Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:42 25-05-2023

105 տարի առաջ, այս օրը 24-ամյա շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցն իր կյանքը նվիրաբերեց հայրենիքին

105 տարի առաջ, այս օրը, մայիսի 25-ին, 24-ամյա շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցն իր կյանքը նվիրաբերեց Հայրենիքին, այր, ում հերոսությունը եթե չլիներ, գուցե թե մենք այսօր պետություն չունենայինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։ Նա, մասնավորապես գրել է․

«ՉԹՈՂՆԵՔ ԻՆՁ ԱՅՍՏԵՂ ՈՒ ՎՐԵԺՍ ԿԼՈՒԾԵՔ»

105 տարի առաջ, այս օրը, մայիսի 25-ին, 24-ամյա շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցն իր կյանքը նվիրաբերեց Հայրենիքին, այր, ում հերոսությունը եթե չլիներ, գուցե թե մենք այսօր պետություն չունենայինք:

1918 թվական:
Թուրքական բանակը, չհանդիպելով որևէ դիմադրության, մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում:

Հայկական զորքերի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը պահանջում է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ: Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ:

Գուրգեն Տեր-Մովսիսյանցն այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք ունի այդպէս վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»:

Այս ասելով` կապիտան Մովսիսյանցը լքում է խորհրդակցության սրահը և իր հրետանավորներին պատրաստում Ղարաքիլիսա մեկնելու:

Այստեղ նկատենք, որ մի քանի օր առաջ Արամ Մանուկյանը հեռախոսազրույց ունենալով Դիլիջանում գտնվող Ալեքսանդրապոլի Ազգային Խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Հակոբյանի հետ, ասել էր՝ «Պատրաստվում ենք վճռական ճակատամարտ տալու Սարդարաբադի մոտ: Ի սեր Աստծո, գոնե երեք օր պաշտպանեցեք Ղարաքիլիսայի ճակատը, որ թշնամին իր այդ կողմի ուժերը չբերի մեր վրա»:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցը այս դեպքից մեկ ամիս անց իր զեկուցագրում նշել է`
«Մարտկոցն իր գեղանի-հերոս հրամանատարի` շտաբս կապիտան Մովսիսյանցի գլխավորությամբ, ում հավատում էին բոլոր զինվորներն ու սպաները, երգելով, ուրախ կանչերով, բոլորը ձիերի վրա, շարժվեցին առաջ մարդկանց չդադարող ուռաների ու ծնկաչոք կանանց կողմից հնչեցվող բարեմաղթանքների ուղեկցությամբ: Մարտկոցը ողջ գիշեր առանց ընդմիջման շարժվեց առաջ, և մայիսի 24-ի առավոտյան հասանք Ղարաքիլիսա»:

Ղարաքիլիսա են մեկնում նաև Դիլիջանում գտնվող զինվորականները, ինչպես նաև Նժդեհի կոչով զենք վերցրած աշխարհիկ տղամարդիկ:

Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպում են հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը:
Կապիտան Մովսիսյանցը մայիսի 25-ին զոհվում է մարտում:

Շտաբս-կապիտան Պետրոսյանցը հիշում է՝ «Հանկարծ տեսանք, թե ինչպես հրամանատար Մովսիսյանցը ընկավ ձիուց, իսկ ձին սլացավ: Նետվեցինք առաջ, բարձրացրինք նրան, բայց մեր հերոս հրամանատարն արդեն չկար. Փամփուշտը խոցել էր նրա որովայնը: Նա հասցրեց ասել՝
«Չթողնեք ինձ այստեղ և վրեժս լուծեք»:

Մեր բոլոր զինվորները, թողնելով հրանոթները և վերցնելով հրացանները, նետվեցին թուրքերի վրա՝ կանչելով՝

- Չկա հրամանատարը, էլ ինչու ենք ապրում մենք:

Փամփուշտների հեղեղի տակ ես ստիպված էի ձիով ընթանալ ռազմի դաշտում և աղաչել զինվորներին ետ գալ ու հրանոթները գործարկել»:

Զինվորները կատարում են իրենց հրամանատարի վերջին պատգամը` վրեժ լուծել թուրքերից:
Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Թուրքերի առաջխաղացումը կաշկանդվում է և նրանց հյուսիսային բանակը զրկվում է Երևանի մոտերքում գտնվող զորքին աջակցության հասնելու հնարավորությունից: Եվ հայերին հաջողվում է շահել Սարդարապատի ճակատամարդը ու փրկել երկիրը:

Ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ եթե հայերը համաձայնեին հրամանատարության պահանջին ու զենքերը վայր դնելով՝ հանձնվեին թուրքերի հյուսիսային բանակի ողորմածությանը, ապա գուցե թե չլիներ այսօրվա Հայաստանը:

Եվ այդտեղ անգնահատելի է կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանցի սխրանքը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար