Մեկուկես տարի առաջ՝ 2023 թվականի մայիսին, Հայաստան ներմուծված շուրջ 1 տոննա կոկաինի գործով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, իսկ կոկաինի ճակատագիրն անհայտ է։ Համենայն դեպս՝ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա։
Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության լրատվության վարչություն՝ պարզելու, թե ի՞նչ փուլում է քննությունը, ինչպես նաև որտե՞ղ է առգրավված կոկաինը։
«Նախաքննություն է ընթանում»,- պատասխանեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսի 13-ին ՀՀ-ում 1 տոննա կոկաին էր հայտանաբերվել։ 4 օր անց՝ մայիսի 17-ին, ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը նախորդ ամիս Ազգային ժողովում, անդրադառնալով այս թեմային՝ նշել էր, թե մրգի արկղերում պահվող արգելված բեռներն անցել են մաքսակետում տեղակայված, այսպես կոչված, «կանաչ միջանցքով»․
«Փաստն այն է, որ մինչ այդ նման հնարավորություն ընձեռվել էր միրգ ներկրողին, որի պահեստում կոկաին էր հայտնաբերվել։ Ընկերությունը պարբերաբար միրգ է ներմուծել։ Ավելի վաղ դրա հետ կապված առանձնակի խնդիրներ չեն եղել, ուստի բեռներն անցնում էին «կանաչ միջանցքով»։ Սակայն հերթական խմբաքանակում կոկաին է հայտնաբերվել»,- պարզաբանել էր Աբազյանը։
Նշենք, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախորդ ամիս լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով կոկաինի ՀՀ մուտք գործելուն, նշել էր․
«Եթե մաքսային մարմինը Հայաստան մտնող բեռները 100 տոկոս զննի, մինչև Փոթի հերթ կգոյանա: Պետք է ռիսկերի ճիշտ համակարգ ունենալ, ճիշտ թիրախավորել, ճիշտ անել, և շատ կարևոր է համագործակցությունը տարբեր իրավապահ մարմինների միջև, միջազգային համագործակցությունը և այլն»։
Ի դեպ, ԴԱՀԿ նախկին պետ, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ կոկաինը 1 տոննա է եղել, բայց իրավապահները ձևակերպել էր 730 կիլոգրամ, նա հարց էր բարձրացրել, թե ո՞ւր է մնացած 270 կիլոգրամ կոկաինը։
ԱԱԾ տնօրենը ԱԺ-ում հայտնել է, որ կոկաինի ընդհանուր ծավալը կազմել է 788 կիլոգրամ։
Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում՝ 2023 թվականի մայիսի 16-ին, Իտալիայի ֆինանսական գվարդիան բռնագանձել էր Հայաստան ուղարկվող 2734 կիլոգրամ կոկաին։ Սրա վերաբերյալ ևս որևէ հայտարարություն, պարզաբանում չեղավ։