Ներքին 49 րոպե առաջ - 20:54 21-08-2026

Մինչև ՔՊ-ի իշխանության գալը խաղաղություն էր տիրում․ Նիկոլն է բերել պատերազմը. Ալբերտ Բազեյան

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հաջակցություն Ավետիք Չալաբյանի՝ այսօր դատարանի բակում էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Oragir.News-ի հետ զրույցում նա խոսեց ոչ միայն Չալաբյանի քրեական գործի, այլև Հայաստանում դատական համակարգի, քաղաքական հետապնդումների և երկրի անվտանգային իրավիճակի մասին։

Բազեյանի խոսքով՝ Հայաստանի դատական համակարգն անկախ չէ, և գործող իշխանությունն ազդեցություն ունի դատավորների վրա։

«Հայաստանում գոյություն չունի անկախ դատարան։ Բոլոր դատավորներին նշանակում է գործող իշխանությունը, և նրանք կատարում են գործող իշխանությունների ապօրինի պահանջները»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով Ավետիք Չալաբյանի գործին՝ նախկին քաղաքապետը այն որակեց որպես շինծու քրեական հետապնդում։

«Ավետիք Չալաբյանի նկատմամբ ապօրինի, շինծու քրեական գործ են հարուցել և ապօրինաբար կալանավորել են։ Բացի Ավետիք Չալաբյանից, Հայաստանում մի քանի հարյուր այդպիսի ապօրինի կալանավորվածներ կան բանտերում, կալանավայրերում։ Բազմաթիվ մեր քաղաքացիներ ապօրինաբար կալանավորվել են գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով և քաղաքական պատվերով»,- ասաց Բազեյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանում իրական արդարադատություն հնարավոր կլինի միայն գործող իշխանության հեռացումից հետո։

«Հայաստանում կլինի արդարադատություն, իրական արդարադատություն միայն այն դեպքում, երբ մենք հեռացնենք այս գործող, ապազգային, թրքամետ իշխանություններին»,- կարծիք հայտնեց նա։

Բազեյանը խոսեց նաև առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին՝ դրանք դիտարկելով որպես իշխանափոխության հնարավորություն։

«Որևէ իշխանություն հավերժ չէ։ Շուտով գալու է այս իշխանության հեռացման ժամանակահատվածը։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին նախապատրաստվել հոկտեմբերին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պետք է հաղթել, հեռացնել այս իշխանությանը և ամբողջ Հայաստանում ոտքի հանել մեր ժողովրդին»,- հայտարարեց նա։

Զրույցի ընթացքում Բազեյանը անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, Արցախի խնդրին և իշխանության վարած արտաքին քաղաքականությանը։ Նա կոշտ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ պնդելով, որ վերջին տարիների քաղաքականության հետևանքով Հայաստանը դարձել է ավելի խոցելի։

«Մինչև Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության գալը խաղաղություն էր տիրում, չկար պատերազմ։ Նիկոլն է բերել պատերազմը։ Նիկոլը մեր տաղանդավոր, մեր հաղթական ժողովրդին տարել է պարտության»,- հայտարարեց Բազեյանը։

Նա նաև քննադատեց իշխանության կողմից խաղաղության գործընթացի վերաբերյալ հայտարարությունները և պնդեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ ներկայացնել։

«Անընդհատ ասում են՝ խաղաղություն ենք բերել, խաղաղություն ենք հաստատել, բայց որևէ խաղաղության պայմանագիր չկա։ Ընդամենը նախաստորագրված է մի փաստաթուղթ, որը որևէ իրավական ուժ չունի, քանի որ, նորից եմ շեշտում, Ալիևը բազմաթիվ պահանջներ է դնում»,- ասաց նա։

Բազեյանը մասնավորապես խոսեց Հայաստանի սահմանների և անվտանգության խնդիրների մասին՝ պնդելով, որ Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության դիրքեր։

«44-օրյա պատերազմում մեր պարտության հետևանքով Ադրբեջանը զավթել է 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածքներ, ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, որտեղ ադրբեջանցի զինվորականները եկել, նստել են՝ կրակի տակ պահելով մեր արևելյան բնակավայրերն ու ճանապարհները»,- նշեց նա։

Իր խոսքի վերջում Երևանի նախկին քաղաքապետը կոչ արեց ընդդիմադիր ուժերին և քաղաքացիներին պատրաստվել իշխանափոխության։

«Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի կառավարության հեռացումը, գործող Ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար անհրաժեշտ կլինի ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն, որը կիրականացնի արդար, օրինական Ազգային ժողովի նոր ընտրություններ»,- հայտարարեց Բազեյանը։

Նրա խոսքով՝ ապագա իշխանությունը պետք է առաջնորդվի ազգային պետական շահերով։

«Մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի ազգային իշխանությունները՝ շեշտում եմ՝ ազգային իշխանություն, որովհետև ներկայիս իշխանություններն ապազգային են, իրականացնելու են մեր ժողովրդի նպատակները հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին և ներքին քաղաքականություն»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։ Հասմիկ Մովսիսյան