Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:01 08-10-2022

Ինչպես բռնաբարել դատական համակարգը․ մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից

2021 թ-ի մարտից, երբ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան մի գրառման մեկնաբանությունում ի պատասխան օգտատերերից մեկի դիտարկմանն արձագանքել էր, թե «Հլա սպասի դատարանները վերցնենք»՝ անցել է շուրջ 1,5 տարի, ու դատարանները վերցնելու գործընթացը հետևողականորեն շարունակվում է։ Իրականում Սիմոնյանի այս արտահայտությունը պատահական արված խոստավանության նման մի բան էր։ «Դատարանները վերցնելու» գործընթացը սկսվել էր շատ ավելի վաղ, այն բանից հետո, երբ 2019-ի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով շրջափակվեցին դատարանները։

Այդ կոչն հնչեց այն բանից հետո, երբ մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց, իսկ գործն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ պարզելու 300,1 հեդվածի սահմանադրականությունը։

Դրան հաջորդեցին դատավորի նկատմամբ քրեական հետապնդումներն ու խուզարկությունները։ Մայիսի 20-ին Փաշինյանը խոսեց Դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին, հենց այդ ելույթում էր, որ վարչապետը առաջին անգամ խոսեց դատավորների վեթինգի անհրաժեշտության մասին։ Այս ելույթին հաջորդեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի, այնուհետև ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանի, անդամներ Արմեն Խաչատրյանի, Սերգեյ Մեղրյանի ու ու Արմեն Բեկթաշյանի հրաժարականները։ ԲԴԽ կազմն այնուհետև համալրեցին գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Վիգեն Քոչարյանը, Դավիթ Խաչատուրյանը, ով ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն էր։ Սակայն ԲԴԽ-ն ու նաև ողջ դատական համակարգը «բուռն հավաքելու» առաքելությունը պիտի իրականացնեն նախկին զինդատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը։ Նա շատ ավելի ուշ պիտի խոստովաներ, որ այդ առաքելությունն իր «վզին էր» դրվել։ Նրա «վզին էր» դրված նաև ԲԴԽ հաջորդ նախագահ Ռուբեն Վարդազարյանից ազատվելու գործընթացը, որն ուղեկցվում էր քրեական գործերի հարուցմամբ, Վարդազարյանի աշխատասենյակի դուռը կոտրելու ու աշխատասենյակն ու ծառայողական մեքենան զաթելու, երբեմն զավեշտ հիշեցնեղ պատմություններով, դատարանների նախագահների փոխարինմամբ, գործերի մակագրման համակարգչի առգրավմամբ ու ձեռքով գործերի մակագրություններն իրականացնելու գործընթացներով։

Ջհանգիրյանին, սակայն, չներվեց Վարդազարյանի հետ «խորհրդավոր ընթիքի» ընթացքում արված աղմկահարույց ձայնագրության հրապարակումը։ Չներվեց, կամ, միգուցե, դա հարմար առիթ դարձավ նրանց ազատվելու համար, ի վերջո, նրան այդպես էլ չէր հաջոցվել դատարական համակարգն ամբողջապես բուռ հավաքել։ Դատական համակարգի «դիմադրությունը» շարունակվում էր, չնայած նրան, որ դատարանները վերցնելու գործընթացն ուղեկցվում է անցանկալի ու անհնազանդ դատավորների նկատմամբ քրեական հետապնդումներով ու վարույթների հարուցմամբ․ Դավիթ Գրիգորյան, Ալեքսանդր Ազարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Զարուհի Նախշքարյան․ ցանկը կարելի է էլի շարունակել, սրանք այն դատավորներն են, որոնց նկատմամբ մեկ անգամ չէ, որ վարույթներ են հարուցվել, որոշ դեպքերում անգամ քրեական հետապնդումներ սկսվել, սակայն դրանք հիմնականում կամ մերժվել են կամ կարճվել։

