Ուղիղ եթեր
Մի բան ասեմ՝ չեք հավատա. Ապրիլի 1-ն՝ ընդդեմ տարվա մյուս օրերի
copy image url

Մի բան ասեմ՝ չեք հավատա. Ապրիլի 1-ն՝ ընդդեմ տարվա մյուս օրերի

Միտք Ներքին 1 օր առաջ - 09:00 01-04-2025
Ժան-Պոլ Սարտրի «Պատը» նովելում հերոսն ուզում էր ծաղրել զավթիչներին, խաբել ու ծիծաղել նրանց կատաղության վրա։ Սակայն նրա սուտն, իր կամքից անկախ, ճիշտ դուրս եկավ։

Ապրիլի 1-ին մարդիկ կատակում են, ստում ու ծիծաղում դրանց հավատացողի վրա։ Բայց պատահում է, որ հորինվածը ճիշտ է դուրս գալիս, ինչպես «Պատը» նովելում։ Երբեմն ապրիլմեկյան կատակ անողն ինքն է ուզում, որ իր հորինած պատմությունը ճիշտ լինի։

ՔՊ-ական իշխանություններն այնքան են ստել, որ մարդկանց մի մասին թվում է, թե իրենք ապրում են հորինված աշխարհում։ Անհրաժեշտ է կառավարել քաղաքական գործիչների ստելու հակումները։ Օրինակ՝ Ապրիլի 1-ի առիթով կարելի է անցկացնել ուտոպիական պատումերի մրցույթ «Մի բան ասեմ՝ չեք հավատա» խորագրով, որի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց քաղաքական երազանքները, հորինել տեսարաններ, պարպել ստելու ցանկությունները։

Օրինակ՝ կարող են ժողովրդին պատմել, որ իրենց հորինած երկրում գազի, հոսանքի գները ցածր են, նույնիսկ՝ ծիծաղելի: Առաջին անհրաժեշտության ապրանքները էժան են՝ մատչելի բոլորին: Գործազուրկներ չկան, բնակիչները ապահովված են բարձր վարձատվող աշխատանքով: Բարիք ստեղծելու առաքելությունը միավորել է բոլոր աշխատողներին։ Կենսաթոշակներն այնքան բարձր են, որ թոշակառուները ապրում են ապահով, ոչ մի կարիք չունեն:

Աղքատներ, անապահով մարդիկ չկան։ Մուրացկանների փոխարեն փողոցում շատ են ծաղրածուները, ովքեր վառ գույներով հագուստներով ներկած այտերով ուրախացնում են անցորդներին:

Նախարարները անում են ամեն ինչ, որ բարձրացնեն ժողովրդի բարեկեցությունը: Նրանք կաշառք չեն վերցնում և լուծում են քաղաքացիների և պատգամավորների բարձրացրած հարցերը: Պատգամավորները քննարկում են պետության ու ժողովրդի համար կենսական հարցեր և ընդունում ազգանպաստ օրենքներ:

Ապօրինի ծառահատումներ չեն լինում: Ո՛չ գործածարը, ո՛չ էլ քաղաքապետը բնությունը չեն վնասում։ Գյուղական համայնքներում իրականացվում են զարգացման ծրագրեր առանց բնությունը վնասելու: Քաղաքներում մաքուր են փողոցներն ու պուրակները, մայթերն ու բակերը: Շրջակա միջավայրի մաքրության պահպանմամբ զբաղվում են բոլորը: Բնապահպանները ստիպված զբաղվում են զբոսաշրջությամբ և բնության հետ ներդաշնակության մասին ցուցահանդեսներ կազմակերպելով:

Աշակերտների մեծ մասը սովորում է գերազանց: Ուսուցիչները 10 են նշանակում գերազանց սովորող աշակերտներին: Բուհերում կաշառակեր դասախոսներ չկան: Ուսանողները լավ են սովորում և զարմացնում իրենց պրպտունությամբ: Գիտնականները ամեն օր մի նոր գյուտ են անում:

Հանցագործություններ չեն լինում: Բանտերը դատարկ են: Ոստիկանությունը լուծարվել է: Դատարանների շենքերը փոխանցվել են մանկապարտեզներին: Ոստիկանները փոխել են մասնագիտությունը և զբաղվում են սպորտով, իսկ դատավորները նվիրվել են պոեզիային, ոտանավորներ են գրում:

Պատերազմներ չեն լինում: Բոլոր երկրները վերացրել են բանակները, և ոչ ոք զենք չի վաճառում ու չի գնում: Աշխարհում հաստատվել է լիակատար խաղաղություն: Բոլոր ազգերը ապրում են համերաշխության և փոխըմբռնման մթնոլորտում:

Մարդիկ միմյանց նկատմամբ հարգալից են, սիրալիր: Ատելության խոսքը դոմինանտ չէ։ Միայնակ մարդիկ չկան: Բոլորը ժպտադեմ են, ուրախ, գոհ ու երջանիկ:

Ապրիլի 1-ին այսպիսի թեմաներով պատումները ժողովրդին հնարավորություն կտան ծիծաղելու, հորինվածքն ու քաղաքական իրականությունը տարբերելու։ Այն նաև որոշակի կմեղմի քաղաքական լարվածությունը, հասարակության տարբեր խմբերի միջև խորացող ատելությունը։ Հարկ է հաշվի առնել նաև, որ երազանքներն իրականություն դառնալու հատկություն ունեն, նույնիսկ այն պարագայում, երբ նույնիսկ հեղինակը դրանց իրականացմանը չի հավատում։

Այնպես որ՝ Ապրիլի 1-ին անհրաժեշտ է կատակելու, ստելու, երազելու, հորինելու ազատություն ու հնարավորություն ստեղծել, որ մարդիկ ազատվեն այդ մղումներից ու տարվա մյուս օրերին ապրեն Ճշմարտության մեջ, սպասելով հաջորդ Ապրիլի 1-ին, որ մարդկանց ներկայանան նոր ստերով, հորինվածքներով։

Թաթուլ Մկրտչյան