Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:30 10-01-2024

Անկախություն ձեռք բերեցինք՝ առանց դրա իմաստը հասկանալու. մշակութաբան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել կամ ձևախեղել բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում մնացած հայկական մշակութային ժառանգության կոթողները։ Ադրբեջանը կատաղի պայքար է մղում հատկապես հայկական եկեղեցիների դեմ՝ դրանք ներկայացնելով որպես ալբանական կամ ռուսական, սակայն ոչ երբեք հայկական։

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել հատկապես Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, որը հարևան երկիրը ձգտում է ներկայացել որպես ռուսական ուղղափառ եկեղեցի։ Ավելին, ադրբեջանցիները ոսկեգույն են ներկել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, ինչպես նաև իրենց քարոզչական ծրագրերում ներգրավում են Ադրբեջանում բնակվող ռուսական համայնքին։

Oragir.News-ի հետ զրույցում մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանն ընդգծեց՝ բոլորիս է հայտնի, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ռուսական ուղղափառ եկեղեցու հետ ոչ մի առնչություն չունի։ Նրա խոսքով՝ կեղծիքը, սուտը, մշակութային բռնությունը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև ողջ աշխարհում անցել են իրենց չափն ու սահմանը, ուստի կարիք չկա յուրաքանչյուր օրինակին առանձին անդրադառնալ։

«Այս պահին ինքս անձամբ այնպիսի անզորություն եմ զգում և չեմ կարծում, թե խոսքս որևէ նշանակություն է ունենալու։ Մեծ քաղաքական արհավիրքի մեջ ենք, որը համաշխարհային երևույթ է, տեսնում ենք, թե աշխարհում ինչ է կատարվում, և մենք ամենից շատն ենք տուժում, քանի որ մշակութային ժողովուրդ ենք։ Բարբարոս ցեղերի և ազգերի պայքարը մշակույթների դեմ հասել է իր գագաթնակետին, և մենք, ցավոք սրտի, այսօր պարտված ենք։ Ես հույս ունեմ, որ ժամանակաշրջանը փոխվելու է ու այս վիճակից դուրս ենք գալու, բայց հիմա այնպիսի անդունդի մեջ ենք, որ բոլորիս համար պարզ է, թե ինչու են հայկական մշակութային ժառանգության հետ նման կերպ վարվում»,- ասաց նա։

Կարինե Հակոբյանը հայտնեց նաև, որ երբ վերջին անգամ Էրզրումում էր, տեսել է, որ հայկական եկեղեցին ամբողջովին թաղված էր հողի մեջ, և միայն գմբեթն էր գետնի երեսին։ Նրա խոսքով՝ դա ահասարսուռ տեսարան էր, իսկ նման օրինակները շատ են։ «Մենք այնպիսի մեծ մշակույթի տեր ենք, որ մեզնից վերցնել են, յուրացրել են մեր մշակույթը, շատ դեպքերում ոչ միայն յուրացրել են, այլ նաև ոչնչացրել են մեր աչքի առաջ»,- նշեց նա։

Մշակութաբանը նշում է, որ հարցը քաղաքական է, իսկ մենք, որպես ժողովուրդ, շատ վաղուց չունենք մեր ազգային օրակարգը։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ երբ 1988 թվականին մեզ թվում էր, թե վերջապես մենք ունենք մեր ազգային օրակարգը, պարզվեց, որ դա մեր օրակարգը չէր, իսկ այն, ինչ տեղի է ունենում, պետք է հենց այդ համատեքստում դիտարկենք, քանի որ շարժվում ենք դրսից մեզ թելադրված ու պարտադրված օրակարգով։

Մեր հարցին, թե Հայաստանը ինչ քայլեր պետք է ձեռնարկի Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումն ու ձևախեղումը թույլ չտալու համար, Կարինե Հակոբյանը պատասխանեց, որ գոնե այսօր պետք է իրական մշակույթի նախարարություն ունենանք, քանի որ մեր իրական անկախությունը հենց այդ գիտակցումից է սկսում։ Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ ազգ ենք, ինչ մշակույթի տեր ենք և ժողովրդի, գոնե մտավորականության մեջ այդ զայրույթը պետք է լինի ու փոխանցվի քաղաքական մակարդակ, թե մեր մշակութային ժառանգության նկատմամբ ինչ բարբարոսություն է իրականացվում։

«Ի սկզբանե մենք անկախություն ձեռք բերեցինք՝ առանց հասկանալու դրա իմաստը․ անկախությունը մեր մշակութային ինքնությանը տեր լինելն էր։ Մենք դա չհասկացանք և հիմա էլ չենք հասկանում։ Առաջին հերթին պետք է գանք այդ գիտակցությանը և ՄԱԿ-ի, ԵՄ-ի բարձր ամբիոններից հնչեցնենք, թե ինչ ենք տվել աշխարհին և փոխարենը ինչ ենք ստացել՝ որպես շնորհակալություն։ Այդ ամբիոններից պետք է ասվի՝ ինչ է Շուշին համաշխարհային մշակույթի համար, ինչ է հայկական ճարտարապետությունը համաշխարհային մշակույթի համար, և որքան են իրենք պարտական մեզ դրա համար։ Իրենք ինչ ունեն, այդտեղից է գալիս, և այստեղ ծնողի հանդեպ զավակի ապերախտության վերաբերմունքն է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com