Ներքին Միտք 1 ժամ առաջ - 19:00 26-10-2026

ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

«Այնուհետև սկսեց առաջ քաշել կրտսերներին ավագների միջից, և անարգներին պատվականների միջից, և տգետներին գիտունների միջից, և վախկոտներին քաջ մարդկանց միջից. և էլ ի՞նչ մեկ-մեկ թվեմ, բոլոր անարժաններին առաջ էր քաշում, իսկ բոլոր արժանավոր մարդկանց հետ էր տանում»։- Եղիշե, «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին»։

ՔՊ-ում ցնծում են, տոնում ՏԻՄ ընտրություններում հոկտեմբերի 25-ի հաջողությունը։ Նիկոլ Փաշինյանը լայն ժպիտով հայտարարում է, թե հաղթել են, ընդդիմություն չկա, նորը պետք է ձևավորվի։

Ինչպե՞ս դա հաջողվեց ՔՊ-ին, ինչպե՞ս կարողացան ջախջախիչ հաղթանակ տանել։

Բանն այն է, որ ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունները հետևողականորեն ապաքաղաքականցվել են, զրկվել քաղաքական բովանդակությունից։ Դա կազմակերպվել է ոչ միայն քաղաքական մեծամասնության կողմից, այլև այն ուժերի, որոնք նպատակ են հետապնդել կազմաքանդել ՀՀ քաղաքական համակարգը։ Հոկտեմբերի 25-ին ընտրողները չէին ընտրում այս կամ այն կուսակցությանը, ոչ էլ այս կամ այն քաղաքական գործչին, այլ թաղային հեղինակությանը, որը կտնօրինի համայնքի բյուջեն, հարուստից հարկեր կգանձի, ողորմություն կտա աղքատին։

Եթե ՔՊ-ն պետության մասին մտածեր, ապա կփորձեր փոխել ապաքաղաքական այս ընկալումը։ Այնինչ՝ նա գնաց տրորված արահետով։ Հոկտեմբերի 25-ին եղանակ էին որոշում ապաքաղաքական տարրերը, տեղական հեղինակությունները, որոնք ոչ միայն իրենց քաղաքական գործիչ չեն համարում, այլև անհարգալից վերաբերմունք են դրսևորում քաղաքականության և քաղաքական գործչի հանդեպ ընդհանրապես։

Սա վտանգավոր է, քանի որ քաղաքականության և քաղաքական գործչի հանդեպ արհամարհանքը սահուն վերաճում է ժողովրդավարության և անկախության հանդեպ արհամարհանքի։ Նորմալ երկրում այսպիսի մոտեցումներ ունեցող մարդիկ այս վտանգը գիտակցում են և պարկեշտորեն հեռու են մնում քաղաքական համակարգից կամ ներգրավվում են միջնորդավորված, ոչ իրենց դեմքերով։

Պատկերացնո՞ւմ եք ժողովրդավարական որևէ երկրում ապաքաղաքական տարրը, քաղաքական գործչին արհամարհողը, իրեն միայն վարչարար կամ բիզնեսմեն համարողը գլխավորի կուսակցության կամ դաշինքի համամասնական ցուցակը։ Այդ երկրի հայրերը ամոթից գետինը կմտնեն կամ գերեզմանում շուռ կգան։

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ համայնքապետը քաղաքական պաշտոն է։ Բայց ՀՀ-ում համայնքապետերի մեծ մասը առանց վատ զգալու՝ հայտարարում է, թե ինքը քաղաքական գործիչ չէ, ոմանք անկուսակցական են կամ այնքան հաճախ են կուսակցություն փոխում, որ անլրջացնում են և՛ կուսակցությունը, և՛ ընտրությունները, և՛ քաղաքական համակարգն ընդհանրապես։ Նրանց ժողովրդականությունը կապ չունի նրանց քաղաքական դիրքորոշման հետ։ Նրանք երեկ ՀՀԿ-ական էին, այսօր ՔՊ-ական։ Այս առումով՝ նրանք քաղաքական քամելեոն են, քաղաքական սկզբունքներ չունեն, չեն էլ ուզում քաղաքական որոշումներ ընդունել։

Օրինակ՝ երբ եվրոպական որևէ երկրից ներդրողն ուզում է ՀՀ որևէ համայնքում ներդրում կատարել, ապա ապաքաղաքական մտածողությամբ համայնքապետը փախչում է ներդրումային առաջարկից, պատասխանատությունը գցում Կառավարության վրա։ Արդյունքում՝ արտաքին պոտենցիալ ներդրողը ստիպված է լինում երկար սպասել կամ այլ երկիր է փնտրում իր գումարը ներդնելու և շահույթ հետապնդելու համար։ Այսինքն՝ ՏԻՄ ընտրություններում ապաքաղաքական մոտեցում ունեցողների հաղթանակը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ռեալ վնաս է պատճառում համայնքին, զրկելով շահավետ ներդրումներից։

Կարճ ասած՝ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցածը քաղաքական ընտրություն չէր։ Տեղի ունեցածը ապաքաղաքական ցուցադրություն էր, թե ՀՀ-ում չկա քաղաքական մրցակցություն, չկան ժողովրդավարական կուսակցություններ, ժողովուրդը հասու չէ հարազատելու ժողովրդավարական արժեքները։ Մասնավորապես՝ եթե ՔՊ-ն ժողովրդավարության ջատագով կուսակցություն է, ապա հոկտեմբերի 25-ին նա ամոթալի պարտվել է, հաղթել են ապաքաղաքական քամելեոնները։

Մնում է հասկանալ, թե ինչպե՞ս են ապաքաղաքական քամելեոնները քաղաքական պատասխանատու պաշտոններ զբաղեցնում, տվյալ պարագայում՝ տեղական իշխանություն դառնում անկախ և ժողովրդավարական Հայաստանում։ Գուցե Արևելքի իշխա՞նն է այս ամենն անում՝ առաջ քաշում կրտսերներին ավագների միջից, և անարգներին պատվականների միջից, և տգետներին գիտունների միջից, և վախկոտներին քաջ մարդկանց միջից։


Թաթուլ Մկրտչյան