«Րոպե առաջ փորձում ենք վերականգնել դաշտային հրամանատարների խորհուրդը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Պատրիոտ դաշինք» ռազմահայրենասիրական կազմակերպությունների միության նախագահ, գեներալ Աշոտ Համբարձումյանը։
Աշոտ Համբարձումյանը վստահեցնում է, որ համախմբման դեպքում մենք կկարողանանք հաղթել և պահպանել մեր պետականությունը։
«Օր առաջ պետք է հեռացվեն այս իշխանությունները։ Ակնհայտ է, որ մոտենում ենք Արցախի հանձնման ավարտական փուլին։ Արդեն իսկ կասկածի տակ է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ծաղիկ խոնարհելու մեր հնարավորությունը․ կազմակերպում են բոլոր խոչընդոտները»,-հայտարարում է։
Աշոտ Համբարձումյանը անդրադարձավ նաև Ալիևի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի դրոշը շուտով ծածանվելու է Երևանում։
«Ստացվում է, որ Ալիևն ասում ու անում է, որովհետև մեր երկրի ներսում աջակիցներ ունի։ Մի բան պարզ է՝ եթե չսթափվենք, մտնում ենք կապիտուլյացիայի վերջնական փուլ։ Պետք է օր առաջ դրա դեմը առնենք։ Ես արդեն իսկ դիմել եմ դաշտային հրամանատարներին, ազատամարտիկներին, հասարակական տարբեր կազմակերպությունների․ բոլորն էլ կիսում են մտահոգությունս, և որպես միակ ճանապարհ, տեսնում են իշխանափոխությունը՝ ազգային համաձայնությամբ կառավարության ձևավորումը»։
Գեներալ Համբարձումյանը ասում է, որ հայրենիքի համար շատ հայեր պատրաստ են պայքարի, ու ամեն մեկն իր չափով ու իր ուժերի չափով․ «Իշխանությունները հայտարարում են՝ իբր ռեսուրս չունենք։ Սրա հիման վրա էլ թույլ չեն տալիս կրակել, բայց իրականում ռեսուրս ունենք։ Մեր վիլայեթում գտնվելը միևնույն մահն է։ Ավելի լավ է՝ զոհվենք ճակատամարտում։ Այս անկախությունը էժան չենք ձեռք բերել․ մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, իսկ իրենք նվեր են տալիս աջ ու ձախ։ Հայտարարում է՝ իբր լեգիտիմ վարչապետ է, բայց նա չունի երկաթյա մանդատ։ Անգամ դա իրավունք չի տալիս բաժանել մեր ստեղծածը»,-ընդգծում է Աշոտ Համբարձումյանը։