copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:19 19-07-2022

ԱԽՔ-ի ասածը զուտ վերահաստատումն է այն քաղաքական որոշման, որն ունի Հայաստանի իշխանությունը․ Տիգրան Աբրահամյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրեսին» տված իր հարցազրույցում, ըստ էության, հաստատել է, ապա փորձել է արդարացնել Արցախից զինծառայողների դուրսբերումը։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն լուրերը, թե Հայաստանը պատրասվում է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել զորքերը՝ դրանով ԼՂ-ն թողնելով անպաշտպան, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»։

Բայց դա չի՞ նշանակում, որ իրոք ԼՂ-ն անպաշտպան է թողվում։ Գրիգորյանն արձագանքել է․ «Ո՛չ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում: Չնայած պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի»։

Oragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով մեր հարցին, թե արդյոք պատերազմի ժամանակ Հայաստանից գնացած զորքերը նոր են դուրս բերվում Արցախից, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Հարցը վերաբերում է Հայաստանից Արցախ զորակոչին, ինչը պատերազմից հետո փաստացի չի իրականացվել, իսկ այն, ինչ ասում է Անվտանգության խորհրդի քարտուղարը, զուտ վերահաստատումն է այն քաղաքական որոշման, որը ունի Հայաստանի իշխանությունը»։

Հարցին, թե ներկայիս ՊԲ-ն կարելի՞ է համեմատել մինչև պատերազմը եղած ՊԲ-ի հետ՝ նկատի ունենալով, որ ԱԽՔ-ը համեմատում է և ասում, որ ՊԲ-ն կպաշտպանի Արցախը, Աբրահամյանն արձագանքեց․ «Պաշտպանության բանակը իր մարտունակության ծավալով, կառուցվածքով, մարտական պատրաստության վիճակով այս պահին անհնար է համեմատել մինչպատերազմական ժամանակահատվածի հետ։ Բնականաբար, Հայաստանի իշխանությունները և դրա առաձին դեմքերը պետք է փորձեն ցույց տալ, թե իբր Հայաստանից դեպի Արցախ զորակոչի բացակայությունը Արցախի մարտունակության վրա չի ազդում, ինչը, բնականաբար, ոչ մի աղերս չունի բանականության հետ։ Սա մի բան է, և սրա մասին կարող ենք հրապարակային խոսել, որովհետև դա տեսանելի է նաև Ադրբեջանի համար, այնպես որ այս իրավիճակում, հատկապես որ բարեփոխումների գործընթացը ամբողջությամբ չի անցել նաև ՊԲ-ն, անհնար է այն համեմատել մինչպատերազմյան ժամանակահատվածի և մինչև 2018 թվականը եղած Պաշտպանության բանակի մարտունակության հետ»։

Իսկ հարցին, թե արդյոք սա Ալիևի հերթական պահանջի կատարումը չէ՝ նկատի ունենալով, որ օրեր առաջ խոսել էր հայկական զորքերի դուրսբերման մասին՝ ասելով, որ դա պետք է տեղի ունենար հունիս ամիս, բայց ուշանում է․ հուլիսն է, բայց դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել, Աբրահամյանը պատասխանեց․ «Որևէ մեկի համար այլևս նորություն չէ, և ցավով պետք է արձանագրել, որ Ադրբեջանից հնչող բոլոր նախապայմանները, որոնք նույնիսկ չեն տեղավորվում հետպատերազմական ժամանակահատվածի երկկողմ փաստաթղթային դաշտում, Հայաստանը շարունակում է կատարել և շարունակում է կատարել այն պայմաններում, երբ Ադրբեջանը նույնիսկ փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները չի կատարում»։

Ամենից շատ դիտված