Ներքին 2 տարի առաջ - 15:30 19-03-2024

Հրամայված էր հաշտվել և ընդունել «բարեկամ Թյուրքիային»

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել իր տրամադրության տակ գտնվող արխիվային փաստաթղթերը։
Հերթական վավերագիրը «Խորհրդային Հայաստան» օրաթերթի «Կարսի դաշնագրի հաստատումը» առաջնորդողն է՝ հրապարակված 1922 թվականի մարտի 22-ի N 63-ում, որում անդրադարձ է կատարվում դրանից կես տարի առաջ կնքված Կարսի պայմանագրին։

Այս առումով ներկայացնենք նախընթաց դեպքերի փոքր նախապատմությունը։

Թուրքիայի կառավարության անունից Քյազիմ Կարաբեքիր փաշան և Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության անունից Ալեքսանդր Խատիսյանը 1920թ. դեկտեմբերի 2 լույս 3-ի գիշերը ստորագրեցին Ալեքսանդրապոլի դաշնագիրը, որտեղ թեև ասվում էր, որ «Կարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև 3 տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը», սակայն Կարսի, Սուրմալուի և Նախիջևանի ճակատագիրը որոշվեց 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական «եղբայրության և բարեկամության» պայմանագրով, որով Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ինքնիշխանությունը, մասնավորապես, Սումրալուի գավառի նկատմամբ, իսկ Թուրքիան իր հերթին հրաժարվեց Բաթումից։ Մոսկվայի պայմանագրով հաստատված Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, այդ թվում՝ ներկայիս հայ-թուրքական սահմանը, գործում է առ այսօր։

1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը ստորագրեցին Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների կառավարությունները՝ մի կողմից և Թուրքիայի կառավարությունը՝ մյուս կողմից, «Խորհրդային Ռուսաստանի մասնակցությամբ»։ Կարսի պայմանագիրը հաստատում էր մոսկովյանի դրույթները։

Ըստ այդմ, «Խորհրդային Հայաստան»-ը՝ որպես ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ԽՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի պաշտոնաթերթ, 1922 թվականի ապրիլին մեկնարկող Ջենովայի խաղաղության կոնֆերանսին ընդառաջ հրապարակված իր առաջնորդողում անդրադարձ կատարեց Կարսի պայմանագիրը ՀԽՍՀ գործադիր իշխանության մարմնի՝ Կենտգործկոմի կողմից վավերացնելուն։

«Հաշտության ակտ» կոչելով պայմանագիրը, որով, ինչպես վերևում նշեցինք՝ հաստատվեց Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքների թուրքական զավթումն օրինականացնող Մոսկվայի պայմանագիրը, «Խորհրդային Հայաստանը» կանխատեսում էր «հերթական վայնասունը գաղութային հայ մեծամիտ ազգայնականների, մասնավորապես դաշնակցականների բանակում», որոնց՝ «ավանտյուրիստական տակտիկայի հերոսների» համար, թերթի համոզմամբ, «գանձ չէ խաղաղության և շինարար աշխատանքի այն մթնոլորտը, որն այժմ տիրում է Խորհրդային Հայաստանում»։

Խոսելով նոր ձևավորված իրավիճակի մասին՝ թերթն արձանագրում էր «երկրի խաղաղությունը և բարեկամական այն հարաբերությունները, որը հաստատել է իր հարևանների, մասնավորապես Թյուրքիայի հետ»՝ շեշտելով քեմալական Թուրքիան «խորհրդային ֆեդերացիայի ազդեցությունից» հանելու և իմպերիալիստների գիրկը ձգելու՝ «կապիտալիստական աշխարհի դիպլոմատիական նուրբ խաղերի» անթույլատրելիությունը։




Այսպիսով, խորհրդայնացված Հայաստանի պետական մամուլի գլխավոր գործիքներից մեկը ոչ միայն քարոզում էր «բարեկամ Թյուրքիան» խորհրդային ծիրում պահելու անհրաժեշտությունը, այլև համոզված էր, որ դա իրողություն է, որին պետք է ամեն գնով աջակցել, այդ թվում միջազգային համաժողովներում։
Թե ինչ զարգացումներ տեղի ունեցան մասնավորապես ԽՍՀՄ և «եղբայր» Թուրքիայի հետագա հարաբերություններում՝ ցույց տվեց ժամանակը, իսկ մինչ այդ փաստենք, որ հայ ժողովրդին հրահանգ էր տրված մոռանալ ոչ հեռու անցյալի ցեղասպանությունը և ապրել պարտադրված «հաշտության ակտերով»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