Երևան +22°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:32 11-11-2022

Ֆեոդոր Դոստոևսկի և Աննա Սնիտկինա. մի սիրո պատմություն

1821 թվականի նոյեմբերի 11-ին ծնվել է ռուս մեծ գրող, գրականագետ, մտածող, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկին։ Իր ծնունդից 44 տարի անց նրա կյանքում հայտնվեց իր մեծ սերն ու երկրորդ կինը` Աննա Սնիտկինան։

Դոստոևսկին 40-ն անց, պարտքերի տակ կքված, ծանր հիվանդությամբ տառապող, բազմաթիվ հիասթափություններ ապրած խաղամոլ էր` անցյալում թողած անհաջող ամուսնությունը, մահվան դատավճիռը, տաժանակիր աշխատանքն ու աքսորը։

Աննան 20-ամյա կենսուրախ մի աղջիկ էր, ով մեծացել էր ընտանեկան ջերմ ու անհոգ միջավայրում։ Հոր մահից հետո, նա արծաթե մեդալով ավարտել էր Մարինյան օրիորդաց վարժարանը ու սղագրության դասընթացը և աշխատանք էր փնտրում իր մասնագիտությամբ։



Աննան առաջին անգամ հանդիպեց գրող Ֆյոդոր Դոստոևսկուն 1866-ի հոկտեմբերին։ Մինչ այդ նա հասցրել էր կարդալ ապագա ամուսնու բոլոր գրքերը, իսկ հիմա պետք է օգներ Դոստոևսկուն` նոր վեպը սղագրելու աշխատանքներում, որի տպագրությանը հանձնելուն մոտ մեկ ամիս ժամանակ էր մնացել: Պետերբուրգում՝ Մալայա Մեշչանսկայա փողոցի և Ստոլյարնի նրբանցքի անկյունում գտնվող տանը, Դոստոևսկին սկսեց նոր վեպի սյուժեն թելադրել իր օգնականին, որն էլ ջանասիրաբար սղագրեց ամբողջը։

Նրանք 26 օրում միասին արեցին անհնարինը. տպագրության պատրաստեցին «Խաղամոլը» վեպը, որը նախկինում սևագիր տեսքով էր միայն։ Եթե սա տեղի չունենար, ապա գրողն իր հրատարակությունների հեղինակային իրավունքներն ու հոնորարները 9 տարով պետք է փոխանցեր հրատարակիչ Ֆյոդոր Ստելլովսկուն, որն, ըստ Դոստոևսկու, «այնքան փող ուներ, որ կարող էր գնել ամբողջ ռուսական գրականությունը»։



Մեկամսյա լարված աշխատանքը մտերմացրեց Դոստոևսկուն և Աննային։ Իրենց անկեղծ զրույցի մասին հետագայում Աննան գրել է իր հուշերում։ Գրողն առաջարկել էր երիտասարդ աղջկան` իրեն պատկերացնել այն հերոսուհու դերում, որին սեր էին խոստովանել, և հարցրել էր, թե ինչպես կպատասխաներ դրան։

«Ֆյոդոր Միխայլովիչի դեմքը արտահայտում էր այնպիսի ամոթխածություն, այնպիսի սրտառուչ տառապանք, որ ես հասկացա` սա պարզապես գրական զրույց չէ, ու ես սարսափելի հարված կհասցնեմ նրա ինքնասիրությանն ու հպարտությանը, եթե խուսափողական պատասխան տամ։ Ես նայեցի ինձ համար այնքան սիրելի Ֆյոդոր Միխայլովիչի հուզված դեմքին և ասացի. «Ես Ձեզ կպատասխանեի, որ սիրում եմ Ձեզ և կսիրեմ ամբողջ կյանքում»,- գրում է Աննա Սնիտկինան։

Ըստ Աննայի հուշերի սա ոչ այլ ինչ էր, քան անսահման երկրպագություն և խոնարհում մարդու մեծագույն տաղանդի առջև։ «Նրա կյանքի ուղեկիցը դառնալու, նրա աշխատանքը կիսելու, կյանքը հեշտացնելու, երջանկություն պարգևելու երազանքը տիրեց իմ երևակայությանը, և Ֆյոդոր Միխայլովիչը դարձավ իմ աստվածը, իմ կուռքը, և ես, կարծես, պատրաստ էի ողջ կյանքում ծնկի գալ նրա առաջ»,- իր հուշերում գրում է Աննան։



Սրանք 20-ամյա աղջկա ռոմանտիկ մտքեր ու պարզապես խոսքեր չէին։ Աննան իր երազանքը իրականացրեց` դառնալով Դոստոևսկու համար ամուր թիկունք ու ապավեն։

1867-ի փետրվար 15-ին Տրոյիցկի տաճարում տեղի ունեցավ Ֆեոդոր Դոստոևսկու և Աննա Սնիտկինայի պսակադրության արարողությունը։

Սա Դոստոևսկու երկրորդ ամուսնությունն էր. նրա առաջին կինը մահացել էր թոքախտից։ Միայն երկրորդ ամուսնության ժամանակ գրողը հասկացավ, թե ինչ է երջանկությունը։

Իսկ Աննան ամուսնությունից հետո գիտակցեց, թե ինչ դժվարություններ են սպասվում իրեն։ Ամուսնու էպիլեպսիայի սարսափելի նոպաները վախեցրել են երիտասարդ կնոջ և միևնույն ժամանակ խղճահարությամբ լցրել նրա հոգին։

