Հայտնի է, որ ժողովրդավարական համակարգերում կուսակցությունը զարգանում է ներքևից։ ՏԻՄ ընտրություններում են հավաքագրվում համակիրներ, որոնք հետո դառնում են ավագանի, հետո պատգամավոր, նախարար ու վարչապետ։ Հետևաբար՝ կարևոր է, որ ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով կազմակերպվեն, դրանց մասնակցելու իրավունք ունենան միայն կուսակցությունները։ Օրենքով այսպես է սահմանվել քաղաքական համակարգի, կուսակցությունների զարգացմանը նպաստելու համար։ ՔՊ-ն կարծես՝ փորձում է այս համակարգն աղավաղել։
Գյումրիում և Փարաքարում ընթացող քարոզարշավում գաղափարական պայքար չի նկատվում։ Կուսակցությունների մի մասը, առաջին հերթին՝ ՔՊ-ն ապագաղափարական, ապաքաղաքական քարոզարշավ են վարում։ Այնինչ՝ իշխող կուսակցությունը կարող էր օրինակ ծառայել, մեկ մակարդակ բարձրացնել քարոզարշավը ՏԻՄ ընտրություններում, ներմուծելով քաղաքական խոսույթ, գաղափարական մոտեցումներ, հանդես գալ որպես լիբերալ ուժ, ծրագրի հիմքում ընդգծել լիբերալ արժեքները, բանավեճերը բերել գաղափարական դաշտ։ Իսկ ի՞նչ է անում առաջատար ուժն իրականում։
2018-ից առաջ ՔՊ-ն հանդես էր գալիս որպես լիբերալ ուժ։ Իշխանություն ստանալուց հետո ՔՊ-ի լիբերալիզմը մուտացիայի ենթարկվեց։ Գլուխ բարձրացրեց պոպուլիզը։ Ատելության խոսույթ էր տարածվում բարձր ամբիոններից, հասարակությունը մասերի, տեսակների էին բաժանում։ Հետո մերժեցին ամեն տեսակ իզմերը։ Այսպիսի գաղափարամերժությամբ նրանք ցույց տվեցին, որ իսկական հեղափոխական են, կարող են անցնել ամեն ինչի վրայով, ջնջել կարմիր գծերը, արհամարհել ավանդական արժեքները, նույնիսկ անցնել սրբությունների վրայով։ Եվ այս պատճառով թույլ տվեցին խայտառակ, աղետալի սխալներ, ինչպիսին է օրինակ՝ դատարանները շրջափակելը, քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին հրապարակավ նվաստացնելը, Սիրիա զորք ուղարկելը, ամերիկյան, ֆրանսիական աջակցության առաջարկները մերժելը, Արցախ ռուս խաղաղապահ ուղարկելը, հարկերը բարձրացնելը, թանկացումները, և այլն։
Ներկայում ՔՊ պատգամավորները, նախարարներն իրենց նախաձեռնություններում, ելույթներում չեն հղվում ազատական արժեքներին, չեն ասում, որ այսինչ ծրագիրն իրականացնում են ազատական այսինչ նպատակն իրականացնելու համար կամ ազատական այսինչ սկզբունքից ելնելով։ Նրանցից վարակվում են նաև մրցակիցները, իջնում ՔՊ-ի մակարդակին, ապագաղափարական, ապաքաղաքական խոսույթ զարգացնում։ Արդյունքում քաղաքական համակարգը քայքայվում է, դառնում խոցելի չբարեկամների կողմից։ Դաշնակից, գործընկեր երկրներն էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչ գույն ունի ՔՊ-ական իշխանությունը, փողից զատ՝ ընդհանուր ինչ հետաքրքրությունների շուրջ կարող են խորացնել համագործակցությունը։
