Ներքին 2 ամիս առաջ - 17:15 08-08-2026

Մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին. Սաղաթելյան

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդարձի, օկուպացված տարածքների ազատագրման և մյուս հարցերը պետք է լուծվեն, բայց դա անհնար է առանց այդ հարցերի հիմնարար կարգավորման և այդ հարցերը ծնող պատճառների վերացման։ Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Իրական խաղաղության հաստատման գործընթացում արցախահայության հարցի լուծումը ենթադրում է նրանց՝ սեփական հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված ապրելու իրավունքի իրացում։

Հումանիտար հարցերի վերջնական կարգավորումն անհնար է առանց Բաքվում պահվող մեր բոլոր հայրենակիցների անհապաղ վերադարձի։ Առանց հումանիտար նման հարցերի լուծման անհնար է պատկերացնել իրական խաղաղություն։
Խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման։

Ինչ վերաբերում է արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման օրակարգերի նույնացմանն ու համահավասարեցմանը․ քաղաքական և իրավական տեսանկյունից անընդունելի է Արցախի հայերի վերադարձի իրավունքի նույնացումը Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզի հետ։

Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է՝ այդ թվույմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։
Դրան հակառակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ենթադրում է Հայաստանում որոշակի ժամանակ ապրած և իրենց կամքով Հայաստանից հեռացած ու փոխհատուցում ստացած ադրբեջանցիների պարտադրաբար բնակեցում Հայաստանում։

Չնայած դրան՝ Ադրբեջանն այդ ծրագիրն առաջ է տանում պետական մակարդակով, մինչդեռ Հայաստանը պետական մակարդակով ոչ միայն չի խոսում արցախահայերի հավաքական վերադարձի մասին, այլև ամեն կերպ հետապնդում է այդ իրավունքի մասին բարձրաձայնողներին։

Եթե ՀՀ գործող իշխանությունները մեծ ցանկություն ունեն քննարկելու այդ արհեստածին օրակարգը, ապա այն պետք է հակադրել Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու ջարդերի արդյունքում իրենց ծննդավայրը լքած հազարավոր հայերի իրավունքների պաշտպանության հայեցակարգային մոտեցումներով։
Ամփոփելով՝ իրական խաղաղությունն իսկապես նպատակ է, որին պետք է ձգտել, բայց խաղաղությունը չի կարող լինել անվտանգության հաշվին, խաղաղությունը պետք է երաշխավորի ազգի և պետականության անվտանգությունը, ոչ թե վտանգի այն։ Ուրեմն մեզ առաջարկվողը ոչ միայն հեռու է խաղաղությունից, այլ հակադիր է բուն խաղաղության կոնցեպտին»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն