Երևանի փոխքաղաքապետ, իսկ որ ավելի ակնառու է՝ արդեն իրեն քաղաքապետ հռչակած Տիգրան Ավինյանն այսօր ներկա չէր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարաան խորհրդակցությանը, որը, աշխատանքի բաժանման արդյունքում, պետք է վարեր ինքը։ Հարց է առաջանում՝ վաղաժամ քաղաքապետի աթոռին բազմելուց հետո մի՞թե Ավինյանը հավեսը հանել է քաղաքապետի պաշտոնից։ Թե հավատարիմ է իր գործելաոճին ու ամեն ինչից վեր կրկին դասել է իր այդքան սիրելի հանրօգուտ աշխատանքը։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում, երբ դեռ հրաժարական չէր տվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը յուրաքանչյուր երկուշաբթի տեղի ունեցող գործակարգավարական խորհրդակցություններին նախընտրում էր չմասնակցել՝ պատճառաբանելով, որ հանրօգուտ աշխատանքով է զբաղված։ Բայց շաբաթական մեկ անգամ ընդամենը մեկ ժամ նիստին մասնակցելուն չտրամադրելը նույնիսկ ծիծաղելի էր թվում։ Այս մասին բազմիցս գրել էր նաև Օragir.News-ը։ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետարանում առաջին գործակարգավարական խորհրդակցությունն անակնկալ կերպով վարում էր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Եվ թեպետ քաղաքապետի ԺՊ է նշանակվել առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, պարզվեց, որ նիստերը, որոնց նախկինում նախընտրում էր չմասնակցել Ավինյանը, այսուհետ որոշել է անձամբ վարել։