copy image url
Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 21:00 05-11-2022

Հովհաննես Այվազովսկի և Աննա Սարկիզովա. մի սիրո պատմություն

Հովհաննես Այվազովսկու մեծ սերը Աննա Սակիզովան էր, որը դարձավ նկարչի երկրորդ կինը։ Այվազովսկին Աննային տեսել ու միանգամից սիրահարվել էր նրա առաջին ամուսնու` Թեոդոսիայում հայտնի առևտրական Սարկիզովի թաղման արարողության ժամանակ: Աննա Սարկիզովան, աղջկական ազգանունը` Բուռնազյան, առաջին ամուսնու մահից կարճ ժամանակ անց դարձավ հայտնի ծովանկարչի կինը:

Այվազովսկին 65 տարեկան էր, իսկ Աննան` 25: Պահպանվել է նրանց ամուսնության վկայագիրը, որտեղ գրված է. «1882 թ. հունվարի 30-ին, նորին գերազանցություն պետական խորհրդական Հովհաննես Քրիստափորի Այվազովսկին, ում առաջին օրինական տիկնոջ հետ ամուսնությունը լուծվել է Էջմիածնի Մայր Աթոռի` 1877 թ. մայիսի 30-ի № 1361 հրամանագրով, երկրորդ անգամ օրինական ամուսնական դաշինք է կնքում թեոդոսացի առևտրականի այրի Աննա Սարկիզովայի հետ, երկուսն էլ Հայ Գրիգորյանական կրոնի հետևորդներ են: Նրանց կնքահայրը կարասուբազարցի առևտրական Եմելյան Քրիստափորի Մուրզաևն է»:

Այվազովսկու հարկի տակ իշխել է ջերմությունն ու համերաշխությունը: Մի առիթով Այվազովսկին խոստովանել է. «Իմ այս ամուսնության շնորհիվ ես առավել սերտ եմ շփվում իմ ազգի հետ»: Նկարչի Թեոդոսիայի տունը վերածվել էր ուխտագնացության վայրի: Երջանիկ ամուսնական զույգի հաճախակի հյուրերն էին հայ դերասանները, գրողները, երաժիշտները, նկարիչները, որոնք ո՛չ միայն Այվազովսկու օրհնությունն էին ստանում, այլ նաև վայելում էին նրա նյութական աջակցությունը:
Հենց ամուսնության տարում սիրահարված Այվազովսկին ստեղծել է տիկնոջ դիմանկարը` հայկական ազգային տարազով ու թափանցիկ մետաքսե քողով:



Նկարիչը խոստովանել է Աննային. «Ես սիրում եմ քեզ, քո աչքերի խորքում ինձ է շողում մի ողջ խորհրդավոր գաղտնիքներով լի աշխարհ, և այն գրեթե կախարդական իշխանություն ունի: Երբ արվեստանոցի լռության մեջ ես չեմ կարողանում հիշել քո հայացքը, իմ կտավները դժգույն են ստացվում ...»:



1888 թ. Այվազովսկիների ընտանիքը Թեոդոսիայում հյուրընկալել է Անտոն Չեխովին, ով հետագայում իր հուշերում գրել է. «Այվազովսկին 75-ամյա առույգ ու եռանդուն ծերուկ է` լի սեփական արժանապատվությամբ։ Նրա ձեռքերը փափուկ են և նա դրանք պահում է գեներալավարի: Նա իր մեջ ամփոփում է և՛ գեներալին, և՛ ճարտարապետին, և՛ նկարչին, և՛ հային, և՛ միամիտ պապիկին, և՛ Օթելլոյին: Երիտասարդ ու շատ գեղեցիկ տիկնոջը պահպանում է ճնշած»:



1883 թ. Հովհաննես Այվազովսկին ու Աննա Սարկիզովան ճանապարհորդության են մեկնել Հունաստան, հիացել Հին Հելլադայի քաղաքներով։ 1890 թ. փետրվարին նրանք շոգենավով մեկնել են Օդեսա, ապա ուղևորվել են Փարիզ, որտեղ ապրիլի սկզբին «Դյուրան-Ռյուել» դահլիճում բացվել է ծովանկարչի անհատական ցուցահանդեսը: Ավարտից հետո ամուսնական զույգը ուղևորվել է Կոստանդնուպոլիս, որտեղ նրանց հյուրընկալել է Հայոց Հայրապետը, իսկ հայկական եկեղեցիներում նրանց բարեողջության մաղթանքի ծես է մատուցվել:



Աննա Սարկիզովայի հետ ամենահեռավոր ճանապարհորդությունը Այվազովսկին կատարել է 1892 թ., երբ ամուսինները մեկնել են Ամերիկա: Հոկտեմբերի 13-ին նրանք ժամանել են Նյու-Յորք, ապա ուղևորվել Վաշինգտոն, Սան-Ֆրանցիսկո, Բոստոն: Ամուսնական զույգին Ամերիկայի հայ համայնքներն ամենուր ջերմ ընդունելության են արժանացրել:

Հովհաննես Այվազովսկու և Աննայի սիրո պատմությունը շարունակվել է տասնութ տարի։
Ամուսնու մահից հետո Աննան երդվել է երբեք չլքել իրենց հարազատ ընտանեկան օջախը: Ինքնակամ միայնության մեջ նա այս տանը ապրել է և՛ Առաջին Համաշխարհային պատերազմը, և՛ հեղափոխությունը, և՛ քաղաքացիական պատերազմը, և՛ սովի ու զրկանքի տարիները...

Մեծ Հայրենականի տարիներին Թեոդոսիան ամբողջությամբ էվակուցավել էր, իսկ Աննա Սարկիզովային բոլորը մոռացել էին: Սովի չմատնվելու համար նա տանը մնացած արժեքավոր իրերը փոխանակելու միջոցով հաց ու ուտելիք է հայթայթել գերմանացիներից:

Աննա Այվազովսկի-Բուռնազյանը մահացել է 1944 թ. հուլիսի 25-ին` 88 տարեկանում: Երախտապարտ թեոդոսացիները որոշել են ամուսիններին մահից հետո ևս չբաժանել և նրան հուղարկավորել են ամուսնու կողքին` իրենց պսակադրած հայկական Սբ Սարգիս եկեղեցու բակում:

Նաիրա Եղիազարյան