Արցախյան 44-օրյա պատերազմից և հատկապես նախորդ սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմնավորում էին Հայաստանի Հանրապետության 29800 քառակուսի կմ ինքնիշխան և միջազգայինորեն ճանաչված տարածքը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Այս նպատակով դեռ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքը, իսկ 2023 թվականի մայիսին հայտարարեց, որ այդ տարածքը ընդգրկում է դեռևս չհայաթափված Արցախը և նախկին անկլավները։
Փաշինյանի այս հայտարարությունից հետո բազմաթիվ փորձագետներ պնդեցին, որ Ադրբեջանն անգամ այս զիջումից հետո չի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և իր զորքերը դուրս չի բերելու մեր երկրի օկուպացված տարածքներից, որոնք նա գրավել էր 2021-2022 թվականների սահմանային ներխուժումների ժամանակ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին բազմիցս հայտարարել էր, որ մտադիր չէ իր երկրի զորքերը հետ քաշել հայ-ադրբեջանական գոյություն ունեցող սահմանից։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը և իր կուսակցության անդամները տևական ժամանակ պնդում էին, որ ՀՀ ինքնիշխան տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ, և դա իրենք անգիր գիտեն։ Դեռևս 2021 թվականի նոյեմբերի 23-ին Փաշինյանն իր հետպատերազմական առաջին մամուլի ասուլիսիցներից մեի ժամանակ նշել էր, որ միլիմետրերով գիտեն, թե Սովետական Հայաստանի տարածքը որտեղով է անցնում, իսկ գոյություն ունեցող և քննարկվող քարտեզները պետք է իրավական հիմքեր ունենան։
«Ըստ իս՝ թյուրիմացություն կա սահմանազատման և սահմանագծման բանակցությունների վերաբերյալ: Ինչքանով որ հասկանում եմ հարցերից, տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման և սահմանագծման արդյունքների մասին, այդպիսի բան հնարավոր չէ: Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին՝ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսելու է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացնել: Այդ թղթի մեջ գրված չի լինելու, թե սահմանը որտեղով է անցնելու: Դա տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,- պնդել էր նա։
Սակայն, ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այս դեպքում նույնպես Նիկոլ Փաշինյանը կարծես թե հիշողության կորուստ է ունեցել։ Նա իր այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրականում 29800 քառակուսի կմ-ն կլորացված թիվ է եղել, և, ըստ խորհրդային վերջին հանրագիտարանի, Հայաստանի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ։
«Անցյալ շրջանի մի դրվագի մասին խոսեմ, որը վերաբերում է 29800 քառակուսի կմ-ին: Երբ բանակցություններում խոսք գնաց, որ պետք է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն: Ինչո՞ւ է շարունակվում այդ խոսակցությունը, մի պարզ պատճառով:
Բրյուսելի բանակցային սենյակում այդ հարցը ծագեց՝ իսկ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով: Ինչ նկատի ունի Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով: Այս խոսակցության ընթացքում, է որ խոսակցությունը զարգացավ դեպի այն կետը, որ երեւի կան օբյեկտիվ տվյալներ, եւ պետք է հղում անել այդ տվյալի վրա: Գաղափարն ընդհանուր առմամբ դիտարկելի էր, և քննարկելի էր: Մենք ասացինք՝ շատ լավ, բայց մի րոպե, ի՞նչ թիվ: Պատկերացրեք իրադրության լարումը, որ կողմերը պետք է ասեն՝ մեր երկրի տարածքը այսքան է:
Այնտեղ առաջացավ գաղափար, որ եկեք ուրեմն, հետո որ դուրս գանք, հայտարարենք այն թիվը, որը ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ:
Այդ տվյալները փոխանցվեցին ԵՄ խորհրդի նախագահին և նա այդ թվերը հրապարակեց: Հետո պարզվեց, որ 29800 թիվը կլորացրած է ևտեքստի մեջ կա ուրիշ թիվ՝ 29743 քառակուսի կմ: Այդ թվում ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի պետական մարմինների կայքերում Հայաստանի տարածքը 29800-ից պակաս է գրված»,- հայտարարեց Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։