copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 19:40 26-01-2024

Վիտալի Բալասանյանի որդու կարգավիճակի վերաբերյալ տեղեկություն չունենք․ պաշտպան

«Այն տեղեկությունը, թե հազարավոր սիգարետներ են հայտնաբերել, սուտ է, կեղծիք է, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի որդու՝ Արթուր Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով վերջինիս կողմից 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախին որպես հումանիտար օգնություն ուղարկած ծխախոտը բլոկադայի օրերին իրացնելու գործին։

«Նախաքննության ընթացքում մենք բերել ենք հիմնավորումներ, ապացույցներ, որ այդ ծխախոտները որևէ բարեգործական կազմակերպության կողմից չեն ուղարկվել Վիտալի Բալասանյանին՝ բանակին տրամադրելու հետ կապված, այլ դա պարզապես իր ընկերական շրջապատի կողմից ուղարկված ծխախոտ է, որի մի մասը բաժանվել էր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց և որոնք ծխախոտ էին վերցնում և գնում մարտական դիրքեր»,- ասաց Վիտալի Բալասանյանի որդու փաստաբանը։

Արթուր Բալասանյանն անցնում էր նաև Արցախի Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամից 74 մլն դրամ պետական վարկը փոշիացնելու գործով, փաստաբան Ռաֆայել Մարտիորսյանն անդրադարձավ նաև դրվագին։

«Դա էլ կապված էր մեղվի փեթակների հետ։ Համապատասխան ծառայություն իրականացնող մարմիններին մենք ցույց ենք տվել փոխանցումներ՝ մեղվաբուծությունը զարգացնելու հետ կապված, որոնց վերաբերյալ քննության ընթացքում քննիչի կողմից հարցում է կատարվել՝ պարզելու այդ հանգամանքը, սակայն տեղեկություն չունեմ պարզվե՞ց, թե՞ ոչ»։

Մարտիրոսյանի կարծիքով՝ սույն քրեական գործի հետևում ինչ-որ ուժեր են կանգնած եղել, որոնց նպատակը Վիտալի Բալսանյանի անունը սևացնելն է եղել․ «Փաստորեն վարկի ոչ նպատակային օգտագործման քրեական վարույթ նախաձեռնելու հարցը տրվեց հենց վարկային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո՝ 1 օր անց։ Այսինքն՝ դեռևս հայտնի չլինելով՝ այդ վարկը ոչ նպատակային է օգտագործվել, թե ոչ։ Բացի այդ, Արցախի Հանրապետության տարածքում վարկով ոչ նպատակային օգտագործելու հանցակազմի հատկանիշներով բացարձակապես քրեական գործ դատարան չէր մտել, իսկ դա նշանակում է, որ մեր կողմից բավարար չափով մտահանգություններ կան, որ տվյալ քրեական գործի քննության հետևում կանգնած են եղել ուժեր, որոնք փորձել են Վիտալի Բալասանյանին անվանարկել կամ մեկուսացնել՝ ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծելու համար»։

Ճշտող հարցին՝ Արթուր Բալասանյանն այս պահին ինչ կարգավիճակ ունի, պաշտպանը պատասխանեց․ «Կարգավիճակի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունենք»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 14-ին ձերբակալվել էր Վիտալի Բալսանյանի որդին՝ Արթուր Բալասանյանը։ Նա մեղադրվում էր ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառությունը ոչ նպատակային օգտագործելու համար, ինչի հետևանքով պետությանը պատճառվել էր խոշոր վնաս: