Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:10 19-04-2024

Դպրոցի փոխտնօրենը գոռացել է աշակերտուհու վրա և լացացրել. Զովունիի դպրոցի աղմկահարույց դեպքի պատճառները

Դպրոցում բուլինգի դեպքերը վերջին շրջանում նկատելի են դարձել։ Ծնողները բողոքում են խտրական վերաբերմունքից, որը վերածվում կոնֆլիկտի, երբեմն էլ հասնում է դատարան։ Այդպիսի մի պատմություն է նաև Զովունի գյուղի դպրոցում կատարվածը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2023-ի ապրիլի 7-ին մի կին մուտք է գործել Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան դպրոց, ծաղկեփնջով հարվածել ուսուցչին, հետո ոստիկանություն կանչել։

Պարզվում է, այդ կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ դպրոցի փոխտնօրեն Գեղանուշ Հակոբյանը օրեր առաջ վատ վերաբերմունք է ցուցաբերել, նրան լացացրել և գոռացել է վրան, քանի որ իր և տնօրենի միջև լարվածություն կա:

Oragir.News-ը կապ հաստատեց տվյալ աշակերտուհու ծնող Անուշ Զուրաբյանի հետ, ով նաև նախկինում եղել է դպրոցի ծնողխորհրդի նախագահը, ճաշարանի պատասխանատուն։

Փորձեցինք պարզել դպրոցում իրենց հետ պարբերաբար կատարվող իրադարձությունների պատճառները։

«Դեռ 3 տարի առաջ իմ երեխայի դասընկերուհին դասարանում դանակը դնում է կոկորդին, և ասում, որ ես ուզում եմ քո վիզը կտրել, տեսնենք՝ ինչ է լինում, սաղ ես մնում, թե՞ մեռնում ես։ Այդ պահին հասնում է ուսուցչուհին, դանակը վերցնում ձեռքից։ Դրանից հետո գործ է հարուցվում Նաիրիի ոստիկանությունում։ Որպեսզի գործը չգնա դատարան, երեխա է, գործը կարճվում է։ Երեխային ծնողը հանում է դասարանից, քանի որ մնացած երեխաների հանդեպ էլ կար ագրեսիվություն։

Տնօրենը, ով նախկինում փոխտնօրեն էր, այդ ժամանակվանից ոտնահարել է իմ մուտքը դպրոց, ծնողի՝ դպրոց մտնելու իրավունքը ոտնահարվել է բառիս բուն իմաստով։ Իմ երեխայի հանդեպ մշտապես ճնշում է գործադրվել։ Իմ երեխային կա՛մ ստվերում է թողնում, կա՛մ տարբեր դասատուների միջոցով փորձում երեխային գերազանցիկությունից գցել»,- ասաց նա։

Ծնողի կարծիքով՝ ծնողի հետ խնդիր ունեցող տնօրենը երեխայից վրեժխնդիր կլինի՝ դրանով փորձելով երեխային ցավացնել՝ արդար չէ։

«Ինձ առհասարակ ներս չեն թողնում, հրահրում են, որ ես ձայնս բարձրացնեմ, գան ասեն՝ եկավ կռվեց, գնաց»,- ասաց ծնողը։

Ծնողի խոսքով՝ դպրոցում նաև շատ անարդար գործողություններ են կատարվում, մեծ գումարներ են հավաքվում, և ծնողներ կան, որոնք ի վիճակի չեն։

Oragir.News-ի տեղեկություններով՝ աշակերտուհին այժմ ազդված է կատարվածից, և ծնողի խոսքով՝ նաև նկատվում է ագրեսիվ պահվածք։ Երեխան ցանկություն չի ունենում շաբաթվա մեջ մեկ օր ներկա գտնվել Գեղանուշ Հակոբյանի դասին։ Ծնողի պնդմամբ՝ անգամ դաս պատասխանելու հնարավորություն երեխային չի տրվում։

Ծնողը հայտնեց, որ գործը արդեն դատարանում է, նաև պատրաստվում է դիմել ԿԳՄՍ նախարարություն, սակայն կարծում է, որ տնօրենին պահողը մարզպետն է, քանի որ դպրոցից նրան ոչ ոք չի ընտրել։

«53-54 դասատուներից նրան ձայն են տվել 19-ը, չգիտեմ ոնց սարքեցին, իրեն բերեցին տնօրեն»,- եզրափակեց ծնողը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 7-ին միջադեպ էր գրանցվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում։ Գործը Նաիրիի քննչական բաժնում մոտ 1 տարի քննվելուց հետո մտել է դատարան։

Ամենից շատ դիտված