Ռուս պաշտոնյաներն ու լրագրողները կազմակերպված գրոհ են սկսել Հայաստանի դեմ։ Պատճառը ՀՀ անկախության և ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված քայլերն են։ Մասնավորապես՝ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ բարձր մակարդակով հանդիպում, որը կարող է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ գործակցությունը բարձրացնել նոր մակարդակի, նպաստելով ՀՀ անկախության ու ժողովրդավարության ամրապնդմանը, ռուսական հակաքաղաքակրթական ազդեցությունից ազատագրմանը։ Այս շատ հավանական առաջընթացն էապես մեծացնելու է ՀՀ պաշտպանունակությունը արտաքին սպառնալիքներից, այդ թվում՝ ռուսական իներցիոն սադրանքներից։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ռուս հայտնի մեդիամենեջեր, լրագրող Արամ Գաբրելյանովն ապրիլի 1-ին իր ՏԳ ալիքում հրապարակել է սենսացիոն բնույթի գրառում, որտեղ խոսում է Բաքվում պատանդառված Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի տված և առայժմ չհրապարակված «հարցազրույցի» մասին։
Եթե ապրիլմեկյան կատակ է արել Գաբրելյանովը, ապա այն ամենևին ծիծաղելի չէ։ Հետևապես՝ ենթադրելի է, որ ռուս լրագրողի գրառումն ուղղորդված հարված է Հայաստանին, Արցախին, քաղաքական համակարգին, ներկա և նախկին իշխանությունների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի և առաջին հերթին՝ Արայիկ Հարությունյանի հեղինակությանը։
Սերժ Սարգսյանը, ենթադրաբար՝ թիրախավորվել է, քանի որ նրա օրոք՝ 2009-2013-ին, ՀՀ-ն ԵՄ-ի հետ տևական բանակցել է ասոցիացման համաձայնագիր ստորագրելու շուրջ, 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հետևաբար՝ այս օրերին, երբ ՀՀ-ն էապես խորացնում է ԵՄ-ի, Արևմուտքի հետ գործընկերությունը, Կրեմլի դռան քարոզիչը պիտի թիրախավորեր նաև Սերժ Սարգսյանին, որպես եվրաինտեգրման ճանապարհին էական առաջընթաց արձանագրած ղեկավարի։ Ի դեպ՝ Երևանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման պատճառով Հանրապետական կուսակցությունը 2017-ին Մոսկվայում հրապարակված «Ռուսոֆոբիան աշխարհում» զեկույցում որակվել է հակառուսական ուժ։
Ակնհայտ է, որ ՌԴ-ն փորձում է նախկին նախագահին ստիպել գործել ՀՀ ազգային շահերի դեմ։ Եթե հաջողվի, այնուհետև կփորձի ոտնձգություններ կատարել ՀՀ անկախության, ժողովրդավարության դեմ, ՀՀ-ն հակաքաղաքակրթական գործիք դարձնել, հետո ստանալ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքն» ու շահագործել ՀՀ ռեսուրսները։
Եթե ՀՀԿ-ն կոշտ, հասցեական ու համարժեք արձագանքի այս գրառման հեղինակին ու պատվիրատուներին, ապա նրա և նրա առաջնորդի հանրային հեղինակությունը կբարձրանա ՀՀ-ում և աշխարհում։ Իսկ եթե անարձագանք թողնեն, ապա կտուժի ոչ միայն ՀՀ-ն և ՀՀԿ-ն, այլև ճշմարտությունը։
Ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանի կեղծվող հարցազրույցի միջոցով սկանդալի ռեժիսորը Մոսկվան է, որը դեռ չի հաշտվել պարտության, ՀՀ անկախության և ժողովրդավարության փաստի, ՀՀ-ում իր ազդեցությունը վերջնական կորցնելու տեսանելի հեռանկարի հետ։ Եվ հիմա էլ փորձում է շանտաժով ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա։
Արամ Գաբրելյանովի գրառման մեջ ակնարկում է, որ Բաքուն շանտաժ է անում։ Եթե հաշվի առնենք ռուս-ադրբեջանական դաշնակցությունը Արցախի հարցի շուրջ, ապա այս շանտաժի գլխավոր շահառուն Մոսկվան է։ Նշվում է, թե կարող են հրապարակել կեղծված հարցազրույց Արայիկ Հարությունյանի հետ, լի հորինված կամ կիսաճշմարիտ պատումներով, ստեղծել պատկեր, իբր Արցախի իշխանությունները հանցագործ են եղել, ՀՀ իշխանությունները կոռումպացված ու հանցագործ են, Հայաստանը վատ երկիր է, որի հետ ուզում են գործընկերություն անել ԱՄՆ-ն, ԵՄ-ն։
Ենթադրելի է, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Սերժ Սարգսյանը միասին կամ առանձին-առանձին ողջամտորեն չեն տրվի շանտաժին, չեն գործի ՀՀ ազգային շահերի դեմ, կշարունակեն անկախության և ժողովրդավարության ամրացմանն ուղղված քայլերը։ Իսկ Արայիկ Հարությունյանի խոսքն աղավաղելուն ու կեղծված հարցազրույցի ենթադրելի հրապարակմանը ժողովուրդն ու ՀՀ իշխանությունները համարժեք կարձագանքեն։ Այդ արձագանքը հավանաբար՝ շատ կոշտ կլինի և լեգիտիմ, քանի որ օրեր առաջ հրապարակված հարցման տվյալներով՝ ժողովրդի 66 %-ը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին։
Թաթուլ Մկրտչյան