել է աշխատանքից ազատվելու սպառնալիքի։
«Սկզբում ատեստավորումը ներկայացվում էր որպես կամավոր, և բոլորս գնացինք մեր ուժերը փորձելու։ Առաջին տարին չանցանք, իսկ հաջորդ տարին այն դարձրին «կամավոր-պարտադիր», որի պատճառով չանցնելու դեպքում կանգնած ենք աշխատանքից ազատվելու վտանգի առջև»,- ասում է մեկ ուրիշ ուսուսցչուհի։
Հարցին, թե արդյոք միտում տեսնո՞ւմ են թեստերի նման բարդացման մեջ, մեր զրուցակիցներից մեկն ասաց. «Անհասկանալի է, թե ինչու են դասվարներին ենթարկում այսպիսի բուլինգի։ Ըստ հաշվարկների՝ դասվարների 80 տոկոսից ավելին քննությունը չի հաղթահարել։ Քննության ժամանակ հաշվի չեն առնում մարդկանց հոգեվիճակը։ Ուսուցիչները հայտնվում են ծանր հոգեբանական վիճակում, ունենում են առողջական խնդիրներ ու բարձր ճնշում»։

Դասվարները չեն պատրաստվում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ Արդեն իսկ ներկայացվել են բողոքարկման դիմումներ, իսկ առաջիկայում նախատեսվում են կոնկրետ քայլեր պատասխանատու գերատեսչության ուշադրությունը խնդրին հրավիրելու համար։

«Բողոքարկել ենք, դիմել ենք ուսուցիչների իրավունքների պաշտպանին և հիմա փորձում ենք հանդիպում նշանակել նախարար Ժաննա Անդրեասյանի հետ»,- նշում են մեր զրուցակիցները՝ տեղեկացնելով, որ պատրաստ են բողոքի ակցիա իրականացնել նախարարության շենքի դիմաց։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