Սևան մտնելու համար 10 հազար մարդը ինչի՞ համար պիտի տա․ թող ավտոկանգառի համար վճարի․ Փաշինյան
copy image url

Սևան մտնելու համար 10 հազար մարդը ինչի՞ համար պիտի տա․ թող ավտոկանգառի համար վճարի․ Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:57 13-07-2023
Կառավարությունը որոշեց «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափեր ստեղծել։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:

Արդեն ձևավորվել է 8 հանրային լողափ։ Գործում են անվճար ծառայություններ, սակայն սպասարկող ընկերությունների կողմից կլինեն վճարովի ծառայություններ։

«Իհարկե, սպասարկող ընկերությունների կողմից կլինեն նաև վճարովի ծառայություններ։ Ունենք նաև ձևավորած այնպիսի ստանդարտներ, որպեսզի քաղաքացիների հանգիստը հանրային տարածքներում պատշաճ լինի` ծխել չի կարելի, բարձր երաժշտություն չի կարելի, ավելի ճիշտ` երաժշտությունը մի կետից է լինելու, թույլատրվում է միայն թույլ ալկոհոլային խմիչք։ Այսպիսի ստանդարտեր ունենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հանրային հանգստի այդ հատվածներում մեկը մյուսին չխանգարել ու իրենց հանգիստը ճիշտ կազմակերպել»,- ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

ՇՄ նախարարը նաև հայտնեց, որ ներկայում Սևանի ափին 8 հանրային լողափ կա՝ Սևանի քաղաքային 2 լողափերը, թերակղզու լողափը, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի և Ծովագյուղի հանրային լողափերը: 8 հանրային լողափերից պառկելաթոռներով, հովանոցներով, զուգարաններով, խաղահրապարակներով, ավտոկայանատեղիներով, հանդերձարաններով, նստարաններով, բուժկետով, փրկարարական կետով և այլ անհրաժեշտ պարագա-ծառայություններով մինչ օրս կահավորված են միայն 3-ը` Սևանի ու թերակղզու լողափերը։ Կայացած մրցույթների արդյունքում մեկնարկել են մյուս լողափերի կահավորման աշխատանքները, իսկ 1-ում` Նորատուսի լողափում, հայտարարված մրցույթների արդյունքում հայտեր չեն ներկայացվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե մի քանի անգամ այցելել է հանրային լողափեր, փորձել է դուռը բացել ու բռնակը ձեռքում է մնացել, սանիտարական վատ վիճակ է տեսել, կոտրված նստարաններ, աղբի կուտակումներ։

«Էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին։ Հիմա ես հանձնարարել եմ՝ մրցույթով պետք է հանրային լողափեր ստեղծենք ու տանք կառավարման։ Ցանկացած քաղաքացի կարող է գնալ, նստել ափին ու ամբողջ օրն անցակցնել այնտեղ, իր հետ տանել ուտելիք, անհրաժեշտ պիտույքներ, բայց, մյուս կողմից, եթե քաղաքացին ուզում է օգտվել որոշակի ծառայություններից, պետք է վճարի ու օգտվի, սա արվում է նրա համար, որ մասնավոր հատվածը շահագրգռվածություն ունենա ներդրումներ անել, պատշաճ վիճակի բերել տարածքը ու սպասարկում իրականացնել, որի արդյունքում կստեղծի անհրաժեշտ միջավայր՝ պատշաճ հանգիստ անցկացնելու համար»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ անվճար սանհանգույցը երբեք նորմալ չի լինելու. թող լինի վճարովի, բայց արժանապատիվ։

«Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար, մենք պետք է արգելենք մուտքի համար որևէ վճար տալ, բայց, եթե ավտոկանգառ կա, որն անվտանգություն է սահմանում, որ մարդը 200 դրամ վճարի, ի՞նչ կլինի, թող վճարի, հանգիստ կլինի, ոչ թե կես ժամը մեկ վազի նայի՝ ավտոյի հայելիները տարե՞լ են, թե՞ չէ»,- ասաց Փաշինյանը։