Ու մինչ մամուլում շրջանառվում էին ԲԴԽ նախագահի թափուր պաշտոնի թեկնածու-հավակներդների վերաբերյալ տեղեկություններ՝ իշխանությունը գործի դրեց դատական համակարգը «բուռն հավաքելու» համար ամենահարմար թեկնածուին՝ ԲԴԽ գործուղեց դատավորների համար թերևս ամենաանցանկալի թեկնածուին՝ Կարեն Անդրեասյանին, ով, ինչպես դատավորներն են բնորոշում՝ ԲԴԽ-է գալիս «անցանկալի դատավորներ ցուցակը ձեռքին ու Փաշինյանը նկարը սրտում»։ Թերևս, հենց նրան է վստահված առանձին դատավորներից ազատվելու ու դատարանենրը «կոռումպասված» դատավորներից «մաքրելու» գործընթացը, որի դեռ ականատես ենք լինելու։

ԲԴԽ-ն սակայն միակ բարձրագույն դատական մարմինը չէր, որը «յուրայիններով» համալրելն այս իշխանության համար առանցքային նշանակության է։ Գրեթե զուգահեռաբար ընթանում էր Սահմանադրական դատարանը վերցնելու գործընթացը։ Ի դեմս ՍԴ-ի, պետք էր ունենալ մի մարմին, որը կդակեր այս իշխանության կողմից ընդունված ցանկացած որոշում և օրենք։

ՍԴ-ն վերցնելու գործընթացը սկսվեց նախագահ Հրայր Թովմասյանի բնակարան ԱԱԾ աշխատակիցների այցով ու քրեական հետապնդումներով։ 2019 թ-ից այդ հետապնդումներ ուղեկցում էին Թովմասյանի ու նրա հայրական տան խուզարկություններով, ՍԴ նախագահի ու իր հարազատներին ԱԱԾ հրավերներով, հարցաքննություններով, քրեական գործերի հարուցմամբ, որոնցում ներգրավված էին, ինչպես ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, այնպես էլ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը։ Նրանց մեղադրում էին Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավորի առաջադրման ընթացքում թույլ տված առերևույթ չարաշահումներ իրականացնելու մեջ։ Քրեական գործեր հարուցվեցին նաև Հրայր Թովմասյանի ու նրա սանիկի նկատմամբ։

Նույն՝ 2019թ-ի հունիսին ՍԴ անդամ ընտրվեց «Մարտի 1»-ի գործով հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն, ով հայտարարեց, որ ինքը ՍԴ է գնում, որպես ընտրված նախագահ, քանի որ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ։ Շուրջ մեկ տարվա պայքարից հետո իրավիճակն հանգուցալուծվեց 2020-ի թ-ի հունիսին, երբ Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնում դադարեցվեցին, ևս 3 դատավոր-անդամների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը դադարեցվեց։ Բայց Վահե Գրիգորյանն, իհարկե, ՍԴ նախագահ այդպես էլ չդարձավ։ Հեռացած դատավորների փոխարեն ՔՊ-ն ՍԴ գործուղվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։ Հենց նա էլ համարվում ՍԴ նախագահի ամենահավանական թեկնածուն։ Նրա թեկնածությունը ՍԴ նախագահի պաշտոնում միանշանակ չէր ընդունվել ինչպես քաղհասարակության, այնպես էլ հենց ՍԴ մյուս դատավորների կողմից։ Ի վերջո, ՍԴ նախագահ դարձավ Արման Դիլանյանը, միայն թե զրույցներն այն մասին, որ ՍԴ «դե ֆակտո» նախագահն ու թելադրողը Վահե Գրիգորյանն է՝ դեռ երկար չէին դադարում։

ՍԴ վերցնելու վերջին արարը թերևս գործող դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի փոխարեն Սեդա Սաֆարյանի և Հովակիմ Հովակիմյանի գործուղում էր դատական բարձրագույն մարմին։ Արման Դիլանյան, Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Արայիկ Թունյան, Երվանդ Խունդկարյան, Էդգար Շաթիրյան, Արթուր Վաղարշյան, Սեդա Սաֆարյան, Հովակիմ Հովակիմյան․ սա այն կազմն է, որն առաջիկայում պետք է պատասխանի մեկ գլխավոր հարցի․ որքանով է Ադրբեջանի հետ կնքվող «Խաղաղության պայմանագիրը» համապատասխանում ՀՀ մայր օրենքին, սա հենց այն առանցքային նպատակն է, որի համար այդքան անհրաժեշտ էր ամեն գնով Սահմանադրական դատարանում ունենալ «յուրային» դատավորների։