Երևան +16°
Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 14:00 30-04-2024

Ով է շունը. «հեղափոխությանը» մասնակցած Հովհաննես Դավթյանը ստում է

Հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանն անդրադարձել է 2 օր առաջ իր ներկայացման ժամանակ տեղի ունեցած միջադեպին և շուն է անվանել երիտասարդ տղային, որն ի աջակցություն Տավուշի՝ բեմ էր բարձրացել և պարզել «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառը։

Երիտասարդ տղայի իրականացրած ակցիայի ընթացքում դահլիճից հնչող «բռավո» վանկարկումներին միացել էր նույն ինքը՝ Հովհաննես Դավթյանը, սակայն 1 օր անց դերասանը որոշել է պարզաբանել կատարվածը և արդարանալ իր հնչեցրած «բռավո»-ի համար։

«Հասկացա, որ այս սապլյակները ոչ թե ինքնաբուխ կերպով բաներ անող են, հայրենասեր տղեք են, այլ վճարվում են ու մտնում նման բաներ անում։ Օդից չեմ խոսում։ Ինձ ասացին՝ երբ որ նրանք դուրս եկան շենքից, արդեն 2 փաստաբան իրենց սպասում էին համալիրում, 2-ն էլ քաղմասում։ Այսինքն, երբ որ իրենց մուտքի մոտ ճլոթի են տվել ու տարել են քաղմաս, 2 հոգի այդտեղ են եկել, 2 հոգի իրենց սպասել են քաղմասում։

Սա մեզ ի՞նչ է հուշում։ Որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Դու շո՛ւն ես, եղբայր, քեզ փող են տալիս, դու նման բաներ ես անում։ Հայրենասեր տղայից դեպի շուն լինելը մի քայլ է: Դու շուն ես, տղա չես։ Քեզ կոպեկը գցում են, վազում, անում ես, հետո գալիս հանում են քաղմասից»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Դավթյանը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո մշտապես քաղաքական թեմաներին անդրադարձող, իշխանության ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություներ ունեցող Դավթյանը նաև նշել է, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։

«Ես քաղաքականացված մարդ չեմ։ Այդ տղայի տերերին եմ արդեն ասում՝ քաղաքական գործիչներ, դուք այդքան անմակարդա՞կ եք, չե՞ք հասկանում, որ կարող է լինել այս երկրում մարդ, ով քաղաքականացված չէ»,- ասել է Դավթյանը։

Եվ սա ասում է մի մարդ, որն իր «Հեղափոխություն» անվամբ ներկայացման ժամանակ խոստովանում է, որ մասնակցել է 2018 թվականի իրադարձություններին։ Ավելին, ամբողջ ներկայացումը իշխանությունների գովերգ էր, ընդ որում՝ դահլիճում նստածների մեջ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր, որը ժպիտը երեսին ծափահարում էր Դավթյանին։

«Հասկանում եք՝ ամեն երկրում չի լինում հեղափոխություն ու ամեն տարի չի լինում, ամեն 100 տարի չի լինում։ Գիտակցում ենք, որ դրա ականատեսը եղանք, անմիջական մասնակիցը եղանք։ Եթե սա լիներ մի քանի 100 տարի առաջ՝ ոչ մասնակցած կլինեինք, ոչ տեղյակ կլինեինք, ոչ տեսած, ոչ լսած...
Բայց ասեք, որ կարոտել եք հեղափոխության օրերին։ Բոլորդ մասնակցե՞լ եք հեղափոխությանը»,- ներկայացման տարբեր հատվածներում, դիմելով հանդիսատեսին, ասում էր Հովհաննես Դավթյանը։

Ուշագրավ է նաև այն, որ Դավթյանի հումորային կարճամետրաժ տեսանյութերը, նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, բոլորովին այլ ռակուրսից էին ներկայացվում։ Օրինակ՝ 2017 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանն իր թիմակիցների հետ քարոզարշավ էր անում անգամ տանիքներին, Հովհաննես Դավթյանը այլ բովանդակությամբ տեսանյութեր էր հրապարակում։

«Մեկը բարձրանում է գարաժների կրիշներին՝ «Սիրելի՛ ժողովուրդ, ժամանակն է փոխել ամեն ինչ»։ Ի՞նչ փոխել, արա, դու ի՞նչ կարաս փոխես, դու գնա սարոչեկդ փոխի, 5 օր ա նույն սարոչկով ես»։
Իսկ 2018 թվականի ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին էլ Դավթյանը, նմանակելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, նման բովանդակությամբ տեսանյութ էր հրապարակել։

«Ի՞նչ է նշանակում «Մերժիր Սերժին», ես ասո՞ւմ եմ՝ Նիկոլին գցեք պոլին»։

Նման բովանդակությամբ տեսանյութերը բազմաթիվ են, սակայն Հովհաննես Դավթյանը որոշել է, որ սա քաղաքականությամբ զբաղվել չէ, և որ ինքը քաղաքականացված չէ։

Հատկանշական է նաև այն, որ Հովհաննես Դավթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, թե ինքը որևէ մեկից չի ֆնանսավորվում, որևէ մեկի հետ անձամբ ծանոթ չէ։
«Ես որևէ քաղաքական գործչի չեմ հանդիպել ժիվոյ մոտիկից»։

Հովհաննես Դավթյանի հիշողությունը թարմացնելու համար նրան պետք է հիշեցնել «Հեղափոխություն» անվամբ ներկայացումը, որին ներկա էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն այն ժամանակ զբաղցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը։

Հովհաննես Դավթյանը դահլիճում շրջելով զրուցում էր հանդիսատեսի հետ, նրանց անվանում՝ իշխանություն, ապա հասնելով Ալեն Սիմոնյանին ասում՝ «իշխանություն, ստեղ ժողովրդից մարդ կա»։

Այս ամենից հետո հայտարարել, թե «ես քաղաքականացված չեմ», մեղմ ասած՝ կոռեկտ չէ։

Ամենից շատ դիտված