Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին իր ամենշաբաթյա մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մարտի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բանակցություններ կվարի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարները քննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը։ Կողմերը մտքեր կփոխանակեն ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում, և ՀԱՊԿ-ում երկկողմ փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ։
Զախարովան տեղեկացրել է նաև, որ Լավրովի և Միրզոյանի քննարկումը կկենտրոնանա տարածաշրջանային խնդիրների՝ այդ թվում նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի բարելավմանը , ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին»,- եզրափակել է Զախարովան։