Լավ վարչապետն ու վատ քաղաքապետը․ Հայկ Մարությանի պայքարի հետքերով
copy image url

Լավ վարչապետն ու վատ քաղաքապետը․ Հայկ Մարությանի պայքարի հետքերով

Ներքին Միտք 3 ամիս առաջ - 14:00 20-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պայքար է սկսել մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ՝ հայտարարելով, որ սա ոչ թե ներկուսակցական պայքար է, այլ պայքար՝ հանուն սոցիալական արդարության։ Պայքարի շրջանակներում նախկին քաղաքապետը նաև տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք է նախաձեռնել, որին միացել և իրենց քաղաքացիական դիրքորոշումն են արտահայտել ավելի քան 75 հազար քաղաքացիներ։

Հայկ Մարությանը նախօրեին նաև իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ քաղաքացիներին առաջարկելով փետրվարի 1-ից սկսած բոյկոտել ուղեվարձի թանկացումը ու վճարել բացառապես 100 դրամ։ «Որոշել ենք նաև բոյկոտի ձևը: Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա և նստում ավտոբուս: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»,- նշել է նա։

Հատկանշական է, որ ի տարբերություն ավագանու ընդդիմադիր մյուս՝ «Մայր Հայաստան» խմբակցության, որը նույնպես ստորագրահավաք է նախաձեռնել և պայքարում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, Հայկ Մարությանի թիրախում առավելապես Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։ «Մայր Հայաստան»-ը նույնպես անընդունելի է համարում հանրային տրանսպորտի ուղեվարձը թանակցնելու որոշումը, նշում, որ այն պետք է լինի առավելագույնը պետք է լինի 100 դրամ, սակայն քաղաքական այս ուժը հանրային ուղեվարձի թանկացումից հրաժարվելու հետ մեկտեղ առաջ է մղում ամբողջական իշխանափոխության օրակարգը, ինչը Հայկ Մարությանի պարագայում չենք նկատում։


Մյուս կողմից՝ Հայկ Մարությանը ներկայումս հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ անզիջում պայքար է մղում, ինչը բնականաբար ողջունելի է, սակայն Արցախի հայաթափման օրերին նա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չէր պահանջում, չնայած այն բանին, որ ընդունում էր՝ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը հենց կառավարության ղեկավարն է կրում։ «Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը եւ կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը եւ միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների եւ կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը»,- գրել է Մարությանը՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին։ Նկատենք նաև, որ Արցախի թեմայով սա նախկին քաղաքապետի միակ գրառումն էր․ նրա էջում մի քանի օր շարունակ լռություն էր տիրում, իսկ սեպտեմբերի 27-28-ին նա ներքաղաքական բովանդակությամբ տեսանյութեր էր հրապարկում։

Այսպիսով՝ դատելով Հայկ Մարությանի պայքարի տրամաբանությունից ստացվում է, որ իրականում Նիկոլ Փաշինյանը լավ վարչապետ է, ում իշխանության դեմ պայքարելու կարիք չկա․ նրան առավելագույնը կարելի է քննադատել, բայց երբեք չպահանջել վերջինիս հրաժարականը։ Արտաքուստ տպավորություն է ստեղծվում, որ ստեղված իրավիճակի, մասնավորապես տրանսպորտի ուղեվարձի թանկացման ողջ պատասխանատվությունը կրում է Տիգրան Ավինյանը, ում դեմ պայքարելով բոլոր խնդիրները կլուծվեն։

Գաղտնիք չէ, որ Հայկ Մարությանը պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին, իսկ սոցիալական այս խնդրի դեմ պայքարը, որը հուզում է հանրության լայն շերտերին նա օգտագործում է որպես իր նախընտրական քարոզարշավի սկիզբ։ Հաջողություններ մաղթելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ Մարությանի պայքարին և գտնելով, որ այն պետք է լինի առավելագույնը 100 դրամ՝ նախկին քաղաքապետին բարեկամաբար հորդորում ենք պայքարել ոչ միայն քաղաքային, այլև կենտրոնական իշխանությունների դեմ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քանի որ առանց վերջինիս թողտվության Տիգրան Ավինյանն ու ՔՊ–Հանրապետություն տանդեմը չէին կարող տրանսպորտի ուղեվարձը թանկացնել։ Ընդ որում, այս իրողությունը գիտակցում է նաև Հայկ Մարությանը, ով արդեն մի քանի անգամ է հետաքրքրվում է՝ Նիկոլ Փաշինյանը համաձա՞յն է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, թե՞ ոչ, սակայն կառավարության ղեկավարից այդպես էլ պատասխան չի ստանում։

Հակառակ դեպքում՝ ՔՊ-ին հաջողվելու է օգտվել իրավիճակից և վերարտադրվել, ինչը հանրության, այդ թվում Հայկ Մարությանի համակիրների շրջանում, լուրջ հիասաթափություն է առաջացնելու, որը բխում է նախևառաջ Նիկոլ Փաշինյանի շահերից ․․․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված