Ներքին 1 տարի առաջ - 16:43 12-11-2024

Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը ցեղասպանության մասով, պարզապես ուրացում է. Տիգրան Աբրահամյան

Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականում ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, այլ Հայաստանին այս կամ այն լուծման պարտադրումը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական բանակցություններով պայմանավորելը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ի ցույց է դնում Թուրքիայի իրական նպատակներն ու պատկերացումները Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համատեքստում:

Ի հեճուկս Թուրքիայի այս տրամադրությունների, Հայաստանի արտաքինգերատեսչության ղեկավարը հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի թիվ մեկ առաջնահերթություն չէ, իսկ ցեղասպանությունը, պատմական իրադարձությունների ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, ԱԳՆ օրակարգ չէ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ ուղիղ անվտանգության խնդիր է: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը հնարավորություն է տվել երկար տարիներ զսպել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները, քանի որ Անկարան սեփական պատմության հետ հաշվի նստելու հարցում միջազգային ճնշման ներքո է գտնվել։

Թերևս դրանով է պայմանավորված, որ Թուրքիան երկար տարիներ շատ մեծ ջանքեր է ներդրել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այլ հարթություն տեղափոխելու ուղղությամբ։ Այդ նպատակով Անկարայից անընդհատ փորձ է կատարվում թեման միջազգային հարթությունից փոխադրել պատմաբանների տիրույթ, ստեղծել պատմաբանների հանձնաժողով ու կասկածի տակ դնել պատմական իրողությունը։

Իսկ հիմա թուրքական ջանքերին արդեն միացել է հայաստանյան գործող իշխանությունը՝ կանաչ լույս վառելով թուրքական ժխտողականության համար: Ցեղասպանության ժխտումը հղի է նոր ողբերգությունների կրկնությամբ։ Սրանով է նաև պայմանավորված, որ մեծ թվով երկրներ, խորհրդարաններ ոչ միայն դատապարտել, ճանաչել են Թուրքիայի կողմից Ցեղասպանության իրականացումը, այլ դա ամրագրել են տարբեր բանաձևերով:

Ոչ միայն Հայաստանը, այլ մեծ թվով երկրներ, միջազգային կառույցներ, կազմակերպություններ տասնամյակներով պայքար են տարել թուրքական ժխտողականության դեմ՝ համարելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պայքար է հանուն պատմական ճշմարտության, այլ միջոց է կանխելու հետագա ցեղասպանությունները ։

Ցեղասպանության ճանաչումն է, որ կարող է նաև ճանապարհ հարթել երկու ժողովուրդների հաշտեցման համար և փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը, իսկ այն, ինչ անում է հայաստանյան իշխանությունը, պարզապես ուրացում է»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով

Ձեզ գուցե հետաքրքրի