copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 20:59 01-07-2022

Ֆրեդերիկ Շոպեն և Ժորժ Սանդ. մի սիրո պատմություն

Սովորաբար անհնար են համարում մի ընտանիքում երկու հանճարեղ մարդու գոյությունը։ Անպայման մեկը ստվերում է մյուսին, բարոյապես ու ֆիզիկապես ճնշում, թույլ չի տալիս զարգանալ, առաջ գնալ... Այո՛, դա իրոք այդպես է, սակայն լինում են նաև առանձնահատուկ դեպքեր այնպես, ինչպես Ֆրեդերիկ Շոպենի ու Ժորժ Սանդի ընտանիքն էր։

Նուրբ, փխրուն, ռոմանտիկ, գրեթե աստվածաշնչյան գեղեցկությամբ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի և իր ժամանակի համար սկանդալային գրողԺորժ Սանդի սիրավեպը ու համատեղ կյանքը տևեց տասը տարի։

1849 թվականին՝ Ֆրեդերիկ Շոպենի մահից հետո, նրա օրագրի մեջ գտան փոքրիկ ծրար, որի վրա գրված էր «GF»` Ջորջ և Ֆրեդերիկ անունների սկզբնատառերը, իսկ ծրարում Սանդի մազափունջն էր։ Շոպենը երկրպագում էր Սանդին, որն իր կյանքի ուղեկիցն էր, մուսան, սիրուհին և դայակը:

Ժորժ Սանդը, իսկական անունով` Ամանդին Ավրորա Դյուպենը, գրող էր և ֆեմինիզմի հիմնադիրը։ Նա առաջիններից էր, որ հանրության մեջ հայտնվեց տաբատով և սիգարով։ 19 տարեկանում բարոն Դյուդևանի հետ ամուսնացած Ավրորան ինը տարի անց լքեց ամուսնուն, որպեսզի կարողանա անմնացորդ նվիրվել գրականությանն ու իր ռոմանտիկ կրքերին:

Ժորժ Սանդը և Ֆրեդերիկ Շոպենը հանդիպել են Ֆրանց Լիստի սիրուհու՝ կոմսուհի դ'Ագոյի տանը ընթրիքի ժամանակ, որտեղ երիտասարդ կոմպոզիտորը հյուրերի համար դաշնամուր է նվագել։ Տանտիրուհին նախապես որոշել էր, որ այս հանդիպումը կարող է հետաքրքիր լինել երկու ստեղծագործող մարդկանց համար։ Սակայն, այդ երեկոն Շոպենի հոգում միայն վատ հետք է թողել։ Նա ընկերոջն ասել է. «Ինչ տհաճ կին է այդ Ժորժ Սանդը: Եվ նա ընդհանրապես կին է արդոք»: Սա զարմանալի չէր, քանի որ Շոպենն իր նուրբ ու բարեկիրթ վարքագծով, գեղեցիկի հանդեպ իր վերաբերմունքով ու ճաշակով ցնցվել էր գրողի անպարկեշտ պահվածքից, նրա արտաքինից ու հագուկապից։ Իսկ Ժորժ Սանդն ընդհակառակը` առաջին իսկ հանդիպումից հիացել էր այս լեհ հանճարով։



Հետագայում նրանք սկսեցին հաճախ հանդիպել տարբեր միջոցառումներում և կարճ ժամանակ անց ծնվեց փոխադարձ համակրանք միմյանց հանդեպ։ Եթե սկզբում Շոպենն ու Սանդը հանդիպում էին գաղտնի, ապա 1838 թվականին այս սիրավեպի մասին խոսում էր ողջ Փարիզը։

Նույն տարվա ձմռանը սիրահարները Սանդի երկու երեխաների հետ միասին ճամփա ընկան դեպի իսպանական Մայորկա կղզի։ Այդ տարիներին Ֆրեդերիկ Շոպենը տառապում էր տուբերկուլյոզով և հազի անընդհատ նոպաներով։ Նրանք հույս ունեին, որ ծովափնյա մեղմ կլիման կարող էր օգնել Շոպենին բարելավել առողջությունը։

Նրանք Մայորկա ժամանում են որպես իսկական ու լիարժեք ընտանիք, սակայն այս երջանկությունը երկար չի տևում։ Իսպանիայում Շոպենի առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Իսկ տանտերը երբ իմանում է, որ կոմպոզիտորը հիվանդ է, պահանջում է անմիջապես լքել տունը։ Սանդը փորձում է այլ բնակարան գտնել, բայց բոլորը մերժում են նրանց։ Միակ վայրը, որտեղ նրանց ընտանիքին ընդունում են, մենաստանն էր։ Չնայած այստեղ էլ դժկամությամբ են ընկալում Ժորժ Սանդի պահվածքը։ Վանքի պարիսպներից ներս տղամարդու զգեստ հագած, ծխող կինը չափազանց սահմռկեցուցիչ երևույթ էր։

Սիրահար զույգ որոշում է վերադառնալ Փարիզ։ Բայց ոչ մի նավ չի համաձայնվում հիվանդին տեղափոխել: Երկար բանակցություններից ու խնդրանքներից հետո, Սանդին հաջողվում է նավերից մեկի կապիտանին համոզել սենյակ տրամադրել խոզերի կողքի նավախցում։ Բոլորը լուռ համակերպվում են անհարմարություններին, թեև Շոպենը հետագայում հիշում է, որ խոզերի պայմանները շատ ավելի լավն էին, քան իրենցը։