Կա նաև մեկ այլ քննադատական տեսակետ, ըստ որի՝ ՔՊ-ն մուտացիայի է ենթարկել լիբերալիզմը, վերածելով պոստլիբերալիզմի, որը արժեզրկում կամ արհամարհում է ազատական արժեքները, ինչպես պոստմոդեռնիզմն է արժեզրկում ու արհամարհում մոդեռնիզմի սկզբունքները։ Այս պոստլիբերալիզն արտահայտվում է և՛ քաղաքական մրցապայքարում, և՛ տնտեսության քաղաքականության որոշումներում։ Մասնավորապես՝ տնտեսական մրցակցությունը արերևույթ ազատականցվել է, սակայն կան հովանավորյալներ, յուրայիններ, օտարներ, մերժելիներ, արտոնյալներ։ Հանրային հարաբերություններում ևս նկատելի է ազատական սկզբունքների աղավաղումը, այնպես, որ առաջացնում է ժողովրդի մի մասին անթաքույց վրդովմունքը։ ՔՊ-ն այն աստիճանի է հեղինակազրկել ազատականությունը, որ եթե վաղը որևէ քաղաքական նախաձեռնություն հանրությանը ներկայանա որպես ազատական, ապա հանրությունը միանգամից նրան կարող է ասոցիացնել Փաշինյանի հետ, կարծելով, թե նույն պոստլիբերալիզմի կրողներն են։
Ամերիկյան որոշ քննադատներ Թրամփի հաղթանակը նույնպես պայմանավորում են ամերիկյան հասարակության մեջ պոստլիբերալիզմի միտումների խորացմամբ, ազատականության հանդեպ հանրության հիասթափությամբ։ Այս առումով՝ կա մտավախություն, որ եթե Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակ խորացնեն պոստլիբերալ միտումները, ապա նրանց ՀՀ-ում կփոխարինեն ծայրահեղ ապագաղափարական ու փողասեր մարդիկ, որոնք այնպիսի աղետալի բաներ կանեն, որ Փաշինյանին երանի տվողներ են կլինեն։
Փաշինյանի կողմից «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որի շուրջ քննարկումներ են կազմակերպվում, նույնպես ազատական արժեքների հետ աղերս չունի։ Նույնիսկ «Մարդը բարձրագույն արժեք է» հատվածում մարդու իրավունքների և ազատությունների մասին ոչինչ չկա: ՔՊ-ի պոստլիբելրալիզմի առանցքում փողի հանդեպ ընդգծված ուշադրությունն արտահայտված է «հարստացիր ու հարստացրու» վաղ կապիտալիստական բանաձևով։ Այս գաղափարախոսությունն աչքի է ընկնում ոչ թե ազատական արժեքների քարոզով, այլ ժողովրդի մի մասի հանդեպ ընդգծված ատելությամբ, պատմության հատվածական վերաշարադրանքի փորձով։
Կարճ ասած՝ ՔՊ-ն բացասական օրինակ է ծառայում։ Եթե մյուս կուսակցությունները նրանից օրինակ վերցնեն և աղավաղեն նաև պահպանողականությունն ու ընկերվարությունը, ապա մտավախություն կա, որ առաջիկայում քաղաքական համակարգը կայլասերվի, քաղաքական բանավեճը լրիվ կապաքաղաքականցվի ու կապագաղափարականացվի։ Քաղաքական գործիչների միակ ասելիքը կպտտվի միմյանց վիրավորելու, վատաբանելու, անցյալը հիշեցնելու շուրջ։ Արդյուքնում՝ նախնտրելի կհամարվի նա, որն ավելի ճղճղան ձայնով անպատասխանտու վիրավորանքներ ու սպառնալիքներ կհասցեագրի դիմացինին, արևին կտա մրցակցի կեղտոտ սպիտակեղենը, գարշահոտ տարածելով ու զզվանք առաջացնելով քաղաքականության ու քաղաքական գործիչների նկատմամբ։ Սա այն է, ինչի մասին կարող են երազել չբարեկամները։ Եթե Փաշինյանի հետ կապված հույսեր չկան, ապա քաղաքական մյուս միավորները պետք է փորձեն քաղաքական բանավեճի մակարդակը բարձրացնել, գաղափարներ առաջ քաշել ու հանրության ուշադրությունը սևեռել իրենց քաղաքական երազանքների, ծրագրերի վրա։
Թաթուլ Մկրտչյան