Միտք 2 տարի առաջ - 12:43 17-01-2024

Իշխանությունը կենտրոնանում է հետևանքների վրա, իսկ բուն պատճառների վրա կենտրոնացում չկա

Զինված ուժերում տեղի ունեցած վերջին ողբերգությունների համատեքստում նաև քննարկվեց «պոստում քնելու» և դրանից բխող ծանր հետևանքների հանգամանքը, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Սա, ըստ նրա, վտանգավոր երևույթ է ոչ միայն այն առումով, որ դիրքում ծառայության չիրականացումը թշնամու համար բարենպաստ հնարավորություն է ստեղծում կորուստներ պատճառելու և հայկական դիրքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տեսանկյունից, այլ նաև` տվյալ դիրքի անձնակազմի միջև անառողջ մթնոլորտի ստեղծման տեսանկյունից, որը որոշ դեպքերում արտակարգ պատահարների է հանգեցնում:

«Իշխանությունը, որպես կանոն, կենտրոնանում է հետևանքների վրա` ձերբակալություններ, պաշտոնանկություններ, նկատողություններ, տեղափոխություններ և այլն, իսկ բուն պատճառների վրա կենտրոնացում չկա, ըստ այդմ` նմանատիպ ողբերգությունները շարունակվում են:

Իսկ որո՞նք են պատճառները և ո՞ր ուղղությամբ պետք է գործի նորմալ պետությունը:

Դիրքում բուն ծառայության պահին հաճախ հանդիպող քնելու դեպքերի ճնշող մեծամասնությունը պայմանավորված են զինծառայողների հոգնածությամբ և ֆիզիլոգիական առանձնահատկություններով, նաև դիրքերում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներով, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է:

Իմ պրակտիկայում դեպքեր են հանդիպել, երբ զինծառայողը` հատկապես 03.00-06.00 ժամերին, հետդ խոսելիս «աչքը կպնում է»: Հանդիպել եմ նաև ցերեկային ժամերի, երբ ծառայության մեջ գտնվող քնած զինծառայողին շատ դժվար է եղել քնից հանել:

Սա նաև նշանակում է, որ դիրքի մնացած անձնակազմն էլ գրեթե նույն հոգնածությունն ունի, որի պարագայում պատշաճ մարտական հերթապահության իրականացումը խիստ վտանգվում է:

Պատճառները պետք է փնտրել անձնակազմի թվի, հերթափոխների ոչ հաճախակի արվելու մեջ` երկու դեպքերում էլ երբեմն արվում է հրամանի խախտումով, սակայն «ամենավերևների» իմացությամբ:

Հեշտ լուծում չէ, սակայն եթե իրականում նպատակ կա մարտական խնդիրների ճշգրիտ իրականացման և ողբերգությունների կանխման առումով, ապա առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը:
Սա նշանակում է, որ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով իրականացվող ծրագրերը, որոնք հատկապես ուղղված են զինծառայողների սոցիալ-կենցաղային հարցերին, տարաբնույթ ֆինանսական բավարարումներին, պետք է բերել առաջնային պլան:

Սա ոչ միայն ասածս խնդիրներն է լուծում, այլ շղթայական բարելավումների հնարավորություն ստեղծում բոլոր ուղղություններով»,- գրել է Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն