Ուղիղ եթեր
Ստեփանակերտում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի 2-րդ ծրագիրը
copy image url

Ստեփանակերտում մեկնարկել է «Մատենա» միջազգային դպրոցի 2-րդ ծրագիրը

Ներքին 2 տարի առաջ - 13:20 07-05-2023
Ստեփանակերտում մայիսի 6-ին մեկնարկել է  «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ ծրագիրը, որը նախատեսված է Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտների ղեկավարների և մասնագետների համար:

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության հետ համագործակցաբար: Երկօրյա դասընթացը  հիմնականում վերաբերելու է ռազմավարական առաջնորդությանը, ժամանակակից աշխարհում առաջնորդների դերին, վստահությանը,  կառավարման և առաջնորդության հարցերին: Մասնակիցները հնարավորություն կունենան ունկնդրել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային մասնագետների, որոնք դասընթացը կվարեն առցանց եղանակով:

Ծրագրի մասնակիցներին ողջունել է Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր և «Մատենա» միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ չնայած շրջափակման դժվարություններին՝ դեռ անցյալ տարի մեկնարկած ծրագրերը շարունակվում են:

«Ես ուրախ եմ, որ ծրագրին մասնակցելու համար մեծ թվով հայտեր են ստացվել: Սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան ամուր ու անկոտրում է արցախցին, որ անգամ այս դժվարին իրավիճակում կարևորում է գիտելիքը:  «Մատենա»-ի այս երրորդ ծրագիրը հիմնականում նվիրված է ռազմավարական առաջնորդությանը, որի հիմքում վստահությունն է: Առաջնորդների, պետական ինստիտուտների նկատմամբ  վստահությունն առանցքային խնդիր է: Եթե կա այդ վստահությունը՝ ցանկացած դժվարություն ու մարտահրավեր  հնարավոր է հաղթահարել»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր և  տնօրեն Ռուբեն Հայրապետյանը  նշել է, որ «Մատենան»  ձգտում է միջազգային լավագույն դպրոցների փորձը տարածել Հայաստանում և Արցախում:

«Համակարգերը, ինստիտուտներն ստեղծողը մարդն է, մասնագետը, դուք եք: Ու հենց դուք պետք է ստանձնեք այդ պատասխանատվությունը: Ժամանակակից աշխարհում այլևս չկան մշտական գիտելիքներ կամ մշտական հմտություններ, ամեն ինչ անընդհատ և մեծ արագությամբ փոխվում է: Եվ որպեսզի դուք պատրաստ լինեք այդ համակարգերն ստեղծելու և առաջնորդության պատասխանատվության, դուք պարբերաբար պետք է ներգրավված լինեք սովորելու գործընթացում: Սա ժամանակակից աշխարհի ամենաէական պահանջներից է»,-նշել է Ռուբեն Հայրապետանը:

Ծրագրում ընդգրված է շուրջ 50 մասնակից Արցախի պետական և մասնավոր ոլորտներից: Նշենք, որ սա արդեն «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ դասընթացն է Արցախում։ Վերապատրաստումների առաջին ծրագիրն անցկացվել էր 2022-ի նոյեմբերին՝ Արցախի պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար։ Դեկտեմբերին կազմակերպվել էր ծրագրի երկրորդ փուլը՝ պետական բարձր և միջին օղակների աշխատողների համար։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
18:32 Նախքան երեխային թույլ կտաք դրսում լինել առանց մեծահասակների, սովորեցրեք ինքնապահովման հմտություններ. Արմեն Մուրադյան
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական
23:35 Մայիսի 13-ին լույս չի լինի Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում

Ձեզ գուցե հետաքրքրի