Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն քննադատել է միլիարդատեր Իլոն Մասկին՝ անդրադառնալով նրա քաղաքական ծախսերին և ԱՄՆ միջանկյալ ընտրություններում աջակցած թեկնածուների պարտությանը։
«Օսկարի» դափնեկիրը Նյու Յորքում, Տրիբեկա կինոփառատոնի համահիմնադիր Ջեյն Ռոզենտալի հետ, ներկայացրել է ռեժիսոր Ալեքս Գիբնիի «Մասկ» վավերագրական ֆիլմը։ Deadline-ի փոխանցմամբ՝ ֆիլմը քննադատական հայացքով ուսումնասիրում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի կյանքն ու գործունեությունը։
Ֆիլմի ներկայացման ժամանակ Դե Նիրոն հիշեցրել է, որ 2024 թվականին Մասկը շուրջ 300 միլիոն դոլար է ծախսել Դոնալդ Թրամփին ընտրություններում աջակցելու համար, իսկ վերջերս մեծ գումարներ է ուղղել հանրապետական թեկնածուներին։
«Մասկի փողի և ժողովրդավարության միջև պայքարում հաղթեց ժողովրդավարությունը։ Այս անգամ»,– հայտարարել է դերասանը՝ արժանանալով ներկաների ծափահարություններին։
Դե Նիրոն անդրադարձել է նաև Tesla-ի Cybertruck էլեկտրական պիկապի շուրջ ստեղծված իրավիճակին՝ կատակելով, որ Մասկը, ինչպես իր «անհեթեթ» մեքենան, փախչելու տեղ չունի։ Նա կոչ է արել հանրությանը չսահմանափակվել ընտրությունների արդյունքները տոնելով, այլ շարունակել զգոն մնալ։
Ռեժիսոր Ալեքս Գիբնին շնորհակալություն է հայտնել դերասանին աջակցության համար՝ նրան անվանելով դիմադրության գործում նշանակալի ներդրում ունեցող անձանցից մեկը։
Ջեյն Ռոզենտալն էլ խոստովանել է, որ սկզբում կասկածել է՝ արժե՞ դիտել գրեթե չորս ժամ տևողությամբ ֆիլմը։ Սակայն, նրա խոսքով, այն վերածվել է չափազանց գրավիչ պատմության մի մարդու մասին, որին հնարավոր չէ անտեսել։
«Մասկ» վավերագրական ֆիլմի տևողությունը 3 ժամ 52 րոպե է։ ԱՄՆ կինովարձույթում այն հավաքել է ավելի քան 700 հազար դոլար։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում, այնուհետև ցուցադրվել է Տորոնտոյի, Ցյուրիխի, Լոնդոնի և այլ քաղաքների կինոփառատոներում։
Ֆիլմն արժանացել է նաև Critics’ Choice Documentary Awards-ի «Լավագույն կենսագրական վավերագրական ֆիլմ» մրցանակին։