Երևան +19°
copy image url
Մշակույթ 9 ամիս առաջ - 21:32 29-06-2023

Իմ փոքրիկ սալվադորյան հրաբուխ․ Էքզյուպերի և Կոնսուելո․ մի սիրո պատմություն

Էքզյուպերին ապրեց ընդամենը 44 տարի, բայց իր կարճ կյանքի ընթացքում գերեց միլիարդավոր մարդկանց սրտեր։ Իսկ նրա «Մարդկանց մոլորակը» վեպն արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի գլխավոր մրցանակին։

Այսօր մեծերի ու փոքրերի սիրելի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ծննդյան օրն է։

Նրա ամենանշանակալի ստեղծագործությունը համարվում է «Փոքրիկ իշխանը»։ Սա մանկական, բայց միևնույն ժամանակ խորը փիլիսոփայությամբ պատմություն-հեքիաթ է։ Գլխավոր հերոսը Փոքրիկ իշխանն է, որն այցելում է տիեզերքի տարբեր մոլորակներ, այդ թվում՝ Երկիր: Այնտեղ նա հանդիպում է օդաչուին և պատմում է զարմանալի վարդի մասին, որը նա թողել է իր փոքրիկ մոլորակի վրա։ Փշերով այս գեղեցկուհին հպարտ է, հուզիչ և հնարամիտ: Փոքրիկ իշխանը սիրահարվեց նրան, բայց պարզվեց, որ նա քմահաճ է, դաժան և ամբարտավան։



Հատկանշական է, որ Վարդի կերպարի համար նախատիպ է ծառայել գրողի կինը՝ Կոնսուելո Սունսինը՝ իմպուլսիվ խառնվածքով այս լատինաամերիկացին։ Ինչպես Էքզյուպերին, նա էլ ստեղծագործող անձնավորություն էր, զբաղվում էր նկարչությամբ, քանդակագործությամբ և լրագրությամբ։ Ստեղծագործության մեջ բազմաթիվ ակնարկներ կան կնոջ մասին։ Օրինակ՝ Փոքրիկ իշխանի մոլորակում կային հրաբուխներ. սա ակնարկ է լատինաամերիկյան ծագման և գեղեցիկ Վարդի դժվարին բնության մասին: «Իմ փոքրիկ սալվադորյան հրաբուխը», - քնքշորեն կնոջն այսպես էր դիմում Էքզյուպերին:

Երբ նրանք հանդիպեցին, Կոնսուելոն արդեն այրի էր և երկու ամուսնություն էր թողել անցյալում: Նրա առաջին ամուսինը մեքսիկացի էր և մահացել էր նրանց ամուսնալուծությունից անմիջապես հետո երկաթուղային վթարից։ Նրա երկրորդ ամուսինը գվատեմալացի դիվանագետ, հայտնի գրող և լրագրող Էնրիկե Գոմես Կարիլյոն էր։ Բայց նրանց ամուսնությունը նույնիսկ մեկ տարի չտևեց․ հարսանիքից 11 ամիս անց նա մահացավ կաթվածից։ Իսկ Կոնսուելոն ժառանգել էր հսկայական հարստություն, այդ թվում՝ բնակություն Բուենոս Այրեսում։



Երրորդ անգամ նա ամուսնացել է Անտուան ​​դը Սենտ-Էքզյուպերիի հետ։ Նրանք հանդիպեցին, երբ Անտուանը 30 տարեկան էր, իսկ Կոնսուելոն՝ 29։ Նրան հրավիրել էին Բուենոս Այրես՝ մի շարք դասախոսություններ կարդալու իր հանգուցյալ ամուսնու մասին։ Ընդունելության ժամանակ նա հանդիպեց ֆրանսիացի օդաչու Էքզյուպերիին, որը ղեկավարում էր ավիաընկերության եվրոպական մասնաճյուղը։ Դա տգեղ, բայց շատ բարձրահասակ մարդ էր։ Հասարակության աչքում նա ուներ խիզախ օդաչուի, խորը մտածողի և նուրբ ռոմանտիկի կերպար։