1841 թվականի գարնանը Ժորժ Սանդը և Ֆրեդերիկ Շոպենը վերադառնում են Ֆրանսիա։ Սա նրանց երջանկության լավագույն շրջանն էր, երբ հարմարավետ միջավայրում զարգանում ու ջերմանում էին փոխադարձ զգացմունքները։ Նրանք իրենց տանը հյուրընկալում են Հայնեին, Բալզակին, Դելակրուային։ Շոպենն իրեն հրաշալի էր զգում բարձրաշխարհիկ հասարակության մեջ, որտեղ գնահատում էին իր երաժշտությունը։ Ձմռանը սիրահարներն ապրում էին Փարիզում, ամռանը մեկնում Նոան գյուղ։ Ժորժ Սանդն այս շրջանում գրում է իր «Կոնսուելո» վեպը, որի գլխավոր հերոսը երգչուհի է, իսկ Շոպենն օգնում է իր սիրելիին՝ որպես երաժշտական ​​խորհրդատու։



1844 թվականի գարնանը, երբ Շոպենի առողջական վիճակն այլևս անհույս էր։ Ամբողջ ընտանիքը բնակություն է հաստատում Սանդի կալվածքում։ Գրողի ուսերին է մնում տան հոգսը։ Այս շրջանում Փարիզում ակտիվ քննարկում էին Սանդի ու Շոպենի հարաբերությունները։ Շատերը Սանդին մեղադրում էին Շոպենի «սպանության» մեջ, իսկ ոմանք, ընդհակառակը, կոմպոզիտորին անվանում են «չար հանճար» և «խաչ»՝ Սանդի համար։ Սակայն Սանդը շարունակում էր սիրել Շոպենին, հետևաբար փորձում էր ամեն կերպ օգնել նրան`իրենց հարաբերությունները վերածելով ընկերականի: Շոպենի համար սա վիրավորական էր, և նա անընդհատ խանդում էր կնոջը։

Բուժքրոջ ու դայակի պարտականությունները, բնականաբար, թույլ չէին տալիս բուռն զգացմունքների զարգացմանը, ավելին՝ Ժորժն ինքն իրեն համոզում էր, որ մարմնական հաճույքները վնասակար են Շոպենի համար։ Այնուամենայնիվ, չար լեզուներն ասում էին, որ Սանդը պարզապես հոգնել էր ամուսնուց. նա բազմիցս խոստովանել էր, որ Ֆրեդերիկն անկողնում իրեն պառավ հիվանդ կնոջ պես է պահում: Բայց այնուամենայնիվ նրանք շարունակում էին միասին ապրել։ Սանդը հաճախ ասում էր, որ ապրում է իր երեք երեխաների հետ. նա Շոպենին իր երրորդ երեխան էր համարում:

Երբեմնի սիրահար զույգը բաժանվեց 1847 թվականին՝ առաջին հանդիպումից 10 տարի անց: Նրանց միությունը միգուցե ավելի երկար տևեր, եթե կոմպոզիտորը չփչացներ հարաբերությունները Սանդի որդու` Մորիսի հետ, որին նա անընդհատ փորձում էր դաստիարակել։ Մորիսը զայրացնում էր Շոպենին, և նա առիթը բաց չէր թողնում վիճել ու նախատել նրան։ Միևնույն ժամանակ, Շոպենը տարօրինակ կերպով ներում ու հանդուրժում էր Սանդի դստեր` Սոլանժի սխալները։ Սա էլ հունից հանում էր Սանդին, որովհետև մի ժամանակ նա նույնիսկ կասկածում էր, որ Ֆրեդերիկը գաղտնի սիրահարված է իր դստերը։ Տանը վեճերը օրեցօր սաստկանում էին և Շոպենը որոշում է առանձին ապրել։ Նա դադարում է պատասխանել Սանդի նամակներին՝ համարելով նրան իրենց բաժանման պատճառը։Սակայն, իր համառությանը զուգահեռ, նա անընդհատ իրեն դժբախտ էր զգում առանց Սանդի։

1849 թվականին Ֆրեդերիկ Շոպենը, չդիմանալով երջանկության բացակայությանը և վատթարացած առողջությանը, մահանում է 39 տարեկանում։ «Նա ինձ խոստացել էր, որ ես կմեռնեմ իր գրկում»,- մահից առաջ ասում է կոմպոզիտորը։

Ժորժ Սանդը Շոպենի մահից հետո ապրեց 27 տարի և մահացավ 1876 թվականին, 72 տարեկան հասակում։

Սկանդալային ու ազատամիտ գրողը հավատարիմ մնաց ինքն իրեն, իր պահվածքին, բարքերին ու մտածողությանը։ Սանդը, երբ 60 տարեկան էր, Փարիզը խանդավառությամբ քննարկում էր նրա հարաբերությունները 39-ամյա նկարիչ Չարլզ Մարշալի հետ, որին Ժորժը փաղաքշորեն անվանում էր «իմ թմբլիկ երեխան»։

Այսօր Ժորժ Սանդի ծննդյան օրն է։

Ամենից շատ դիտված

09:06 Ես մի օր դուրս կգամ բանտից, վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին․ Հրապարակ
19:15 Ավտոբուսը Վերին Երզնկայում բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ 29 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
21:20 Վանդալիզմ` Երևանի սրտում. ներկով ջնջել են զոհված հերոսների նկարները
13:55 Ինչ են պայմանավորվել Բրյուսելում ապրիլի 5-ին․ ադրբեջանական մամուլը հրապարակել է մանրամասներ
12:20 Ոսկեպարում Փաշինյանին չեն մերժի․ մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչ լուծումներ է նա առաջարկում
16:22 Փաշինյանը զորքով հեռանում է Տավուշից
07:42 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. Ժողովուրդ
11:35 Փաշինյանի այցին ընդառաջ Ոսկեպարում ուժեղացված ծառայություն է իրականացվում
11:00 Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսելու համար անգամ շանս չէի ուղարկի. հարցում
17:00 Ոստիկանը կտուգանի «պլյոնկած» ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին