Գյումրին 17 օր ապրելու է թատերական կյանքով
copy image url

Գյումրին 17 օր ապրելու է թատերական կյանքով

Ներքին 2 տարի առաջ - 18:08 21-04-2023
Մշակույթի մայրաքաղաքում ապրիլի 24-ից մայիսի 10-ը կանցկացվի միջազգային թատերական փառատոն, որին կմասնակցեն երկու տասնյակից ավելի թատրոններ Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից։ Oragir.News-ի փոխանցմամբ՝ թատերական փառատոնին ընդառաջ այսօր հրավիրվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում քննարկվել են փառատոնի շրջանակում իրականացվող միջոցառումները։

Փառատոնի շրջանակում ներկայացումների հիմնական բեմահարթակները կլինեն Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերը, նախատեսված են նաև բացօթյա ներկայացումներ։ Փառատոնը Հայաստանում անցկացվող առաջին մեծամասշտաբ միջազգային միջոցառումն է, որին մասնակցելու համար Գյումրի կժամանեն ավելի քան 500 արտիստներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ։



«Միջազգային փառատոնը կարևոր առաքելություն ունի՝ հանրահռչակել հայկական թատերարվեստը, գնահատել մարզային թատրոնների ներուժը։ Միջազգային փառատոնին հայկական թատերախմբերից բացի մասնակցության հայտ են ներկայացրել արտերկրի հայտնի թատրոնները, որոնցից երկուսը միայն կխաղան աճեմյանական բեմում, մյուսները կմասնակցեն այլ ձևաչափով»,-հայտարարեց Միջազգային փառատոնի պրոդյուսեր Տրգրան Վիրաբյանը։

Վիրաբյանի խոսքով՝ աշխարահռչակ այլ թատերախմբերի ներկայությունն այս տարի հնարավոր չեղավ ապահովել, պատճառները տեխնիկական են, բեմերի հագեցվածության անհամապատասխանությունն էր խնդիրը։

Փոխնախարար Արա Խզմալյանն էլ փառատոնի անցկացումը Գյումրիում համարում է մշակութային կյանքի ակտիվացման լավագույն հնարավորությունն ու ազդակ։

Ըստ Խզմալյանի՝ մայրաքաղաքից դուրս միջազգային փառատոնների և միջոցառումների անցկացումը մարզերում մշակութային կյանքի եռուզեռն ապահովելու լավագույն տարբերակն է։ Թատրոնի և կինոյի քաղաքում՝ հին թատրոնի շենքում, 1912 թվականին բեմադրվել է Անուշ օպերան, և հենց այդ պատմական շենքի ճարտարապետական հորինվածքն էլ դարձել է միջազգային փառատոնի լոգոտիպը։



Փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 24-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խորհրդանշական «Մեծ լռություն» ներկայացումով, իսկ Գյումրիի թատրոնը փառատոնին ներկայացումներով հանդես չի գա, փոխարենն այդ օրերին հյուրախաղերով կլինի Հայաստանի մարզերում։ Գյումրիի թատերական փառատոնի հրավիրատոմսերի և տոմսերի 70 տոկոսը կտրամադրվեն անվճար։ Ներկայացումներին կհաջորդեն թատերական քննարկումները, որոնք կհեռարձակվեն նաև հեռուստաեթերով։