Աննա Հակոբյանը օրենքից դուրս է
copy image url

Աննա Հակոբյանը օրենքից դուրս է

Ներքին 2 տարի առաջ - 10:11 21-02-2023
Շաբաթներ առաջ Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն՝ ակնկալելով վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարզաբանումն այն մասին, թե ՀՀ կառավարության շենքում քանի աշխատասենյակ է հատկացվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակին։

Մենք խնդրել էինք ներկայացնել նաև այն իրավական կարգավորումները, համաձայն որոնց վարչապետի տիկինը կարող է աշխատասենյակ ունենալ կամ նրա աշխատակազմը կարող է տեղակայված լինել կառավարության շենքում։

Մենք մոտավորապես 2 շաբաթ է ակնկալում ենք մեր հարցման պատասխանը, սակայն Կառավարությունից այդպես էլ որևէ պարզաբանում չստացանք։

Այսօր մեր հարցին ի պատասխան, թե ինչու չեն պատասխանում գրավոր հարցմանը՝ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն ասաց, որ պետք է հստակեցնի, թե արդյոք ստացել են հարցումը, սակայն ավելի ուշ նա մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց։

Որ հարցումը հասել է Կառավարություն՝ կասկածից վեր է, քանի որ ի տարբերություն այս հարցման, նույն էլեկտրոնային փոստին մեր ուղարկած այլ հարցումների Կառավարությունում մշտապես պատրաստակամ են եղել և սահմանված ժամկետում պատասխանել են։

Փոխարենը Աննա Հակոբյանի գրասենյակին ուղարկած մեր բազմաթիվ հարցումները մնացել են անպատասխան։ Այդ անպատասխան մնացած հարցումներից մեկն էլ վերաբերում էր հենց Հակոբյանի գրասենյակին ու աշխատակազմին։

Փոխարենը Աննա Հակոբյանը շաբաթներ առաջ գրառում կատարեց՝ կիսվելով Չարենցի «Երկիր Նաիրին» կորցնելու իր ապրումների մասին։ Գրառման մեջ Հակոբյանը, մասնավորապես, նշել էր, որ գիրքը մոռացել էր Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի մեջ:

«Այդ ժամանակ դեռ ընդամենը 30-35 էջ էի հասցրել կարդալ: Երեւան հասնելուն պես գրախանութից մեկ այլ օրինակ գնեցի, որն այս անգամ ինձ հետ ճամփորդում էր Երեւանի Պռոշյան փողոցից Հանրապետության հրապարակ եւ հակառակ ուղղությամբ»:

Գրառումից կարելի է ենթադրել, որ Երևանի Պռոշյան փողոցից Հանրապետության Հրապարակ՝ ասել է թե, Կառավարության շենք և հակառակ ուղղությամբ ճանապարհը Հակոբյանի ամենօրյա երթուղին է։

Ստացվում է՝ Հակոբյանն իր գրասենյակով հարմար տեղավորվել է Կառավարության շենքում, պետությունից անհայտ հոդվածով գումար է ստանում, որով վճարում է գրասենյակի աշխատակիցներին ու ճանապարհորդում, բայց հարցումներին այդպես էլ չեն պատասխանում։

Ամենից շատ դիտված