2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահով ընտանիքներին ընտանիքի անդամի մահվան կապակցությամբ:
1lurer.am-ի ոխանցմամբ, այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը:
«Գործող օրենսդրությամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, որը կազմակերպում է կենսաթոշակառուի, անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը: Նոր կարգավորումներով նախատեսվում է թաղման նպաստ տրամադրել միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի հուղարկավորությունը կազմակերպած անձին: Օրենսդրական փոփոխությունների առանցքային փոփոխությունը սա է:
Նախատեսում ենք, որ նպաստը կվճարվի, եթե անձը մահացել է և հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում: Սա հնարավորություն կտա առցանց դիմումներով իրացնել թաղման նպաստի իրավունքը:
Իհարկե, այսօր էլ կա առցանց դիմումի միջոցով թաղման նպաստի ստացման իրավունքի իրացում, բայց առանձին դեպքերում անհրաժեշտ է լինում թղթային դիմում ներկայացնել: Կփորձենք բացառել թղթային դիմումը»,- ասաց նա՝ նշելով, որ թաղման նպաստի իմաստը հենց օպերատիվությունն է:
Թաղման նպաստի չափի փոփոխություն չի նախատեսվում։ Քաղաքացին կարող է նպաստի համար դիմել մահվան դեպքից հետո՝ 6 ամսվա ընթացքում։ Միաժամանակ նախատեսվում է կրճատել դիմում ներկայացնելուց հետո թաղման նպաստը ստանալու ժամկետը։
Նախատեսվում է, որ օրենքի դրույթները կկիրառվեն 2027 թվականի հունվարի 1-ից հետո մահացած անձանց նկատմամբ։ Արդյունքում ակնկալվում է 4,3–4,4 մլրդ դրամի խնայողություն, իսկ կենսաթոշակների չափերի բարձրացմանն ուղղվելու է 5,6 մլրդ դրամ։