«Տեսնել սիրելի դեմքը՝ կապտած, աղավաղված, լցված երակներով, գիտակցել, որ նա տանջվում է, ու դու ոչ մի կերպ չես կարող օգնել նրան, դա այնպիսի տառապանք էր, որն, ակնհայտորեն, ես պետք է քավեի նրա հետ մտերիմ լինելու իմ երջանկության համար...»,- գրում է Աննան:



Հիվանդությունից բացի մյուս մտահոգող խնդիրը ընտանեկան խղճուկ բյուջեն էր։ Կուտակված պարտքերից ու պարտատերերից գլուխներն ազատելու համար նորապսակ զույգը մեկնեց Գերմանիա։

Դոստոևսկին, քաջ գիտակցում էր, որ սա երկու սիրահարների ռոմանտիկ ճանապարհորդություն չէ։ Իր խոսքով՝ ինքը մեկնում էր՝ «մահը սրտում»։

Եվրոպական ճամփորդության ընթացքում զույգը կանգ է առել Շվեյցարիայի Բադեն քաղաքում։ Խաղալու, շահելու և արագ հարստանալու միտքը Դոստոևսկուն հանգիստ չէր տալիս։ Նա կարծում էր, որ դրանով կազատվեր բազմաթիվ խնդիրներից։ Ռուլետկայով շահած 4000 ֆրանկից ոգևորված, հիվանդագին մոլուցքով տարված Դոստոևսկին կորցրեց այն ամենը, ինչ կարող էր, մինչև իսկ, երիտասարդ կնոջ զարդերը։

Հիվանդության, աղքատության հետ մեկտեղ Աննան փորձեց օգնել ամուսնուն պայքարել նաև կործանարար կրքի` խաղամոլության դեմ, և 1871 թվականին Դոստոևսկին ընդմիշտ թողեց մոլախաղը:
«Ինձ հետ մեծագույն բան է պատահել. անհետացել է այն ստոր երևակայությունը, որը տանջում էր ինձ գրեթե տասը տարի։ Ես անընդհատ երազում էի շահելու մասին. երազում էի լրջորեն, կրքոտ... Հիմա ամեն ինչ ավարտված է: Ամբողջ կյանքս կհիշեմ դա և ամեն անգամ կօրհնեմ քեզ, իմ հրեշտակ»,- գրել է Դոստոևսկին։



Երեք ամսով արտերկիր մեկնած Դոստոևսկի ամուսինները Պետերբուրգ վերադաձան չորս տարի անց։ Նրանք արդեն երեք երեխա ունեին։ Չորրորդը ծնվեց հետո։ Գրողի կենսագիրների վկայությամբ` սա Դոստոևսկու կյանքի ամենալուսավոր շրջանն էր։ Նա խորասուզվել էր աշխատանքի մեջ։ Տան, ամուսնու ու երեխաների հոգսն ամբողջովին իր վրա էր վերցրել Աննա։ Նրա կազմակերպված ու կարգապահ ապրելակերպի շնորհիվ աստիճանաբար վերացել էին նաև ֆինանսական խնդիրները։ Տնային հոգսերից բացի, Աննան զբաղվում էր նաև ամուսնու գրքերի տպագրությամբ, իր վրա վերցնելով հրատարկիչների հետ հանդիպումներն ու քննարկումները։

Աննայի հետ համատեղ կյանքի 14 տարիների ընթացքում Ֆյոդոր Դոստոևսկին հասցրեց ստեղծել է իր բոլոր մեծ վեպերը `«Խաղամոլը», «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Դևեր», «Դեռահաս», «Գրողի օրագիրը»...



Դոստոևսկին 1880-ի նոյեմբերին ավարտեց է իր գլխավոր վեպը` «Կարամազով եղբայրները», որի վրա, կարելի է ասել, աշխատել էր ողջ կյանքի ընթացքում։ Նա իր վեպը նվիրեց է կնոջը` Աննա Դոստոևսկայային։ «Կարամազով եղբայրների» տպագրությունից երկու ամիս անց՝ 1881թ. հունվարի 28-ին ,59 տարեկանում մահացավ Ֆեոդոր Դոստոևսկին։ Հետագայում իր հուշերում Աննան գրում է.

«Քայլելով Ֆյոդոր Միխայլովիչի դագաղի հետևից՝ ես ինքս ինձ երդվեցի` ապրել մեր երեխաների համար, ուխտեցի կյանքիս մնացած հատվածը նվիրել իմ անմոռանալի ամուսնու հիշատակի փառաբանմանը և նրա վեհ գաղափարների տարածմանը»։

Այդ ժամանակ Աննան 35 տարեկան էր։



Նա կատարեց իր խոստումը` չամուսնացավ, զբաղվեց երեխաների դաստիարակությամբ և ամուսնու թողած գրական ժառանգության պահպանմամբ։ Յոթ անգամ հրատարակեց Դոստոևսկու երկերի լիակատար ժողովածուն, ստեղծեց նրա թանգարանը, գրողի անունը կրող դպրոց բացեց։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

21:09 7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է. shamshyan.com
12:00 Փաշինյանի հայտարարությունից հետո Իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանել. մոր բացահայտումը
07:56 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. Ժողովուրդ
13:00 էլ ինչ ասեմ, այ «դուխով» գլխարկ կրող․ համացանցը՝ Հովհաննես Դավթյանի մասին
14:00 Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է
18:00 Ադրբեջանին տարածքներ կհանձնվեն նաև Խորհրդային Հայաստանից․ Փաշինյանը կրկին ստում է
20:44 Հրեք՝ հանեք․ կարմիրբերետավորները ուժ են գործադրում լրագրողների նկատմամբ
12:48 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել. shamshyan.com
12:32 Չհաջողված «էքսպերիմենտ»․ Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն
20:28 Ոստիկանությունը փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը