Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:58 03-03-2023

Ատոմակայանը մեր վահանն է, որը զսպում է Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր լայնամասշտաբ հարձակումը. բնապահպան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը միջուկային մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և առհասարակ ողջ տարածաշրջանի համար։ Ալիևն ընդգծել է, որ Մեծամորի ատոմակայանը աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի լուրջ տեխնիկական խնդիրներ։

Բնապահպան Սիլվա Ադամյանն Oragir.News-ի հետ զրույցում, Ալիևի հայտարարությունից վրդովված, ասաց, որ տարիներ առաջ ատոմակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է եղել, որը լավ հետևանքներ մեզ համար չի ունեցել։

«Տարիներ առաջ մենք այդպիսի փորձ ունեցել ենք և ատոմակայանի կանգնելը մեզ վրա շատ թանկ նստեց»,- ասաց բնապահպանը։

«Ատոմակայանը մեր վահանն է, ճիշտ է, ինքը որոշակի վնաս պատճառում է շրջակա միջավայրին, որպես ատոմակայան, բայց այն մեր վահանն է և մենք իրավունք չունենք ատոմակայանը կանգնացնենք։ Մեր Կառավարությունը եթե նման բան արեց, դա մեր մահապատիժը կլինի»,- ասաց բնապահպանը։

Խոսելով Ալիևի ցանկություններից՝ Ադամյանը նշեց, որ չպետք է թույլ տան, որ Ալիևը նման պահանջներ և մտքեր հնչեցնի։ «Ալիևը ի՞նչ գործ ունի, ինչո՞ւ են թույլ տալիս, որ Ալիևը նման պահանջ ներկայացնի Հայաստանի Հանրապետությանը։ Թող գնա մի հատ Ադրբեջանում տիրող իրավիճակին նայի, մենք գործընկերներ ենք ունեցել, ում հետ աշխատել ենք ժամանակին, որոնք հիմա արդեն Ադրբեջանում չեն, փախել էին այնտեղից, նրանք ասում էին, որ էկոլոգիան ահավոր վիճակում է Ադրբեջանում։ Ամբողջ շրջակա միջավայրը աղտոտված է, թող գնա ինքը զբաղվի իր երկրի էկոլոգիայով, թե չէ մենք այստեղ այպիսի աղմուկ կբարձրացնենք, որ իր տեղը չի իմանա։ Եթե բանը հասել է նրան, որ իրենք այդպիսի հարցեր են դնում մեր երկրի առաջ, ուրեմն մենք էլ պետք է հարցեր դնենք իրենց երկրի առաջ, այդպես է ստացվում»,- ասաց Ադամյանը։

Ադամյանը նշեց, որ այս պահին էլ Ռուսաստանը Թուրքիայում է ատոմակայան կառուցում, որը մեզ համար ձեռնտու չէ։ «Ուրեմն մենք ատոմակայանը չշահագործենք, ինչ է՝ իրենց վնաս ենք հասցնում։ Իսկ որ Ռուսաստանը Թուրքիայում նոր ատոմակայան է սարքում, դա վնաս չի հասցնում, դա ոնց հասկանանք, ինչու այդ մասին չի խոսվում»։

Ադամյանը նշեց, որ ատոմակայանի ներկայությունը մեր երկրում զսպում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հնարավոր հարձակումը։ «Իրենք, հնարավոր է՝ մասշտաբային արձակում գործեն Հայաստանի վրա և դա աղետալի կլինի նաև իրենց համար, դրա համար իրենք ամեն կերպ ամեն ինչ փորձում են անել, որ ատոմակայանի հարցերը լուծեն»։

Եթե Թուրքիայի համար մեր ատոմակայանը մեծ վտանգ է ներկայացնում, ինչի է Թուրքիան նոր ատոմակայան պատրաստում, մեծ հզորությամբ, դա էլ մեր համար է, չէ՞, մեծ վտանգ ներկայացնում, դա ո՞նց հասկանանք»։

Անդրադառնալով Ալիևի հնչեցրած այն մտքին, որ Մեծամորի ատոմակայանն աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի լուրջ տեխնիկական խնդիրներ՝ Ադամյանն ասաց. «Հիմա, որքանով որ ես տեղեկացված եմ, մեր ատոմակայանում փոփոխություններ են կատարվում, մեծ փոփոխություններ են իրականացվում»։

Ամենից շատ դիտված