Նիկոլ Փաշինյանն անհանգիստ է․ Վարդան Ղուկասյանը տանում է իր ընտրողներին
copy image url

Նիկոլ Փաշինյանն անհանգիստ է․ Վարդան Ղուկասյանը տանում է իր ընտրողներին

Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 16:00 13-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Կարող ենք ասել, որ իշխանությունների շրջանում կա այն գիտակցումը, որ հասարակության մոտավորապես կեսը՝ կիսից մի քիչ շատը, այլևս չի վճարում այդ 150 դրամը, մարդիկ ուղղակի ձրի երթևեկում են։ Եթե Ձեր շրջապատում էլ հարցնեք, ապա կտեսնեք՝ տրանսպորտից օգտվող մարդիկ կվկայեն, որ մարդկանց մի զգալի քանակ ուղղակի նստում է և առանց վճարելու իջնում է, 100 դրամն էլ չի տալիս վարորդին, ինչը սկսել է անհանգստացնել իշխանություններին»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը անձամբ լծվել տրանսպորտի ուղեվարձի թանկացման քարոզչությանը և օգտվում է տրանսպորտից։

/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/

Բադալյանը նկատում է՝ ստացվում է, որ մարդկանց մի մասը վճարում է 150 դրամ, մյուս մասն առհասարակ չի վճարում և արդյունքում մոտավորապես այնքան գումար է հավաքվում, որքան կհավաքվեր եթե ուղեվարձը 100 դրամ լիներ, և բոլորը վճարեին։ «Կոպիտ հաշվարկով ստացվում է, որ 150 դրամ վճարող քաղաքացին 100 դրամն իր համար է վճարում, 50-ը՝ չվճարողի, և եթե 3 քաղաքացի է լինում, որոնցից 2-ը վճարում են 150 դրամը, իսկ 1-ը չի վճարում, ապա արդյունքում դուրս է գալիս, որ 3-ն էլ վճարում են 100 դրամ։ Սրանք պայմանական թվեր են, բայց հասարակության մի զգալի հատվածն այլևս չի վճարում տրանսպորտից օգտվելիս, ինչը լուրջ խնդիր է, որի համար էլ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ 150 դրամ վճարելը բավականին լավ մեթոդ է, բայց սա չի աշխատում՝ մի քանի պատճառներով․

Առաջին․ այն ընտրազանգվածը, որը Փաշինյանին էր ընտրում, խիստ դժգոհ է, քանի որ իշխանությունը խախտել է ամենակարևոր սկզբունքը՝ կպել է իր ընտրողի գրպանին։ Սա բավականին լուրջ դժգոհություն առաջացրեց, որի հետևանքով նա վարկանիշի լուրջ անկում ունեցավ։ Սա մեկ, և երկրորդը․ եթե դու կպնում ես քաղաքացու գրպանին, հատկապես այն ընտրազանգվածի, որը նախկինում շատ մեծ հավատ ուներ նույն վարչապետի նկատմամբ, ապա կորցնում ես ընտրազանգված և խիստ դժգոհություն ես առաջ բերում։ Այսինքն՝ վարչապետն իր գործողություններով ուզում է ցույց տալ, որ սա շատ նորմալ երևույթ է և իր ընտրազանգվածին հետ բերել, որովհետև իր ընտրազանգվածը լայն քայլերով՝ ահռելի քայլերով, շարժվում է Վարդան Ղուկասյանի կողմը։ Արդյունքում Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ տրանսպորտի թանկացումն այդքան դժգոհություն չի առաջացրել»,- կարծում է մասնագետը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ հետագայում եթե անգամ իշխանությունները տրանսպորտի ուղեվարձը 100 դրամ էլ դարձնեն, ապա հանրության մի մասն այլևս դա էլ չի վճարելու, քանի որ դա արդեն հոգեբանական խնդիր է, և մարդիկ սովորել են անվճար երթևեկելուն։ «Այսինքն՝ Փաշինյանը իր ընտրազանգվածին է ուզում հետ բերել, ցույց է տալիս, որ 150 դրամ վճարելը նորմալ է, տրամաբանական է և այլն, իսկ ինչ վերաբերվում է 7 համարի ավտոբուսը նստելուն և 11 համարից իջնելուն, ապա դա տեղի ունեցավ ԱՄՆ այցից հետո, ու դրա հիմնական նպատակն այն էր, որ մարդիկ այդ մասին սկսեն խոսել՝ մոռանալով ԱՄՆ ձախողված գործուղղման մասին»,- նկատեց նա։

Oragir.News-ի հարցին՝ իշխանությունն այս իրավիճակում հետ քայլ կանի՞, թե՞ ամեն կերպ կփորձի պահպանել 150 դրամ ուղեվարձը՝ Արմեն Բադալյանը դժվարացավ հստակ պատասխանել՝ նշելով, որ դա կախված կլինի նրանից, թե ընդդիմությունն ինչ աստիճանի կշարունակի գործընթացը։ Նրա խոսքով՝ եթե բոյկոտը մեծ տեմպերով շարունակվի, ապա դա կարող է հանգեցնել վերանայման, բայց կարող է նաև դա էլ որևէ կերպ չօգնի, և իշխանությունները մնան ստեղծված փակուղային իրավիճակում։

«Լուծում պետք է լինի, քանի որ հիմա ավելի քիչ փող է հավաքվում, քան եթե բոլորը 100 դրամ վճարեին։ Շատ քչերն են վճարում և օրեցօր ավելի է պակասում վճարող մարդկանց թիվը, քանի որ մարդիկ տեսնում են, որ կարելի է չվճարել։ Կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ 10 ուղևորից 1-ը կվճարի, 9-ը՝ չվճարի, դա եթե նստենք ավտոբուս, կտեսնենք։ Այստեղ նաև ուրիշ խնդիր կա․ եթե մի բնագավառում զիջեցին, ապա մյուս տեղերում ևս պետք է զիջեն, դա արդեն հասկանում են»,- շեշտեց նա։

Արմեն Բադալյանը հավելեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն վարկանիշը, որ իր կոչով իր ընտրազանգվածը վճարի 150 դրամը։ Ըստ նրա՝ կառավարության ղեկավարն այդ կշիռն այլևս չունի, որն այս դեպքում ամենակարևոր մեսիջն է։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը լծվել է հանրային տրանսպորտի թանկացման օգտին կատարվող քարոզչությանը և հայտնվել ծիծաղելի իրավիճակում։ Նա իր ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ էր հրապարակել, որում նստել էր թիվ 7 ավտոբուսը, ապա իջել թիվ 11 ավտոբուսից։

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»