Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 22-01-2026

Ինչի պիտի ես 100 հազար ստանամ, նրանք՝ միլիոններ. հարցում՝ պարգևավճարների մասին

Երեկ Ազգային ժողովում պատգամավոր Աննա Գրիգորյանի մի շարք հայտարարություններից հետո Փաշինյանը մի պահ հունից դուրս եկավ և վստահեցրեց, որ պարգևավճարների տրամադրմամբ իշխանությունները «ուժեղացնում են աղքատության վերացմամբ զբաղվող համակարգը»՝ ընդգծելով, որ պետական համակարգի արդյունավետ աշխատանքից է կախված երկրում աղքատության մակարդակի նվազեցումը։

Այս հայտարարությունից հետո Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ նախարարներին 6–7 մլն դրամ պարգևավճար տալը ամրապնդում է պետությունը»։

Քաղաքացիների արձագանքները կտրուկ տարբեր էին՝ սկսած լիակատար աջակցությունից մինչև կոշտ քննադատություններ։

Մի տղամարդ ամբողջությամբ արդարացրեց կառավարության մոտեցումը՝ ընդգծելով, որ պարգևավճարներն արդար են․ «Իհարկե, համաձայն ենք, դա ճիշտ որոշում է։ Նրանք միշտ էլ բաժանել են, ոչ կաշառք են վերցնում, ոչ թալանում։ Օրենքով սահմանված կարգով իրենց պարգևավճարն ա, պիտի ստանան։ Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են։ Նախկինում ինչ էին անում՝ գրպաններից, տակից ամեն ձև կաշառք էր գնում։ Հիմա թող մարդիկ իրենց պարգևավճարը ստանան, շատ քիչ ա։ Կրկնակի, եռակի պիտի ստանան։ Ես պետական ծառայող չեմ, բայց շատ ճիշտ, շատ գեղեցիկ ու շատ արդար եմ համարում»։

Հակառակ տեսակետ հայտնեց մի տարեց տղամարդ՝ նշելով, որ գումարները կարելի էր այլ կերպ օգտագործել․ «Ո՛չ, համաձայն չեմ։ Շատ սխալ բաներ են։ Էդ գումարը կարելի էր ուրիշ լավ բանի վրա ծախսել։ Սովետաշենի զիբիլանոցը նորոգեին՝ ավելի լավ կլիներ։ Ժողովուրդը գոհ կլիներ։ Ընտրություններն էլ մոտենում են, էդպես ժողովուրդը ավելի կուրախանար»։

«Կանեչնո, համաձայն եմ, ամեն ինչով համաձայն եմ Փաշինյանի հետ»,- ասաց մի հարցված։

Մեկ այլ տղամարդ հարցին մոտեցավ բարոյական տեսանկյունից՝ շեշտելով, որ առաջընթաց չի տեսնում․ «Առաջին հերթին իրենք աշխատավարձ են ստանում աշխատանքի համար, ոչ թե կոռուպցիայի կանխարգելման։ Պարգևավճարը պիտի լինի, երբ իրական արդյունք կա։ Այս պարագայում ես նման առաջընթաց չեմ տեսնում։ Իրավական առումով գուցե ճիշտ է, բայց բարոյական տեսանկյունից՝ սխալ»։

Մի կին կտրուկ արձագանքեց. «Ոչ մի դեպքում։ Ինչի՞ պիտի ես 100 հազար ստանամ, իրանք՝ միլիոններ։ Համաձայն չեմ»։

Կային նաև առավել կոշտ գնահատականներ․ «Ո՞վ կարող է համաձայնել։ Կա՞ մարդ, որ համաձայն ա։ Աջակիցներն ուրեմն ապուշ են»,- ասաց մի տղամարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։