Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 19:18 12-07-2022

Մոդիլիանի և Ախմատովա. մի սիրո պատմություն

1910 թվականին փարիզյան մի սրճարանում հանդիպել են ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովան և իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլիանին։

«Ի՜նչ հետաքրքիր հրեա է»,- մտածել է էր Ախմատովան։

«Ի՜նչ հետաքրքիր ֆրանսուհի է»,- ենթադրել էր Մոդիլիանին։

Մոդիլիանիի ենթադրությունը սխալ էր, իսկ այ Ախմատովան միանգամային ճիշտ էր գուշակել։

Ամադեո Մոդիլիանին իսկապես սերում է սեֆարդի հրեաների ընտանիքից: Ծնվել է 1884 թվականի հուլիսի 12-ին Իտալիայի Լիվոռնո քաղաքում։ Նրա ծննդյան տարին ֆինանսական ծանր շրջան էր իր՝ երբեմնի հարուստ ընտանիքի համար։ Ամադեոյի ծնվելուց մի քանի ամիս առաջ ընտանիքի ունեցվածքը բռնագրավել էին և նրանց հասցրել սնանկացման։ Չնայած ֆինանսական զգալի դժվարություններին՝ Ամեդեոյի մայրը այնուամենայնիվ կարողացել էր հետագայում որդու նկարչության դասերի համար գումար հայթայթել։ Ու հենց այդ պահից էլ Ամադեոյի կյանքում ծնվել էր արվեստի հանդեպ մեծ սերը, որը հետագայում վերածվել էր սեփական ոճի ցավոտ ու դժվարին որոնումների։



20-րդ դարի սկզբին Փարիզում Մոդիլիանին ապրում էր հուսահատ աղքատության մեջ։ Մոնպառնասի սրճարաններում նա նկարում էր անցորդների դիմանկարները` մի քանի ֆրանկի, խմիչքի կամ ուտելիքի դիմաց:

Հենց այդպես՝ օրվա ապրուստը հոգալու համար 1910-ի գարնանային մի երեկո`վառ դեղին բաճկոնով, լայնեզր գլխարկով, պարանոցին`գունեղ շարֆ, Մոդիլիանին «Ռոտոնդա» սրճարանում հանդիպում է Աննա Ախմատովային, որտեղ նա ընթրում էր ամուսնու` Նիկոլայ Գումիլյովի հետ։ Այս օրերին նորապսակ այս զույգը իրենց մեղրամիսն էր անցկացնում Փարիզում։

Առաջին այս հանդիպումը քիչ էր մնում ավարտվեր սկանդալով։ Մոդիլիանիի ուշադրությունը և հատուկ վերաբերմունքը Աննայի նկատմամբ չի վրիպել Գումիլյովի աչքից, թեև նրանք վիճել են միանգամայն այլ պատճառով։ Մոդիլիանին Նիկոլայ Գումիլյովին կոպիտ դիտողություն էր արել։ Նկարչին հունից հանել էր այն, որ Գումիլյովը կնոջ հետ ռուսերեն էր խոսում։

Մոդիլիանիի կրակոտ ու կրքոտ կերպարը հայտնի էր փարիզյան շրջանակներում։ Նա տաքարյուն էր, անհետևողական, անսովոր հպարտ և հաճախ կարող էր վիճաբանություն սկսել ամենատարօրինակ բաներից։ Սակայն նրա հմայքի ուժն այնքան մեծ էր, որ հեշտությամբ ներում էին ամեն ինչի համար։ «Ռոտոնդա» սրճարանում բռնկված վիճաբանությունն էլ ներվել էր։ Ավելին, Աննա Ախմատովան շարունակել էր հանդիպել Մոդիլիանիի հետ մինչև մեկնելը։



Առաջին հանդիպումից շատ տարիներ անց, Աննա Ախմատովան իր հուշերում գրել է. «Երևի երկուսս էլ չհասկացանք մի էական բան. այն ամենը, ինչ կատարվեց, երկուսիս համար էլ կյանքի նախապատմություն էր. նրանը՝ շատ կարճ, իմը՝ շատ երկար։ Արվեստի շունչը դեռ չի ածխացրել, չի փոխակերպել այս երկու էություններին…»:

Ախմատովայի՝ հայրենիք վերադառնալուց հետո Մոդիլիանին բուռն կրքով լցված բազմաթիվ նամակներ է գրել նրան, որոնք անհետևանք չեն մնացել։ Դրանք մի կողմից ջերմացրել են բանաստեղծուհու սիրտն ու միտքը, մյուս կողմից՝ փչացրել ամուսնու հետ հարաբերությունները։

