Խաղաղությունն, իհարկե, շատ կարևոր է պետության զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության համար։ Սակայն խաղաղության հետ կապված անհարկի շահարկումները ոչ միայն չեն մեծացնում խաղաղության դերն ու նշանակությունը, այլև կարող են արժեզրկել այն։ Մարդիկ կարող են անլուրջ վերաբերվել խաղաղության մասին խոսույթին։ Այսօրինակ հերթական վերացարկումն է արել Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին ուղիղ եթերում։
«Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա, և երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության անկյունաքարը»,- սոցցանցի իր էջում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ է Փաշինյանն անհարկի վերացարկում անում։ Կամ եթե նույնիսկ գնանք նրա մտքի հետևից, ապա ինչպե՞ս կարող է Հայաստանի հարատևության անկյունաքարը լինել Ադրբեջանի հետ կնքված խաղաղության համաձայնագիրը։
Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ պետությունների միջև կնքված խաղաղությունը հնարավորություն է տվել, որ պետությունները խաղաղ գոյակցեն, զարգանան, սակայն ոչինչ հարատև չէ։ Իհարկե՝ երազելի է, որ Հայաստանը միշտ անկախ լինի։ Սակայն դրա անկյունաքարը ոչ թե խաղաղությունն է, այլ ազգային իդեալը։ Պետությունները պարբերաբար պատերազմների մեջ են ներքաշվել ու խաղաղության պայմանագրեր կնքել, ընդլայնել պետության տարածքն, ազդեցության գոտին կամ տարածք կորցրել ու փոքրացել։ Բայց խաղաղության պայմանագրերը չեն երաշխավորել, որ այդ պետությունները միշտ անկախ կլինեն։
Օրինակ՝ Պրուսիան բազմաթիվ պատերազմներ է մղել ու խաղաղության պայմանագրեր կնքել, բայց հիմա այդպիսի երկիր քարտեզի վրա գոյություն չունի։ Խորհրդային միությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագրեր կնքեց, ընդլայնեց իր տարածքը, ազդեցության գոտին։ Այն գերտերություն էր։ Խաղաղության ամենամեծ ջատագովներից էր աշխարհում։ Բայց այդ կայսրությունն այսօր չկա, գոյություն չունի, վերացել է անվերադարձ։
Այլ բան է ազգային իդեալը։ Այն իսկապես պետության գոյության ռեալ անկյունաքարն է։ Օրինակ՝ Արտաշես Առաջինի սահմանած իդեալն է ապահովել Մեծ Հայքի առաջընթացը հետագա տարիներին, ոչ թե Հռոմի կամ Պարսկաստանի հետ կնքված պայմանագրերը։ ԱՄՆ-ի կենսունակությունը պայմանավորված է ոչ թե Անգլիայի կամ Մեքսիկայի հետ խաղաղության պայմանագրերով, այլ ամերիկյան երազանքով։ Այս մեծ երազանքն անվերջ թարմացվում է և նորանոր լիցք հաղորդում պետությանը։ Իսկ երբ պետությունը չունի ազգային իդեալ, ապա այն սպասարկում է այլ պետության գաղափարները, ընկնում այդ պետությունների ազդեցության տակ և վաղ թե ուշ կորցնում անկախությունը։
Ի վերջո՝ հարատևությունը քաղաքական կատեգորիա չէ։ Ցանկացած սթափ մարդ հասկանում է, որ երկրի վրա ոչինչ հարատև չէ։ Պետության կործանման ռիսկը մեծ է, երբ ղեկին դիլետանտ է կամ երբ երկրի ինքնիշխանությունը սահմանափակված է օտար պետության ռազմական ներկայությամբ։ Այս առումով՝ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես մտածում է պետության հարատևության մասին, ապա պետք է նպաստի քաղաքական համակարգի կայացմանը, որ իր նման քաղաքականապես թերուսները չհայտնվեն պետության ղեկին։ Եթե Փաշինյանն իսկապես անկյունաքար է ուզում դնել, ապա առաջին հերթին պետք է դուրս հրավիրի ռուսական զորքերը Հայաստանից, որոնք պոտենցիալ սպառնալիք են ՀՀ անկախության համար։
Կարճ ասած՝ Փաշինյանի վերացարկումները խաղաղության անկյունաքարային նշանակության մասին չափազանցված են։ Առավել օգտակար կլիներ, եթե սևեռվեին Հայաստանի անկախության ամրացման խնդրի վրա, ռուսական զորքերի դուրս հրավիրման, դեսովետիզացման, լյուստրացիայի, ժողովրդավարական բարեփոխումների վրա։ Այս դեպքում իսկապես կարելի հույս հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո պետությունը կամրանա, տնտեսությունը կզարգանա, ընդհանուր բարեկեցությունը կբարձրանա։ Իսկ հարատևության մասին անհարկի վերացարկումները կարող են արժեզրկել ոչ միայն խաղաղությունը, այլև անկախության պաշտպանության համար գործադրվող ամենօրյա ջանքերը։
Թաթուլ Մկրտչյան