Դա սեր էր առաջին հայացքից։ Նրանց հանդիպումից անմիջապես հետո Էքզյուպերին գրեթե ստիպեց Կոնսուելոյին իր հետ ինքնաթիռով զբոսնել։ Եվ հենց երկնքում նա պահանջեց, որ Կոնսուելոն համբուրի իրեն, հակառակ դեպքում՝ վթարի կենթարկի ինքնաթիռը։ Կինը հրաժարվեց և հայտնեց իր վրդովմունքը։ Իսկ Էքզյուպերին ասաց. «Դու չես ուզում ինձ համբուրել, որովհետև ես շատ տգեղ եմ», և ինքնաթիռն իջեցրեց: Աղջիկը ապշած ու վախեցած էր։ Հետագայում Կոնսուելոն գրում է իր «Վարդի հիշողությունները» գրքում. «Ես տեսա, թե ինչպես նրա աչքերից արցունքի մարգարիտները կաթում էին փողկապի վրա, և իմ սիրտը հալվում էր քնքշությունից: Ես թեքվեցի և համբուրեցի նրան»։



Այսպես սկսվեցին նրանց հարաբերությունները։ Էքզյուպերին ամուսնության առաջարկություն է արել կնոջը հանդիպելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Կոնսուելոն կասկածեց. «Ի՞նչ կմտածեն իմ ընկերները, եթե ես դեռ սգում եմ ամուսնուս համար»։ Բայց Տոնիոն (ինչպես նրան անվանում էր իր ապագա ամուսինը) չկարողացավ հրաժարվել, նա համաձայնվեց հենց հաջորդ օրը։ Նրանց համատեղ կյանքը բուռն էր և էմոցիոնալ։

Կոնսուելոն խրախուսել է իր սիրելիի գրական գործունեությունը։ Նույնիսկ պաշտոնական ամուսնությունից առաջ, լինելով նրա հարսնացուն, նա խաղ կազմակերպեց. նա Էքզյուպերիին փակեց իր աշխատասենյակում, որպեսզի նա գրի հինգ կամ վեց էջ տեքստ, միայն դրանից հետո նա թույլ տվեց նրան մտնել ննջարան: Էքզյուպերին պատրաստակամորեն ընդունեց այս զվարճությունը: Բայց թռիչքների պատճառով Կոնսուելոն մեծապես տուժեց, թեև դրանք Անտուանի մեծ կիրքն էին։ Երբեմն նա դժբախտ պատահարների մեջ էր ընկնում։ Պատահել է, որ նա թռիչքի ընթացքում մի քանի անգամ կապվել է դիսպետչերի հետ՝ համոզվելու, որ իր սիրելին ողջ է։



Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Ֆրանսիայում։ Հանուն Անտուանի՝ Կոնսուելոն լքեց իր նախկին ամուսնու հարուստ ժառանգությունը։ Իսկ Էքզյուպերին, ամուսնանալով իր սիրելիի հետ, չէր պատրաստվում փոխել իր ապրելակերպը և դեռ հաճախում էր երեկույթների և բազմաթիվ անցողիկ հարաբերությունների մեջ էր մտնում կանանց հետ: Հերթական դավաճանությունից հետո Կոնսուելոն մի անգամ խոստացել է դանակահարել նրան և սպառնացել ինքնասպան լինել։ Նրանց հարաբերությունները բազմիցս եղել են ամուսնալուծության եզրին:

Հայտնի չէ, թե որքան համբերություն կունենար Կոնսուելոն, սակայն պատերազմի ժամանակ Անտուանը չվերադարձավ հաջորդ թռիչքից, որը տեղի ունեցավ 1944 թվականի հուլիսին։ Այդ ժամանակ նա արդեն աշխարհահռչակ «Փոքրիկ իշխանը» պատմվածքի հեղինակն էր, որտեղ նա իր կնոջը ներկայացնում էր որպես Վարդ՝ հատուկ ծաղիկ, որը պաշտպանվելու համար ապակե տարայի տակ էր:



Նրա մահվան հանգամանքները կարողացան պարզել միայն 90-ականների վերջին, երբ մի ձկնորս Մարսելի մերձակայքում գտավ ապարանջան՝ «Անտուան» և «Կոնսուելո» մակագրություններով։

1946 թվականին Կոնսուելոն գրեց Էքզյուպերիի հետ իր կյանքի մասին և հրապարակեց հուզիչ հուշեր՝ «Վարդի հուշերը» վերնագրով։ Նա ավելի քան 30 տարի ապրեց ամուսնու մահից հետո և մահացավ ասթմայից 1979 թվականին:

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։