Աննան կրկին Փարիզ է մեկնել 1911 թվականին։

Երկրորդ հանդիպումն արդեն ավելի իրական էր ու իրատեսական։ Տուբերկուլյոզից ուժասպառ եղած Մոդիլիանին սարսափելի փոխվել էր, դեմքը մթնած էր, բայց դրանից նրա գրավչությունը բոլորովին չէր պակասել։ Նրանք միասին զբոսնել են Փարիզում և բանաստեղծություններ կարդացել։



Հիշելով այս զբոսանքները՝ Աննան ավելի ուշ գրել է. «Ամենից շատ խոսում էինք պոեզիայի մասին։ Երկուսս էլ ֆրանսիական պոեզիան լավ գիտեինք։ Երկու ձայնով կարդում էինք Վեռլեն և ուրախանում, որ երկուսս էլ նույն բանաստեղծություններն էինք անգիր հիշում։ Մոդիլիանին շատ էր ափսոսում, որ չէր կարողանում հասկանալ իմ բանաստեղծությունները, բայց վստահ էր, որ դրանցում ինչ-որ հրաշքներ են թաքնված, թեև դրանք իմ առաջին երկչոտ փորձերն էին»։

Ախմատովայի և Մոդիլիանիիի փարիզյան այս սիրավեպը տևել է երկու ամիս։Բանաստեղծուհու խոսքով՝ իրենք ոչ մի ֆիզիկական հարաբերություններ չեն ունեցել, քանի որ Ամադեոն այնքան աղքատ էր, որ ժամադրություններին որևէ հարմարության համար վճարելու գումար չուներ։



Նրանք թափառել են Փարիզի փողոցներում` թաքնվելով Մոդիլիանիի հին անձրևանոցի տակ։

Այս երկու տաղանդավոր մարդկանց միավորում էր իրերի ու երևույթների նկատմամբ իրենց յուրահատուկ վերաբերմունքը։ Մոդիլիանին հիացած էր Աննայի՝ մտքերը գուշակելու կարողությամբ, իսկ քսանամյա բանաստեղծուհին զարմացած էր Ամադեոյի՝ աշխարհն այլ կերպ տեսնելու ունակությամբ։

Մոդիլիանին այդ շրջանում տարված էր եգիպտական արվեստով և Ախմատովային հատուկ տարել էր Լուվր՝ ծանոթացնելու Եգիպտոսի հանդեպ ունեցած իր կրքոտ սիրո հետ։ Նա նույնիսկ նկարել էր Ախմատովային` եգիպտուհիների ոգով ու ոճով։



Այս սիրավեպից մնացին ոչ միայն հուշեր,այլ նաև Մոդիլիանիի` Ախմատովային պատկերած 16 դիմանկարները, որոնք բաժանվելիս նկարիչը նվիրել էր Աննային։ Ցավոք, հեղափոխական Ռուսաստանի արյունալի թոհուբոհի մեջ նկարներն այրվեցին հրդեհի ժամանակ։

Ախմատովային մնաց միայն մի գործ, որը, տնից տուն թափառելով, նա կախում էր իր մահճակալի գլխավերևում։

Նրանց առաջին հանդիպումից տասը տարի անց` 1920-ին, անհայտության ու աղքատության մեջ տուբերկուլյոզից 36 տարեկանում մահացավ Մոդիլիանին։ Ախմատովան նրա մահվան մասին իմացավ մեկ տարի անց՝ պատահական թերթելով հին ամսագիրը։ 1922 թվականին, Մոդիլիանիի անունը հայտնի էր ողջ աշխարհում, իսկ Աննա Ախմատովան շարունակում էր լռել իրենց սիրո մասին։



Եվ միայն կյանքի վերջում նա հատուկ երկյուղածությամբ ու ափսոսանքով պատմեց Փարիզում հանդիպած գեղեցիկ տղամարդու պատմությունը, որի մասին ոչ մի բանաստեղծություն չէր գրել, բայց նրանց բաժանումից հետո, իր ստեղծագործություններում հայտնվել էր խորը, թախծոտ, լուսավոր ու յուրօրինակ մի կարոտ։

Մոդիլիանին նույնպես լռել ու ոչինչ չէր պատմել Աննայի մասին, սակայն ստեղծել էր մի շարք նկարներ նրա կերպարով, որոնք աշխարհը տեսավ 1990-ականներին միայն։Մոդիլիանիի ցուցահանդեսում նրա հարյուր գործերից տասներկուսը Աննա Ախմատովայի դիմանկարներն էին։

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել