Բժիշկները բուժառուներին հորդորում են դեղորայք գնել առանց էլեկտրոնային դեղատոմսի․ դեղագետ
copy image url

Բժիշկները բուժառուներին հորդորում են դեղորայք գնել առանց էլեկտրոնային դեղատոմսի․ դեղագետ

Ներքին 1 տարի առաջ - 17:30 10-04-2024
Մեկ ամիս առաջ ուժի մեջ է մտել կառավարության որոշումը դեղամիջոցների տրամադրման կարգի մասին, որով դեղատներից պահանջվում է որոշ դեղամիջոցներ տրամադրել բացառապես Էլեկտրոնային դեղատոմսով։ Դեղը նշանակող բժիշկը մուտք է գործում Armed էլեկտրոնային առողջապահական համակարգի իր անձնական էջ և լրացնելով դեղի և դրա ստացողի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ հաստատում էլեկտրոնային դեղատոմսը։ Հաստատված դեղատոմսը երևում է ինչպես տվյալ անձի Armed համակարգում կամ բջջային հավելվածում, այնպես էլ դեղատների մոտ։

Սակայն վերոնշյալ որոշումը ընդունված օրից մինչ օրս արժանացել է բազում քննարդատությունների թե՛ հասարակության, և թե՛ հենց բժիշկների կողմից։

Oragir.News-ը որոշեց պարզել, թե որոշման ուժի մեջ մտնելուց հետո, ի՞նչ կերպ են իրականացվում աշխատանքները, ինչ դրական և բացասական կողմեր ունի որոշումն ու ինչ բարդություններ են առաջանում սկզբնական փուլում։

Խնդրին անդրադարձել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն իր ֆելսբուքյան ուղիղ եթերներում, նշելով իր անհամաձայնության հիմնավորումները․
«Որքանո՞վ է օրինական, որ բժշկական գաղտնիքը, բուժառուի անհատական ինֆորմացիան, որն ուղղակի ինֆորմացիա չէ, առանց հիվանդի համաձայնության պարտադիր պետք է գրանցվի մի համակարգում, որտեղ տվյալ համակարգի կարգավորողը կամ Առողջապահության նախարարությունը ծայրից ծայր կարող է տեսնել այդ տվյալները։ Բժշկական գաղտնիքը կարելի է բացահայտել օրինակ՝ դատարանի որոշմամբ, եթե այդ առողջական խնդրի հիմքում կարծում են, որ կարող է բռնություն եղած լինել։ Այսինքն, հատուկ իրավիճակներում է կարելի բացահայտել բժշկական գաղտնիքը և մարդու առողջական վիճակի վերաբերյալ ինֆորմացիա տրամադրել պետական մարմիններին։ Իսկ հիմա ստացվում է այնպես, որ մի տեղ գրված է այդ ամենը ու ով ուզենա կարող է մտնել այդ համակարգ ու կարդալ ցանկացած մարդու անձանական տվյալների և բժշակական գաղտնիքի մասին։

Ես պացիենտներ ունեմ, ովքեր ժառանգական հիվանդություն ունեն, հսկվում են ինձ մոտ և չեն ուզում դիմել իրենց գյուղի բժշկին, քանի որ համոզված չեն, որ իրենց գյուղում կդիմեն բժշկի և ամբողջ գյուղը չի իմանա այդ ժառանգական հիվանդության մասին։ Հիմա այդ ամբողջ տվյալները ես լցնում եմ մի բազա, որտեղ իրենց գյուղի բժիշկն էլ մտնում, բացում և տեսնում է։ Ավելին, մարդիկ գնում դեղատնից դեղեր են գնում, դուք վստահ եք, որ դեղատան այսօրվա աշխատակիցները, Armed-ից իմացած տվյալները չեն գնալու և պատմելու հարևաններին»,- մանրամասնում է Մանասյանը։

Oragir.News-ի հետ զրույցում դեղագետ Եվա Հակոբյանը, ով դեղատների ցանցերից մեկի մենեջերն է, նշեց, որ չնայած նախագծի խնդրահարույց կողմերին, այն ունի նաև դրական կողմեր, որոնցից գլխավորը այն է, որ մարդիկ որոշ չափով կդադարեն զբաղվել ինքնաբուժությամբ։

«Որոշումից դժգոհողների մեծամասնությունը մեծահասակներն են, որոնք չեն կարողանում հաճախակի դիմել բժշկի անհրաժեշտ դեղերի էլեկտրոնային դեղատոմսը ստանալու համար։ Մոտենում են դեղատուն և մերժում ստանալով բարկանում դեղատան աշխատակիցների վրա։ Բայց ըստ իս, այս ամենի ամենադրական կողմն այն է, որ ինքնաբուժությունը որոշ չափով կվերանա։ Շատերը գալիս են դեղատուն ու առանց դեղատոմսի ուզում դեղ, որի մասին զուտ լսել են, որ լավն է կամ որովհետև հարևանն է խորհուրդ տվել, ում դա լավ օգնել է։ Բայց թե ինչ վնաս կարող է հասցնել իրենց օրգանիզմին այդ դեղորայքը, առանց բժշկի ցուցման, դրա մասին ոչ-ոք չի մտածում։

Հենց այս կերպ մտածող մարդիկ, դեռ մինչև մարտի 1-ը որոշումից վրդովված տուփերով գնում ու պահեստավորում էին իրենց անհրաժեշտ դեղերը․ մասնավորապես՝ հորմոնները, հակասնկայինները և հակավիրուսայինները»։

Դեղագետի խոսքով, շատ հաճախ խնդիրներ են առաջանում նաև բժիշկների հետ, ովքեր կատարում են նշանակումներ և չեն տեղադրում համակարգում․
«Շատ հաճախորդներ գալիս են կնիքով դեղատոմսով ու երբ խնդրում ենք կապվել բժշկի հետ և ասել, որ նույն դեղատոմսը էլեկտրոնային եղանակով տեղադրի համակարգում, բժիշկներն էլ են վրդովվում ու հաճախորդին ասում, որ մոտենա այնպիսի դեղատուն, որտեղ առանց էլեկտրոնային դեղատոմսի կտրամադրեն դեղորայք։ Այստեղ նույնպես քաղաքացիների մոտ խնդիր է առաջանում, ու կարիք է լինում ամբողջ քաղաքով դեղատուն առ դեղատուն մտնել ու փորձել առանց դեղատոմսի դեղորայք ձեռք բերել։

Երբեմն էլ, բժիշկներ են լինում, որոնք ասում են, թե գլուխ չեն հանում համակարգից, ոմանք էլ գաղափար չունեն ծրագրի մասին։ Խնդիրներ լինում են հիմնականում գյուղերում գործող պոլիկլինիկաների հետ, երբ բժիշկները ասում են մեզ դեռ այդպիսի հրաման չեն տվել, և աշխատում ենք նախկին եղանակով։ Այս դեպքում կրկին տուժում է քաղաքացին»,- հավելեց դեղագետը։

Մեր կատարած հետազոտությունների ընթացքում պարզ դարձավ, որ չնայած օրենքի փոփոխության, մայրաքաղաքում դեռևս շատ դեղատներ տրամադրում են քաղաքացիների ցանկացած դեղորայքը առանց էլեկտրոնային դեղատոմսի։

Մեզ հետ զրույցում, քաղաքացիներից մեկը, ով գնել էր հանգուցավոր խպիպի (զոբի) համար նախատեսված դեղորայք առանց էլեկտրոնային դեղատոմսի, ասաց, որ դեղատան աշխատակիցը սկզբում իրենից ուզել է էլեկտրանային դեղատոմս։ Եվ երբ ինքը նշել է, որ չունի դեղատոմս, սակայն արդեն մի քանի ամիս է, ինչ օգտագործում է տվյալ դեղորայքը, աշխատակիցը իրեն տվել է անհրաժեշտ դեղորայքը, պարզապես իրենց մատյանում գրելով քաղաքացու անուն-ազգանունն ու վաճառված դեղի անունը՝ չափաբաժնով։

Հիշեցնենք, որ այս պահին տվյալ փոփոխության համաձայն, 470 անվանում դեղերի դուրսգրումն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Սակայն ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով, նմանատիպ գործընթացի ևս մեկ փուլ կլինի 2025 թվականին:

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին